Արալեզ և Արծիվ․ հավերժական կյանքի խորհուրդը․ Տիգրան Գրիգորյան

  22 March 2021  1433 view
Արալեզ և Արծիվ․  հավերժական կյանքի խորհուրդը․ Տիգրան Գրիգորյան

Նոր աշխարհն իր շարունակական կերպափոխումների հորձանուտում գծագրում է ապագայի ուղենիշները։ Այդ դրսևորումները մեծ հաշվով պայքար են տարածության և ժամանակի դեմ, որով մարդն անհույս ճիգեր է գործադրում բնության հետ` նոր սահմանագծեր հաստատելու համար։ Այսու անհատը՝ սովոր այլևս ծրագրելու իր և իրերի աշխարհի ընթացքը, կանգ է առնում ամենամեծ առեղծվածի առաջ։

«Մահը»

Քրիստոնեական մշակույթում մահն ընկալվում է իբրև խորին իմացության մեջ թաղված գերբնական գաղտնիք։ Մարդն, ընդունելով մկրտության խորհուրդը և հաղորդ լինելով խոսքին, հաղթահարում է խավարի աշխարհը։ Մահվան հակադիր բևեռը հավերժական կյանքն է կամ լույսի աշխարհը։ Քրիստոնեական վարդապետության մեջ այս երևույթը մեկնաբանվում է «Փրկագործության» գաղափարի համատեքստում, ինչ էլ իր հերթին մասն է կազմում «Ապաշխարհության» խորհրդի։ Միջնադարում մահվան գաղափարը իթիվս այլ սահմանումների մեկնաբանվում և դասակարգվում էր համաձայն անտիկ սկզբունքի. ըստ պատահականության, ըստ անհրաժեշտության և ըստ բնական պատճառների։ Մեծ փիլիսոփա Զենոնին վերագրվող մի տրակտատում կարդում ենք. «Իսկ մահ է լուծումն զգայութեանց եւ քակտումն եւ որոշումն նիւթոցն, զի է, որ պատահմամբ՝ ըստ խառնիցն եւ է, որ բնական՝ ըստ կրիցն։ Եւ լինի պատահումն ըստ ժամանակի ի պատերազմի, կամ յայլ որոգայթի, կամ յախտից հիւանդութենէ ի մեջ կենացն ծախի»։ Ընդ որում՝ դասակարգման այս սկզբունքը մեկնակետ է վերցրել Պլատոնի այն հայեցումը, որով մահը դիտվում էր որպես «հոգու անջատում մարմնից»։ Միջնադարի հայ իմաստասիրական և աստվածաբանական միտքը (Անանիա և Գրիգոր Նարեկացիները, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և այլք) պարբերաբար արծարծել է «մահվան» գաղափարը։

Որպես կանոն՝ քրիստոնեական արվեստը սնվում է այս աստվածաբանական հայեցակարգերից և ստեղծում գաղափարական կառույցների պատկերագրական արտացոլանքը (կոնցեպտ)։ Սրա լավագույն վկայություններն են միջնադարում լայնորեն տարածված բազմաթիվ խորհրդանշանները, որոնք սփռված են Քրիստոնյա Արևելքից մինչև հյուսիսային Աֆրիկա, Իսպանիա, Սկանդինավներ, Ռուսիա և ունեն համամարդկային նշանակություն։ Այդ խորհրդանշանների թվում է «Ճանկող արծվի» պատկերը, որ X դարից սկսած բազմաթիվ վայելուչ օրինակներով կարելի է տեսնել նաև հայկական ճարտարապետության մեջ։ Համաձայն աստվածաբանական մեկնութունների՝ որսը ճանկերի մեջ առած արծիվը խորհրդանշում է հոգեփրկչական ակտը։ Այն հանդես է գալիս որպես կերպարանափոխված հրեշտակ, որը «Ահեղ դատաստանի» ժամին պիտի հափշտակի և երկնային արքայություն տանի հանգուցյալի մարմինը (Մաթևոսյան․ 2017)։ Այս գաղափարը վկայաբերվում է Մատթեոսի Ավետարանում, որում Քրիստոս ասում է. «Որտեղ որ դիակն է, այնտեղ կհավաքվեն արծիվները» (Մատթ ԻԴ։28)։ Իրավացիորեն՝ միջնադարի կրոնական պատկերացումներում առկա է Քրիստոսի-արծվի-արեգակի նույնականացման սկզբունքը, որը երբեմն արևելաքրիստոնեական արվեստում Փրկչին կերպարանավորում է հավերժ երիտասարդությունը նորոգող և երկնքի տիրակալի՝ արծվի սիմվոլով։ Դարերի ընթացքում արմատացած այս պատկերացմն ըստ երևույթին խարսխվել է այն սաղմոսի վրա, որտեղ ասվում է․ «Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո»։ Արծվի խորհրդաբանական կերպարը հասկանալու համար աստվածաշնչյան բնագրին զուգահեռ հույժ հետաքրքրական է նաև վաղմիջ­նա­դար­յան կարևոր սկզբնաղբյուր հան­դիսացող «Բարոյախոս» (հայերեն վաղ թարգմանություններից է՝ հավանաբար 5-րդ դարի առաջին կես) ժողովածուում հիշտակվող զրույցը․ «Բարուախաւսն ասէ վասն արծուոյ, թէ յորժամ ծերանայ, և ծանրանան թևքն նորա, և շլա­նան աչքն նորա, ապա երթայ խնդրէ աղբեր ջրոյ և թռչի յաղբերէն ընդ աւդս և վերա­նայ ի բարձրութիւն արեգականն այնչափ, մինչև խա­րա­կէ զթևս և զաչացն շլութիւն թափէ և իջանէ յաղ­բիւրն երիցն անգամ մկրտի և դարձեալ մանկանայ»։ Այս երկի մեկնությունը թույլ է տալիս ենթադրել, որ ինչպես Դավթի սաղմոսում, այնպես էլ Բարոյախոս ժողովածուում արծվի կերպարը համաբանվում է Քրիստոսի համբարձման խորհրդանիշ՝ հավերժ ե­րի­տա­սարտդությամբ օժտված թռչնի հետ։ Արծվի առասպելական կերպարը լայնորեն տա­րածված է եղել նաև միջնադարյան Հայաստանի ժո­ղովրդական հավատալիքներում։ Ինչ վերաբերում է այս թռչուն­նե­րի պատկերման ավանդույթին, ապա ճարտարապետության մեջ «Ճանկող արծվի» մեզ հայտ­նի հնա­գույն քանդակը գտնվել է Վասպուրականում՝ Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու պատ­կե­րա­գրական հա­մա­կարգում (915-921 թթ.), այնուհետև Անիի Մայր տաճարի գլխավոր մուտքի վերնա­մա­սում (1001թ.): Հետևելով հուշարձանների ստեղծման ժամանակագրությանը՝ կարող ենք ենթադրել, որ արծվի խորհր­դա­նշանն ավելի վաղ, քան X դարը տարածված չի եղել հայկական վանական միջա­վայ­րում։


«Ճանկող արծիվ» (XIII դար) Գեղարդի վանական համալիր

Սակայն հարց է ծագում, թե մինչև «Ճանկող արծվի» խորհրդանիշի թափանցումը հայ միջնադարյան մշակույթ, ի՞նչն է փոխարինել հանդերձյալ աշխարհի այս առասպելական թռչնին։ Փոքր Ասիայի (Հայկական բարձրավանդակի) նախաքրիստոնեական շրջանի հավատալիքներում լայն տարածում ունեին Արալեզները՝ շնակերպ արարածները, որոնք նույն հոգեփրկչական (մեռյալներին հարություն տալու, հոգին հանդերձյալ աշխարհ փոխադրելու) գործառույթն ունեին հին աշխարհում։ Արալեզների (շների) մասին կան նշանավոր հիշատակություններ, որոնց մի մասը տեղ են գտել մատենագիրների երկերում։ Հայկական միջավայրում վաղագույն արմատներ ունեցող Արալեզների մասին պատկերացումը և պաշտամունքը լոկ էթնիկ հավատալիքների դրսևորում չէր։ Հետևաբար նախ կանդրադառնանք այդ առասպելական էակների ծագման հարցին՝ համառոտ շարադրելով որոշ մանրամասներ։

Հետաքրքիր է այն, որ դեռևս որևէ հայկական հուշարձանի վրա «Արալեզի» պատկեր և անվանական արձանագրություն չի հայտնաբերվել։ Հետևապես այս «եզրը» նախևառաջ պետք է մեկնաբանել բանասիրության տեսանկյունից, քանի որ միայն գրավոր աղբյուրների նկարագրության հիման վրա կարող ենք պատկերացում կազմել Արալեզների մասին։ Արդ հարկ է նշել, որ այս խառնածին էակները ծագում են շների պաշտամունքից, որոնք էլ իրենց հերթին սերում են գայլերի արխայիկ սրբազնացման ավանդույթներից (Pang, Kluetsch…2009)։ Հնդեվրոպական ժողովուրդների կյանքում գայլերի պաշտամունքը վկայող մի շարք հնագիտական հուշարձաններ կան, որտեղ ակնառու են այս կենդանիների սակրալիզացման երևույթները։ Դրանք անմիջականորեն մատնանշում են մեռնող և հարություն առնող բնության մասին արխայիկ պատկերացումները և դրանց նվիրված ծեսերը։ Հնագիտական աղբյուրներից բացի, ավելի մեծ քանակությամբ ու բովանդակությամբ նյութ պարունակում է առասպելաբանությունը, որը թե՛ հայկական, հնդիրանական, միջագետքյան, և թե՛ եգիպտական ու հունահռոմեական դիցաբանության մեջ ներկայացնում է գայլերի, շների մասին եղած առասպելական պատումները (Альтман 1937, Հարությունյան 2018): Դրանց գերակշիռ մասում գայլերը, շները (շնակերպ արարածները) կապվում են հանդերձյալ աշխարհի հետ, իսկ վերոհիշյալ առասպելներում հիշատակված կենդանիների մի մասը անմիջականորեն մասնակից է դառնում հոգեփրկչական ակտին՝ հոգիների հանդերձյալ աշխարհ փոխադրման միստիկական ծեսին (Ղափանցյան 1945)։ Հայկական միջավայրում մեռյալներին հարություն տվող, հոգիները հանդերձյալ աշխարհ փոխադրող առասպելական արարածների՝ Արալեզների մասին խոսում են մի շարք կարևոր սկզբնաղբյուրներ։ Վաղմիջնադարյան մատենագրությունը հստակորեն արտացոլում է հայոց հին աշխարհհայացքում արմատավորված շնակերպ արարածների մասին ընկալումները։ Դրանք անուղղակի կերպով արձանագրվել են իբրև նախաքրիստոնեկան փուլից վաղ միջնադար փոխադրված, անցումային շրջանում դեռևս կենսունակ կուռքեր, որոնք պահպանել էին իրենց ծիսապաշտամունքային ավանդույթը նորադարձ հայ քրիստոնյաների հոգևոր կյանքում։ Այս տեսակետը լրացնում է նաև մեծանուն արվեստի պատմաբան Անդրե Գրաբարը. նա կարծում էր, որ ընդհանրապես ամենավաղ քրիստոնեական պատկերները հայտնվել են 200 թվականից հետո միայն (Grabar 1979)։ Այսինքն՝ մինչև իկոնոգրաֆիայի և խորհրդանիշների ի հայտ գալը, քրիստոնեական համայնքների և առհասարակ պարզ ժողովրդի կյանքում կիրառելի նշանակություն ունեին հեթանոսական կուռքերը։ Այդ պատկերները I – III դարերում արդեն մեկնաբանվում էին քրիստոնեական դավանաբանության համատեքստում։

Արալեզների մասին հիշատակությունները պահպանվել են հետևյալ սկզբնաղբյուրներում


Ինչպես ասացինք վերոնշյալ հատվածում, այս կենդանական մոտիվները բնորոշ են առավելապես Հայաստանի նախաքրիստոնեական շրջանին: Պատմահայր Խորենացու փոխանցմամբ «Արա-Շամիրամյան» առասպելում Արալեզները (Խորենացին իր պատմության մեջ ուղղակիորեն այս անունը չի շեշտում, հավանաբար միտումնավոր կերպով) Շարմիրամի հրամանով պատերազմում զոհված Արայի դին պետք է լիզելով կենդանացնեին։ Այս տեսարանը կրկնվում է նաև Փավստոս Բյուզանդի պատմության մեջ, երբ նկարագրում է Մուշեղ Մամիկոնյան սպարապետի մահը և հուղարկավորումը, որտեղ ևս հայտնվում է Արալեզի մոտիվը։ Ծեսի նպատակն էր այդ էակների միջոցով հարություն տալ զորավարի անկենդան մարմնին (այն է՝ փրկեին հոգին և կենդանացնեին դիակը)։ Միֆական դրվագների նմանությունը «Արա-Շամիրամյան» առասպելի և Մուշեղ Մամիկոնյանի պատմության միջև ակնհայտ է։ Սա վկայությունն է, անշուշտ, վաղքրիստոնեական շրջանում իր նշանակությունը պահպանած Արալեզի կերպարի և դրա ծիսա-պաշտամունքային գործառույթի մասին։ Եզնիկի եղծման մեջ այս երևակայական արարածները (ընդգծում է, որ դրանք սերվել են շներից) դիտարկվում են բազմաստվածության համակարգում՝ մերժվելով և համարվելով սին պատկերացումներ։ Արալեզները՝ որպես միֆական կերպարներ, հանդես են գալիս անգամ Դավիթ Անհաղթի երկում, որտեղ մասնավորապես ասվում է․ «Յիշողութեանցն ոմանք անգոյք, որպես եղջերուաքաղն և արալէզն»․ նաև՝ «ոմանք անուանեալք և ոչ ենթակացեալք, որպէս արալէզն» (Անհաղթ, Սահմանք․․․ 1833)։ Ինչ վերաբերում է Սեբեոսի պատմության մեջ տեղ գտած հիշատակությանը, այն կրկնում է Խորենացու բնագրի համապատասխան հատվածը։ Լիզելով մեռելին հարություն տալու դրվագը մատենագիրների կողմից միանշանակ դիտվում է որպես հեթանոսական ծիսակարգ։ Եթե հաշվի առնենք այն, որ այս պաշտամունքային տարրը տրամաբանորեն կապվում էր հեթանոսական թաղման արարողակարգին, ապա կարելի է ենթադրել, որ Քրիստոնեության շրջանում մուտք գործած թաղման կանոնական ծեսը ամբողջապես մերժեց թե՛ այդ հեթանոսական ծիսակարգը (որը կար մինչև նոր կրոնը), և թե՛ այդ ծիսակարգի մասը կազմող առասպելական բանահյուսական դրվագները (Շմիդտ 1996)։ Եթե փորձենք համեմատել «Ճանկող արծվի» և «Արալեզների» խորհրդաբանական կերպարները, ապա հավանական ընդհանրություններ կնշմարվեն արծիվների և միֆական շների միջև։ Այս կապն ականռու է դառնում, երբ փորձում ենք զուգահեռել խորհրդանիշների ստանձնած դերը առասպելներում և աստվածշնչյան բնագրերում։ Արդեն նշել ենք Մատթեոսի Ավետարանի այն միտքը, որտեղ Քրիստոս ասում է. «Որտեղ որ դիակն է, այնտեղ կհավաքվեն արծիվները» (Մատթ ԻԴ։ 28)։ Սակայն Ղուկասի Ավետարանում, հանդիպում է ուշագրավ մեկ այլ հիշատակություն, որտեղ հայտնվում է շան դրվագը (Ղուկաս ԺԶ։ 21)։ Ղուկասի Ավետարանից պարզ է դառնում, որ սեմական ժողովուրդների հավատալիքներում ևս տարածված է եղել այն մտայնությունը, թե շները վերքեր են լիզել և բժշկել մարդկանց (Աղքատ Ղազարոսի պատմութիւնը)։ Իսրայելի ցեղերի մոտ փրկագործության [բժշկության] հարության գաղափարախոսության մեջ նույնքան նշանակալի դեր էր հատկացված շան խորհրդապաշտական կերպարին, որքան Հին Արևելքի մյուս ժողովուրդների մոտ։ Այս խորհրդանիշների գործառնական նմանության ևս մեկ օրինակ է այն, որ Արալեզները վերևից են իջնում և հարություն տալիս մեռյալին՝ ինչպես արծիվը, որը հիշատակվում է որոշ վարդապետական երկերում (Ալիշան 1910): Այս դրվագները համադրելով՝ կարելի վերականգնել այն համապատկերը, որն արտացոլում է հեթանոսությունից անցումը դեպի Քրիստոնեությանը։ Ըստ էության, երբ առասպելական շան կերպարին փոխարինելու է գալիս «Ճանկող արծվի» խորհրդանիշը։

Այսպիսով՝ ականատես ենք դառնում քաղաքակրթական մի ուշագրավ բախման, որի արդյունքում առճակատում են իրար հակոտնյա պաշատմունքային համակարգերը։ Քրիստոնեության մոնթեիստական վարդապետությունը և վաղնջական ծագում ունեցող պանթեիզմը հանդիպում են միմյանց իբրև հակակշիռներ և ինչից, անշուշտ, սկիզբ է առնում պատերազմը։ «Հայոց հին վեպը», որ հասել է մեզ վաղ միջնադարի պատմիչների հաղորդմամաբ, ներկայացնում է այս պայքարը՝ որպես առասպելական գծերով հարստացած պատմական մի առանցքային շրջափուլ (Մամիկոնյան 1989)։ Ըստ երևույթին՝ պատումների այդ փունջը խորհրդանշում է նաև հին և նոր համակարգերի հաջորդումը, որտեղ փոփոխության են ենթարկվել հասարակական աշխարհայացքի մաս կազմող առասպելական տարրերը, դրվագները և առանձին կերպարները։ Կարելի է ենթադրել, որ ընդհուպ մինչև հասուն միջնադար ձգվում է համակարգային այս հակադրումը, որը բազմադարյա պայքարից հետո ի վերջո լուծվում է քաղաքակրթական երկխոսության միջոցով (Օրմանեան 1911)։ Հակառակ առճակատման տրամաբանությանը՝ եկեղեցին գտնում է հասարակական դաշնության բանալին, որով քրիստոնեական վարդապետությունը ստանում է ազգային նկարագիր և անուղղակի կերպով պահպանում իր բացառիկ անկախությունը։

Հեղինակ՝ Տիգրան Գրիգորյան

1. Դավիթ Անհաղթ, Սահմանք իմաստասիրութեան, Վենետիկ 1833։
2. Ղևոնդ Ալիշան, Հին հավատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վենետիկ 1910։
3. Մաղաքիա Օրմանեան, Հայոց եկեղեցին, Կոստանդնուպոլիս 1911։
4. Գրիգոր Ղափանցյան, Արա Գեղեցիկի պաշտամունքը, Երևան 1945։
5. Հովհաննես Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Երևան 1989։
6. Անդրեա – Բարբարա Շմիդտ, Հայոց թաղման ծեսը մահացածների պաշտամունքի հին քրիստոնեական հավատալիքների շրջանակում, Գանձասար Զ, Երևան 1996։
7. Կարեն Մաթևոսյան, Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները, Երևան 2017։
8. Սարգիս Հարությունյան, Հայակական առասպելաբանություն, Երևան 2018։
9. Моисей Альтман, Греческая мифология, Ленинград 1937.
10. André Grabar, Les voies de la création en iconographie chrétienne։ Antiquité et Moyen Âge, Paris 1979.
11. J․ Pang, C․ Kluetsch․․․, mtDNA Data Indicate a Single Origin for Dogs South of Yangtze․․․, Molecular Biology and Evolution, Vol. 26, Issue 12, 2009.

 

In topic