Ինչպե՞ս է համավարակը փոխել աշխատող մայրերի առօրյան. հետազոտություն

  31 March 2021  122 view
Ինչպե՞ս է համավարակը փոխել աշխատող մայրերի առօրյան. հետազոտություն

Գաղտնիք չէ, որ COVID-19 համավարակն ամբողջ աշխարհում անդրադարձել է երկրների սոցիալ-տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտների, ինչպես նաև մարդկանց կյանքի, առօրյայի և աշխատանքային գործունեության վրա: Սոցիոլոգ Շուշան Ղահրիյանն իրականացրել է հեետազոտություն՝ հասկանալու, թե համավարակն ինչպես է փոխել հայաստանցի աշխատող մայրերի առօրյա կյանքի կազմակերպումը և աշխատանքային փորձառությունը։

Ինչո՞ւ հենց այս թեման,  ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվել և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել հետազոտության արդյունքում. այս թեմաների շուրջ Erit.am-ը զրուցել է հետազոտության հեղինակի հետ:

Շուշանն ասում է, որ կանայք ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիմնականում երկու հերթով են աշխատում՝ վարձատրվող աշխատանք և չվարձատրվող աշխատանք՝ տնային գործեր և երեխաների խնամք։ «Հետաքրքիր էր, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել կանանց կյանքում համավարակի ընթացքում, քանի որ նրանց վարձատրվող աշխատանքը հիմնականում պահպանվել է, սակայն ավելացել է չվարձատրվող աշխատանքի ծավալը, այն է՝ ընտանիքի անդամները սկսել էին աշխատել տնից, մի շրջան մանկապարտեզները, դպրոցները փակվել էին, և երեխաներներն էլ արդեն ամբողջ օրը տանն էին»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս համատեքստում, ըստ Շուշանի, հետաքրքիր էր պարզել, թե ո՞րոնք էին այն հիմնական խնդիրները, որոնց բախվել են փոքր երեխա(ներ) ունեցող և միաժամանակ աշխատող կանայք և ի՞նչ ելքեր են նրանք գտել՝ ընտանիքն ու աշխատանքը համատեղելու, ինչպես նաև աշխատանք-ընտանիք հավասարակշռությունը պահելու համար։

Ըստ մեր զրուցակցի՝ նշված խնդիրների մասին խորքային և բազմակողմանի տեղեկություն ստանալու համար կիրառվել է որակական մեթոդաբանությունը, խորին հարցազրույցների մեթոդը։ Հարցազրույցներն իրականացվել են այն կանանց հետ, որոնք ունեն մինչև տասը տարեկան երեխա կամ երեխաներ և Քովիդ-19-ի իրավիճակով պայմանավորված՝ սկսել են աշխատել տնից։

«Նշեմ, որ ստացել ենք բավականին հետաքրքիր արդյունքներ: Համավարակի սկզբում տնից աշխատող կանանց առաջին արձագանքն այն էր, որ ընտանիքի անդամներն ամբողջ օրը միասին կլինեն և ավելի երկար կշփվեն իրար հետ, սակայն կարճ ժամանակ անց նրանք հասկացան, որ իրենց ծանրաբեռնվածությունն ավելի է շատացել ինչպես աշխատանքի, այնպես էլ տնային գործերի և երեխաների խնամքի տեսանկյունից, քան մինչ համավարակն էր։ Այլևս չկային այն սահմանները, որոնք տարանջատում էին աշխատանքն ու կենցաղը, և պետք էր բոլորի առօրյա գրաֆիկները նորից կազմել ու օրը «դասավորել»՝ ըստ այդ նոր գրաֆիկների»,-հետազոտության արդյունքներն է ներկայացնում Շուշանը։

Ըստ մեր զրուցակցի՝ որպեսզի կարողանան համատեղել աշխատանքը, տնային գործերը և երեխայի խնամքը, կանայք հաճախ աշխատել են երեխաների քնած ժամանակ։ Նա ասում է, որ աշխատանքը հասցնելու մեկ այլ ելք էր դայակ վարձելը, չնայած որ սկզբնական շրջանում շատերն այդ փաստից վախենում ու խուսափում էին։ «Օգնող չունենալու հետևանքով օրվա ընթացքում աշխատանքը հասցնելու համար մայրերը երեխաներին թույլ են տվել հեռուստացույցով կամ հեռախոսներով ավելի երկար ժամանակ մուլտֆիլմեր նայել, քան սովորաբար են թույլատրում, ու սա շատերի մոտ մեղքի զգացում է առաջացրել»,-ասում է Շուշանը և հավելում, որ նոր աշխատանքային պայմաններն ազդել են նաև աշխատանքի արդյունավետության վրա. հարցված կանայք ամենաշատը նշել են տան կենցաղից կտրվելու և աշխատանքի վրա կենտրոնանալու դժվարությունը, գործընկերների հետ ոչ արդյունավետ հաղորդակցությունը և ոչ հարմար աշխատանքային պայմանները։

«Ինչպես կանայք են ասում, չէր զգացվում, թե որտեղ է ավարտվում աշխատանքը, որտեղ՝ սկսվում ընտանիքը, քանի որ աշխատանքն անընդհատ ընդմիջվում էր տնային գործերով, երեխաների հետ զբաղվելով։ Տնից աշխատելիս կանայք հիմնականում չունեին ֆիքսված վայր, այլ աշխատում էին որտեղից պատահի՝ հարմարեցնելով երեխայի խնամքի կամ այդ պահին տան գործի հետ։ Բայց դեպքերի մեծամասնությունում այդ վայրը հիմնականում համընկնում էր խոհանոցի հետ, որը մի հանգույց էր դարձել, որտեղ հատվում էին վարձատրվող ու չվարձատրվող աշխատանքները»,-փաստում է հետազոտության հեղինակը։

Ըստ նրա՝ այս ծանրաբեռնվածությունը շատերի մոտ նաև գերհոգնածություն ու սթրես է առաջացրել։ Կանանց մի մասը, որոնք դեռևս շարունակում են տնից աշխատել և հնարավորություն ունեն, գերհոգնածությունն ու սթրեսը հաղթահարելու համար դայակ են վարձել, ինչպես նաև փոխհամաձայնության եկել ամուսինների հետ, որպեսզի վերջիններս ավելի շատ ժամանակ տրամադրեն երեխաներին, որպեսզի նրանք կարողանան նաև հանգստանալ։ Շուշանի խոսքով՝ կանանց մի մասն էլ նախընտրել է երեխային նորից մանկապարտեզ տանել և վերադառնալ աշխատանքի՝ վերականգնելով իր նախկին առօրյա գրաֆիկը։

«Հետազոտության արդյունքները վերլուծելով՝ մի շարք առաջարկներ են դուրս բերվել, բայց եթե դրանք համախմբենք, ապա երկու հիմնական առաջարկների փունջ է ստացվում, որոնցից մեկն ուղղված է մանկապարտեզներին և դպրոցներին, մյուսը՝ գործատուներին։ Առաջարկները չեն սահմանափակվում համավարակի պատճառով առաջացած իրավիճակներով, այլ ավելի ընդհանուր բնույթ են կրում։ Օրինակ՝ պետական մանկապարտեզները հիմնականում աշխատում են մինչև 17:30-ը կամ 18:00-ն, իսկ ծնողների աշխատանքն ավարտվում է ժամը 18:00-ին։ Ճիշտ է, անհրաժեշտության դեպքում մանկապարտեզները երեխաներին մինչև ժամը 19:00 պահում են, սակայն այդ ընթացքում նրանց սնունդով չեն ապահովում կամ նրանց զբաղեցնելու համար ոչինչ չի արվում, և երեխաներն էլ նեղվում են, որ մենակ են մնում կամ որ իրենց հետևից շուտ չեն եկել։ Այդ պատճառով ծնողները նախընտրում են ավելի շուտ վերցնել երեխաներին»,-հետազոտության առաջարկներից մեկը ներկայացնում է Շուշանը, այն է՝ մանկապարտեզների աշխատաժամերը համապատասխանեցնել հիմնական աշխատանքային օրվա ավարտի ժամի հետ, իսկ դպրոցներում բացել արտադպրոցական խմբակներ, որպեսզի տարրական դասարանի աշակերտները կարողանան մնալ և զբաղվել, մինչև ծնողը կարողանա վերցնել երեխային։

«Գործատուներն էլ, իրավիճակով պայմանավորված, կարող են ավելի շատ ճկունություն դրսևորել՝ իհարկե, հաշվի առնելով ոլորտային առանձնահատկությունները։ Օրինակ, կարելի է առավել առաջնահերթ համարել առաջադրանքը ժամանակին ավարտելը, քան ֆիքսված ժամերով աշխատելը։ Եթե անցել են աշխատավայրից աշխատելուն, ապա աշխատակիցներին, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն տալ աշխատանքը կատարել տնից կամ ոչ լրիվ աշխատանքային օր աշխատել՝ օրվա մի մասը աշխատել աշխատավայրից, մյուսը մասը տնից։ Կամ կարելի է աշխատաժամերի ճկունության ապահովել, որպեսզի մայրերը հնարավորություն ունենան այդ աշխատաժամերը կառավարել այնպես, որ կարողանան համատեղել երեխաների խնամքն ու աշխատանքը։ Օրինակ, ըստ ցանկության, ընդմիջում չանեն կամ ավելի կարճ անեն և ավելի շուտ դուրս գան աշխատանքից»,-հետազոտության արդյունքում ձևավորված երկրորդ առաջարկն է ներկայացնում Շուշանը և հավելում, որ կազմակերպությունների քաղաքականությունում կարող են ներառվել նաև հիվանդության համար արձակուրդի (sick leave) և հանգստի (day off) օրեր, որոնք հնարավորություն կտան ամսվա ընթացքում ազատ օրեր ունենալ և լուծել ընտանեկան խնդիրները, եթե այդպիսիք առաջանան՝ առանց մտածելու, որ աշխատավարձը կպակասի կամ այն կդիտարկվի որպես լավություն գործատուի կողմից։

Նյութը՝ Հեղինե Հովհաննիսյանի

In topic