«Գիտուժ»․ Ինչպե՞ս փրկել գիտությունը կոլապսից

  05 March 2021  273 view
«Գիտուժ»․ Ինչպե՞ս փրկել գիտությունը կոլապսից

«Հզոր գիտություն՝ ուժեղ պետություն» կարգախոսով տեխնոլոգիական ոլորտի տասնյակ ձեռներեցներ 2020 թվականին հիմնադրեցին «Գիտուժ» նախաձեռնությունը։ Հայաստանում գիտության զարգացմանն աջակցող այս նախաձեռնությանն արդեն իսկ միացել են 130-ից ավելի ընկերություններ։

Նախաձեռնության հիմնադիր անդամ, SkyCryptor ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Ջիվանյանի հետ Erit.am–ը զրուցել է «Գիտուժ»-ի ստեղծման, նպատակների, Հայաստանում գիտության զարգացման և երիտասարդացման, ոլորտի խնդիրների մասին։

իտության զարգացմանն աջակցող նախաձեռնություն ունենալն ո՞ւմ միտքն էր։ Ովքե՞ր համախմբվեցին գիտությունը վերակենդանացնելու նպատակի շուրջ։

-Նախաձեռնության հեղինակները մի քանի IT ընկերությունների տնօրեններ են։ Իրականում «Գիտուժ»-ի համայնքը դեռ անցյալ տարի էր փորձում Կառավարության ուշադրությունը հրավիրել գիտության տխուր, ողբալի վիճակի վրա։ Մոտ 150 ընկերությունների ղեկավարներ նամակ էին ուղղել Կառավարությանը, բայց այն մինչև հիմա մնացել է անպատասխան։

Ակտիվ բարձրաձայնել ենք խնդրի կարևորության մասին, օրինակ՝  ինչու է գիտության վիճակը շատ տխուր, թվերով ենք ցույց տվել՝ ինչու 5 տարի հետո ՀՀ-ում այլևս չի լինի գիտություն։ Դա եղել է հանդիպումների, հարցազրույցների, տարբեր ֆորմատներով։ Պրոցեսն ընդհատվեց կովիդով ու հետո պատերազմով։

Պատերազմը շատ ավելի սուր ու ակնառու դարձրեց «Գիտուժ»-ի կարևորությունը, ցույց տվեց, որ մենք այլևս ժամանակ չունենք, գիտության զարգացումը նաև անվտանգության հարց է։

-Ինչպե՞ս են կապված գիտությունն ու բիզնեսը, և ինչո՞վ կարող են օգնել մեկը մյուսին։

-Առաջինը՝ գիտությունն անմիջական ազդեցություն ունի կրթության որակի վրա, իսկ բիզնեսն իր հերթին կախված է իր որակյալ աշխատողներից։ Հետևաբար, թե ինչ կրթություն կստանան այն մարդիկ, ովքեր հետո կդառնան աշխատող, կախված է գիտությունից։

Երկրորդ՝ կան կոնկրետ գիտելիքահենք բիզնեսներ, այսինքն՝ բիզնես, որի հիմնական արժեքը ստեղծվում է գիտական աշխատանքի հիման վրա։ ՀՀ-ում կան հաջող օրինակներ նման ընկերությունների։ Ցավոք, դրանք շատ չեն, բայց կարևոր է, որ մենք շեշտը դնենք հենց նման բիզնեսների զարգացման վրա։

-Change.org հարթակում մեկնարկել եք ստորագրահավաք, որին արդեն իսկ հազարավոր մարդիկ են միացել; Պահանջը գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների ավելացումն է։ Արդյո՞ք միայն այդ փոփոխությունը բավարար է գիտության զարգացմանը զարկ տալու համար։

-Ոչ թե բուն ավելացված բացարձակ գումարն է փոխելու ու գիտության զարգացումը նոր ուղու մեջ դնելու, այլ առաջին հերթին այն ազդակը, որն ուղղելու է Կառավարությունը՝ ցույց տալով, որ հանձն է առնում երկարաժամկետ պատասխանատվություն գիտության զարգացման համար։

Ամենակարևորը հանձնառություն ստանձնելն է, իսկ դրա համար պետք է կտրուկ քայլեր անել, որոնցից մեկն էլ ֆինանսավորման ավելացումն է։ Ավելացված միջոցներն ուղղվելու են կոնկրետ ծրագրերի, որոնք այս պահին ունեն կենսական նշանակություն մեր երկրի համար։ Իհարկե դրանով Հայաստանը չի դառնալու թոփ 10 զարգացած գիտություն ունեցող երկրներից մեկը, բայց դա է անհրաժեշտ առաջին քայլը, որը թույլ կտա փոխել գիտության զարգացման ընթացքը, կոլապսից փրկել այն։

-Ի՞նչ կասեք մասնագիտական ներուժի մասին։ Բավարար քանակի մասնագետներ ունե՞նք, նրանց մրցունա՞կ են։

-Մեր մասնագետները մրցունակ են, կարելի է օբյեկտիվ, թվերով ցույց տալ, բայց սա չի նշանակում, որ մենք ունենք բավարար թվով մրցունակ գիտնականներ։ Ֆինանսների ավելացման դեպքում առաջին իրականացվելիք ծրագրերից մեկը լինելու է արտերկրում ասպիրանտուրան ավարտած հայ երիտասարդ գիտնականների ներգաղթը կազմակերպելը, նրանց համար ՀՀ-ում աշխատելու հնարավորություններ ստեղծելը։

Ամեն տարի մոտ 100 հայ երիտասարդ գիտնական արտերկրում անցնում է postdoc-ի (Postdoctoral fellowship-հետդոկտորական կրթաթոշակային ծրագիր,- հեղ․) փնտրտուքի ճանապարհով, փնտրում աշխատավայր աշխարհով մեկ։ Եթե ՀՀ-ում մենք ներդնենք postdoc-ի համակարգ, որը լինի մրցունակ վարձատրությամբ, ապա հնարավորություն կունենանք բարձրագույն կրթություն ստացած, լայն աշխարհայացք, կապեր ունեցող, հայտնի լաբորատորիաներում ժամանակակից գիտական խնդիրներով զբաղվող երիտասարդների ներգաղթ ապահովել Հայաստան։ Սա այն ծրագրերից մեկն է, որին ուղղվելու են ավելացված գումարները։

-Մեր գիտնականների 40 տոկոսը կենսաթոշակային տարիքի են։ Գիտության երիտասարդացման համար ի՞նչ քայլեր է պետք իրականացնել։

-Գիտություն մուտք գործելն այն որոշումը չէ, որ մի օր կայացնես ու շատ հանգիստ կարողանաս երկրորդ օրը կամ մեկ տարի հետո փոխել․երկարաժամկետ հանձնառություն է։ Երիտասարդը դա կանի միայն այն դեպքում, եթե ինքն էլ պետության կողմից տեսնի ոլորտը զարգացնելու երկարաժամկետ հանձնառություն։ Ոչ ոք չի մտնի մի ոլորտ, որի ապագան անկանխատեսելի է։

Խոսքը միայն ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների ավելացման մասին չէ, այլ պատասխանատվության ու այն մեսիջի, որը պետությունը կուղղի գիտական համայնքին։ Միայն դրական ակնկալիքի դեպքում կարելի է խոսել, օրինակ՝ երիտասարդ գիտնականների ներգաղթի մասին։

Եթե դրական ակնկալիքները լինեն, հաջորդ կարևոր խնդիրը դառնում է գումարը։ Եթե գումար չկա, այսինքն՝ գիտությամբ զբաղվողը ստանալու է 100 հազար դրամ, իսկ խանութում աշխատող վաճառողը՝ 200 հազար դրամ, ուղղակի հնարավոր չի լինի մտնել այդ ոլորտ։

-Ֆինանսական և այլ խնդիրների լուծումից հետո ի՞նչ պահանջներ պետք է դնի պետությունը գիտության առաջ։ Որո՞նք են հետպատերազմյան Հայաստանի խնդիրները, որոնց լուծմանը կարող են նպաստել գիտական առանձին ծրագրերը։ 

-Սխալ է ասել՝ պետությունն ինչ պահանջ պիտի դնի։ Պետությունն իրավունք ունի պատվեր իջեցնելու գիտնականներին, բայց դրա համար առաջին հերթին պիտի ստեղծի գիտական մրցունակ ենթակառուցվածք, այսինքն՝ պիտի լինեն որակով մարդիկ, որ պետք եղած ժամանակ էլ պատվեր իջեցնես, ու հնարավոր լինի այդ պատվերն իրականացնել։ Կարևորը ոչ թե պահանջ դնելն է, այլ գիտական ենթակառուցվածք ստեղծելն ու զարգացնելը, քանի որ այն շատ մեծ դեր կարող է ունենալ ինչպես բիզնեսի, այնպես էլ անվտանգության համակարգերի համար։

Իմ կարծիքով՝ պետք է սահմանել մի քանի տասնյակ ուղղություններ, որոնք մոտակա 10 տարիների ընթացքում ամենակարևոր դերը կարող են ունենալ տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև սահմանել այն գիտական ուղղությունները, որոնք մեծ դեր ունեն կրթական համակարգի բարելավման գործում, հետո նոր աշխատել այդ թիրախային ուղղությունների զարգացման վրա։ Ներկա պահին կոնկրետ օրինակներ նշելը մի փոքր բարդ է, բայց ինձ թվում է՝ առաջիկա ծրագրերից մեկը պետք է լինի մեր կարիքների ու հնարավորությունների քարտեզագրումը, որից հետո միայն կհասկանանք՝ ինչի վրա է պետք շեշտը դնել, որտեղ է պետք ավելի մեծ ներդրումներ անել։

-Գիտության կոմիտեի հետ ի՞նչ համագործակցություն ունի նախաձեռնությունը։

-Որպես այդպիսին՝ համագործակցություն չկա, կա փոխըմբռնում ու կա առողջ քննարկում կոմիտեի հետ։ Կա փոխհամաձայնություն, թե պահանջը որքանով է հիմնավորված, ու կա քննարկում, թե ինչ ծրագրեր կարելի է իրականացնել հատկացումների ավելացման դեպքում։

-Հատկացումների ավելացման պահանջից բացի ի՞նչ ծրագրեր ունի նախաձեռնությունը, ո՞ր ուղղություններով եք աշխատանք տանելու առաջիկայում։

-«Գիտուժ»-ի պահանջը հետևյալն է՝ գիտական համայնքին ուղղել հստակ մեսիջ, որ գիտության զարգացումն առաջնահերթություն է Կառավարության համար, իսկ դա կարելի է անել ոչ միայն խոսքով, այլև կոնկրետ օրենսդրական ակտեր ստորագրելով, այս տարվա բյուջեի հնարավորությունների չափով ֆինանսավորումն ավելացնելով, ինչը թույլ կտա սկիզբ դնել նոր ծրագրերի։

Ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ նախարարի, պատգամավորների հետ։ Մեզ մոտ տպավորություն էր, որ կա փոխըմբռնում, որ կոնկրետ քայլեր կիրականացվեն այս ուղղությամբ, բայց մինչ օրս չկա որևէ արձագանք։

Կառավարությունը պիտի հանձնառություն ստանձնի ոլորտը զարգացնելու ու պիտի անի կտրուկ քայլեր։ Մենք դեռ այդ նպատակին չենք հասել։ Այս պահին այդ հարցն է մեզ համար օրակարգային։

«Գիտուժ»-ը համարում է, որ Կառավարությունն անտեսել է իր պահանջները։ Եվ մենք պլանավորում ենք մեր հետագա քայլերը։

Զրույցը՝ Աննա Կարապետյանի

Լուսանկարները՝ Արամ Ջիվանյանի անձնական արխիվից

In topic