
Շուշանիկ Գալոյանը էրազմուսի շարժունության ծրագրի մասնակից է: Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողուհին 2016-2017 ուսումնական տարում փոխանակման ծրագրով սովորել է Չեխիայի Մասարիկ համալսարանում:
Erit.am–ը զրուցել է Շուշանիկի հետ՝ արտերկրում ուսումնառության, Հայաստանի և Չեխիայի կրթական համակարգերի նմանությունների և առանձնահատկությունների մասին:
- Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց Չեխիան:
-Տեսակով բավականին ակտիվ լինելով՝ մասնակցել եմ բազմաթիվ ծրագրերի, և այս ամենի հետ մեկտեղ եկավ մի պահ, որ հասկացա՝ հետագա մասնագիտական կատարելագործմանս համար անհրաժեշտ է նաև ուսումնասիրել արտերկրի կրթական համակարգը: Այդ նպատակով բալակավրիատի չորրորդ կուրսում որոշեցի դիմել Էրազմուս+ փոխանակման ծրագրին: Իրականում ողջ գործընթացը սկսել էի Լեհաստան մեկնելու ցանկությամբ, բայց երբ եկավ փաստաթղթերն ուղարկելու պահը, չգիտես ինչու, ներքին ձայնս հուշեց՝ դիմել նաև Չեխիայի բուհեր: Փետրվար ամսին նախ պատասխան ստացա Լեհաստանից, որտեղ ընդհունվել էի պահուստային տարբերակով, իսկ արդեն մայիսին հրավեր եկավ Չեխիայի Հանրապետության Մասարիկ համալսարանից: Հետադարձ հայացք գցելով՝ հիմա հասկանում եմ, որ իմ պարագայում, երևի թե, երկիրն էր ինձ ընտրել:
- Նախապես գիտե՞իք՝ ինչպիսի ավանդույթներով երկիր եք ուղևորվում և ինչպե՞ս եք պատրաստվել այդ այցին:
-Իրականում Չեխիայի մասին սկսել եմ հետաքրքրվել միայն հրավերս ստանալուց հետո. ինձ համար, իհարկե, առաջնային էին տվյալ երկրի մշակույթը, արժեհամակարգը և կրթական համակարգը: Սկզբնական շրջանում համացանցից զատ՝ տեղեկատվություն էի ստանում ընդունող և ուղարկող երկրների բուհերի համակարգող թիմերից: Հրավերին հաջորդեցին վիզա ստանալու գործընթացը և մեկնելու նախապատրաստական փուլը: Մեկնելուց մեկ ամիս առաջ ինձ հետ կապ էր հաստատել Մասարիկի Էրազմուս ուսանողական ցանցի կողմից կցված ընկերս (buddy), որն էլ ինձ օգնում է ինչպես սկզբնական, այնպես էլ ողջ փոխանակման շրջանում:
-Նկարագրեք ձեր առաջին տպավորությունները Չեխիայում:
-Իրականում տպավորություններս սկսվեցին մեկնելու պահից` ինքնաթիռն օդ բարձրանալուն պես, երբ մի պահ հասկացա, որ կես տարի պետք է մենակ, տնից հեռու ապրեմ նոր կյանքով, ինձ բացարձակ անծանոթ հասարակության մեջ: Հետաքրքիրն այն էր, որ մինչ այդ չէի մտածել այդ ուղղությամբ: Այնուհետև, երկու ինքնաթիռ, երկու գնացք և մոտ 12 ժամ ճանապարհ դեպի Բռնո` այն քաղաքը, որտեղ պիտի ապրեի մոտ կես տարի: Առաջին զգացողություններս շատ տարբեր էին. վախ, զարմանք, անորոշություն: Հիշողությանս մեջ տպավորվել է այն փաստը, որ երբ առաջին անգամ լսեցի չեխերենը, չգիտեմ ինչպես` հասկացա այն: Դրական իմաստով զարմացած էի նաև հարմարությունների՝ կարելի է ասել կատարյալ առկայությունից: Հատկապես ինձ համար այս փաստը շատ կարևոր էր:
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այդ երկրում:
-Քսաներկու գիտակից տարիներիս ընթացքում երբևէ միայնակ Հայաստանի սահմաններից դուրս չլինելով՝ բացարձակապես միայնակ հայտվեցի Եվրոպայի սրտում. միանշանակ այդքան էլ հեշտ չէր հարմարվել նոր կյանքին: Հասարակությունը՝ իր արժեքային համակարգով, և համալսարանը՝ իր կրթական համակարգով, կատարելապես նոր և անծանոթ էին ինձ համար: Հիմնական դժվարությունը եղել է հոգեբանորեն հարմարվելու ընթացքը, մշակութային շոկ ասվածը. առաձնապես այլ լուրջ դժվարություններ չեմ մտաբերում:
-Որո՞նք էին այն ամենավառ իրադարձությունները, որոնք Ձեզ հետ պատահել են փոխանակման առաջին շաբաթներին:
-Մշտապես պատմում եմ այն պատմությունը, թե ինչպես առաջին իսկ օրը կոտրվեց ամենամեծ կարծրատիպը եվրոպացիների մասին, թե նրանք սառն են ու անտարբեր: Մեր ինքնաթիռը ժամանեց Վիեննա (այն հեռավորությամբ ավելի մոտ էր մեր քաղաքին): Օդանավակայանից գլխավոր կայարան հասնելու համար մեզ պետք էր հասնել գնացքի պլատֆորմին, և ճակատագրի հեգնանքով այդ օրը վերելակի վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, որը նշանակում էր, որ այնտեղ հասնելը գրեթե անհնար է: Մենք` օտարերկրյա ուսանողներս, բացարձակ անծանոթ տարածքում հայտնվեցինք միայնակ: Մեզ մոտեցավ մոտակա դրամարկղի աշխատակցուհին և պատրաստակամություն հայտնեց օգնել մեզ: Նա անհավանական ճանապարհներով մեզ ուղեկցեց դեպի անհրաժեշտ վայր: Մեկ այլ հետաքրքիր իրադարձություն էլ եմ վերհիշում, երբ նախնական շրջանում դժվարությունները հաղթահարել նպատակով համալսարանի Էրազմուս ուսանողական ցանցը կազմակերպվել էր «Կողմնորոշման շաբաթ» միջոցառումը: Յոթ օրերի ընթացքում ծրագրի պատասխանատուները տեղի ուսանողների հետ միասին մեզ՝ այլ երկրներից ժամանած ուսանողներիս, ծանոթացնում էին շարքային քաղաքացու և ուսանողի կյանքին:
-Հայաստանի բուհերի դասավանդումը ա՞տ է տարբերվում Ձեզ ընդունող բուհից: Խնդրում եմ պատմել ՀՀ կրթական համակարգի առանձնահատկությունների և նմանությունների մասին:
Մասարիկ համալսարանն ուսանողների քանակով և հեղինակությամբ երկրորդն է Չեխիայի Հանրապետությունում: Այն բաղկացած է 9 ֆակուլտետից, որոնք տեղակայված են Բռնո քաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքում ապրողները կես կատակ, կես լուրջ ասում են, որ ապրում են ուսանողների քաղաքում, քանի որ բնակիչների կեսից ավելին ուսանողներ են: Հայաստանի և Չեխիայի կրթական համակարգերի տարբերությունների մասին խոսելին պետք է նշեմ ամենակարևորը` տեսական և գործնական մեթոդների կիրառումը: Չեխական մոդելը միտված է ավելի շատ գործնական հմտությունների զարգացմանը: Օրինակ` մարդկային ռեսուրսների կառավարման դասընթացի շրջանակում նախատեսված էր պրակտիկա Վիեննայի ամենահեղինակավոր երկու կազմակերպություններում, որի ընթացքում ձեռք բերեցի բավականին կարևոր մասնագիտական հմտություններ: Դասապրոցեսները կազմակերպվում են հիմնականում քննարկումների տեսքով: Աշխատանքի մեծ մասի հիմքում դրվում է ուսանողի նախաձեռնողականությունն ու պարտաճանաչությունը: