Պարբերաբար հետազոտվել, առողջ սնվել ու հրաժարվել վնասակար սովորություններից․ Խորհուրդներ՝ բժիշկ–ուռուցքաբանից

  30 March 2021  549 view
Պարբերաբար հետազոտվել, առողջ սնվել ու հրաժարվել վնասակար սովորություններից․ Խորհուրդներ՝ բժիշկ–ուռուցքաբանից

30–ամյա Միքայել Առուստամյանը ճառագայթային ուռուցքաբան է։ 2019թ․–ից, ավարտելով ուռուցքաբանություն մասնագիտությամբ օրդինատուրան, աշխատում է «ԻՐԱ Մեդիկալ Գրուպ»–ում։ Երիտասարդ մասնագետը մի շարք վերապատրաստումներ է անցել Շվեյցարիայում, Իսպանիայում, Վրաստանում։ Նրա հետ զրուցել ենք ճառագայթային թերապիայի ազդեցության, ուռուցքաբանական հիվանդություններին նախատրամադրող գործոնների մասին։

–Ինչպե՞ս է ճառագայթումը  նպաստում ուռուցքային հիվանդության բուժմանը։

–Ուռուցքային հիվանդությունների բուժման երեք հիմնական տարբերականեր կան՝ վիրահատականը, ճառագայթային բուժումն ու քիմաթերապիան կամ դեղորայքային բուժումը։ Ճառագայթային թերապիան այս երեք հիմնական բուժման ուղղություններից մեկն է։ Այսինքն, այն կարող է լինել ինչպես բուժման ինքնուրույն տարբերակ, այնպես էլ՝ կոմպլեքսային բուժման կոմպոնենտներից մեկը։ Կախված հիվանդության փուլից այս թերապիան կարող է լինել նախավիրահատական փուլում կամ նշանակվել վիրահատությունից հետո։ 

Ճառագայթային բուժումն ունի տեղային ազդեցություն, ի տարբերություն քիմապրեպարատների, որոնք արյան միջոցով տարածվում են ամբողջ օրգանիզմով։ Իր բնույթով կարող ենք այն նմանեցնել վիրահատությանը։ Իոնիզացնող ճառագայթումը տեղային ազդում է ուռուցքային բջիջների վրա ու բերում դրանց ոչնչացման։

Այս բուժման դեպքում մարմնի մեկ  հատվածի վրա սովորաբար նշանակվում է մեկ կուրս։ Շատ հազվադեպ է, երբ նույն հատվածի վրա կրկնակի ճառագայթում է արվում։ Մեկ կուրսը միջինում ներառում է 25–30 սեանս՝ ամենօրյա ռեժիմով։

–Կա՞ն  կողմնակի ազդեցություններ ճառագայթային թերապիայի դեպքում։

Բնականաբար, կան կողմնակի ազդեցություններ։ Չնայած պետք է նշեմ, որ ժամանակակից բուժասարքերը հնարավորություն են տալիս ճառագայթել միայն թիրախը՝ փորձելով մաքսիմալ պաշտպանել շրջական առողջ հյուսվածքները։ Բայց ամեն դեպքում կողմնակի ազդեցություններ կան ու դրանք տարբեր են ճառագայթվող հատվածի հետ կապված։

–Մեզ մոտ բազմաթիվ հիվանդություններ սկսել են երիտասարդանալ, ի՞նչ վիճակ է ուռուցքային հիվանդությունների առումով։ Կա՞ ինչ–որ վիճակագրություն կամ ձեր փորձով ինչ եք նկատում։ 

–Վերջին շրջանում լինում է, որ ավելի երիտասարդ տարիքում ենք հայտնաբերում քաղցկեղը, բայց դա պայմանավորված է ոչ միայն հիվանդության երիտասարդացմամբ, այլև այսօրվա դիագնոստիկ հնարավորություններով։ Մի շարք դեպքերում կան ուռուցքային գործընթացներ, որոնց զարգացումը կարող է բավականին երկար տևել ու նախկինում հետազոտության մեթոդները թույլ չէին տալիս այն վաղ, ձևավորման փուլում հայտնաբերել ու դրանք հայտնաբերվում էին ավելի ուշ շրջաններում, իսկ հիմա հնարավոր է լինում հայտնաբերել վաղ փուլում ու բուժումն էլ, հետևաբար, ավելի լավ արդյունքներ է տալիս։

–Նշեցիք վաղ հայտնաբերման հնարավորությունների մասին, բայց մեզ մոտ, այնուամենայնիվ, ընդունված չէ ինչ–որ պարբերականությամբ ընդհանուր ստուգումների գնալ։

–Որոշ հիվանդությունների դեպքում, ինչպես օրինակ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղը, հստակ կան ցուցումներ։ Ամեն կին 40 տարեկանից հետո տարին մեկ անգամ պետք է անցնի մամոգրաֆիա, տղամարդիկ պետք է շագանակագեղձի քաղցկեղի օնկոմարկեր հանձնեն։ Վերջին շրջանում նկատում ենք, որ որոշակիորեն ձևավորվում է պարբերաբար ստուգումներ անցնելու մշակույթը։

Եթե վիճակագրական տվյալները վերլուծում ենք, վաղ շրջանում հայտնաբերվող ուռուցքային հիվանդությունների թիվը մեզ մոտ գնալով ավելանում է ու նվազում է վերջին փուլում հիվանդության հայտնաբերման ցուցանիշը։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ հիմա մի շարք կազմակերպություններում ներդրվում է առողջապահական ապահովագրություն ու մարդիկ դրա շրջանակներում գնում են ստուգումների։ Բնականաբար, ինչքան վաղ փուլում է հայտնաբերվել հիվանդությունն, այնքան հետագա բուժման արդյունքներն ավելի դրական են լինում։

–Դուք էլ հանդիպած կլինեք հիմնականում սոցիալական ցանցերով տարածվող հրապարակումների՝ քաղցկեղը կոճապղպեղով կամ կիտրոնի հյութով բուժելու մասին։ Որպես բժիշկ՝ ի՞նչ կասեք այս մասին, ինչպե՞ս մարդիկ չվնասեն իրենց։

–Միանշանակ խորհուրդ կտամ, որ ցանկացած տիպի ոչ ապացուցողական բժշկության մեթոդներ չկիրառեն։ Ցավոք, մենք հիմա էլ ունենք այդպիսի պացիենտներ, ովքեր գալիս են մեզ մոտ բավականին ուշ փուլում, քանի որ մինչ այդ փորձել են ոչ ավանդական բժշկությանը դիմել։ Հավաքում ես հիվանդության պատմությունն ու հասկանում, որ վերջին մի տարին բուժվել է, այսպես ասած, ինչ–որ «սնխչիի» մոտ ու այս փուլում դու հիվանդին արդեն չես կարող օգնել կամ օգնությունը կարող է լինել չնչին։

Երբ պացիենտին հարցնում ես, ասում է՝ «բժիշկ ջան, դե գնացել եմ այդ մարդու մոտ, ինքն էլ է սպիտակ խալաթով, դու էլ, սերտիֆիկատներ ունի կախված ու այնպես համոզիչ է ասում՝ սա ի՞նչ է, որ մենք չկարողանանք բուժել» ու մարդիկ հավատում են դրան։

Այստեղ, այո, կա պացիենտի գիտակցության խնդիրը, բայց մյուս կողմից էլ, մարդը փնտրում է բուժման բոլոր տարբերակներն ու այս առումով, կարծում եմ, կա պետության ֆունկցիան, որը պետք է նման մարդկանց գործունեությունը կամ այսպիսի նյութերի տարածումը մաքսիմալ արգելի։ 



–Քաղցկեղի ծագումնաբանությունը լիովին պարզ չէ, բայց, այնուամենայնիվ, կա՞ն զուտ կենցաղային մակարդակի խորհուրդներ ուռուցքային հիվանդությունների առաջացումը մաքսիմալ կանխարգելելու կամ, գոնե, դրանց չնպաստելու համար։

–Միանշանակ կան ռիսկի գործոններ, որոնք բարձրացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Ամենաառաջինը ծխելն է․ միանշանակ ապացուցված է, որ ծխելը գրեթե բոլոր քաղցկեղների ժամանակ, իհարկե, ավելի շատ թոքի քաղցկեղի դեպքում, ունի մաքսիմալ բացասական ազդեցությունը։

Աղեստամոքսային տրակտի քաղցկեղների դեպքում ապացուցված է, որ մարդիկ, որոնք օգտագործում են հիմնականում ոչ առողջ, կանցերոգեններով, հավելումներով սնունդ և բուսական սնունդ գրեթե չեն օգտագործում, էլի ռիսկի գոտում են։

Եթե ընդհանրացնեմ, ռիսկայնությունը նվազեցնելու համար մարդուն պետք է հրաժարվել վնասակար սովորություններից, առողջ սնվել։

Կան նաև գենետիկ որոշակի նախատրամադրող գործոններ։ Այսինքն մարդիկ, ովքեր ունենք ժառանգական նախատրամադրվածություն քաղցկեղի առաջացման առումով, պետք է ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, պարբերաբար ստուգումներ անցնեն։

Ուզում եմ անպայման ընդգծել՝ ժառանգական գործոնով քաղցկեղի առաջացումը բացարձակ պարտադիր չէ, պարզապես այդ մարդիկ ապահովության համար պետք է մի փոքր ավելի ուշադիր լինեն։

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Մանե Բաղդասարյանի

In topic