Զբոսաշրջիկին պետք է հնարավորություն տալ մտնել գյուղացու տուն, տեսնել ու կիսել նրա կենցաղը․ Սեմյոնովկայի Սևադա

  05 April 2021  415 view
Զբոսաշրջիկին պետք է հնարավորություն տալ մտնել գյուղացու տուն, տեսնել ու կիսել նրա կենցաղը․ Սեմյոնովկայի Սևադա

Սեմյոնովկան գյուղ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Եթե գյուղում չեղած ու գյուղին անծանոթ մեկն ուզի պատմել Սեմյոնովկայի մասին, հավանաբար կասի՝ «Դիլիջանի թունել չմտած՝ աջ կողմի գյուղը»։

Ինքս ինձ համար, սակայն, արդեն առանձնացրել եմ մի քանի այլ հատկանիշներ, որոնցով կարելի է բնորոշել Սեմյոնովկան։

Օրինակ՝ այստեղ անպայման պետք է գալ հունիսի սկզբին․ հենց այդ ժամանակ են Սեմյոնովկայիում ծաղում հողմածաղիկի դաշտերը։

Իսկ մինչև հունիս, այստեղ կարելի է գալ, եթե սիրում եք ձմեռային սպորտաձևեր․ Հայասանի սպիտակ գյուղ՝ այսպես են հաճախ անվանում Սեմյոնովկան։ Գյուղն «այլընտրանքային Ծաղկաձոր» դառնալու մեծ պոտենցիալ ունի․ մինչև գարնան վերջ այստեղ ձյուն է, իսկ տեղանքը՝ բլրապատ։



Բացի այդ, եթե գաք Սեմյոնովկա, միաժամանակ կարող եք վայելել ինչպես Սևանա լիճն, այնպես էլ՝ Դիլիջանի անտառները։ Երկուսին էլ կարելի է ոտքով հասնել։

Սեմյոնովկայում կա նաև բավականին հետաքրքիր կառույց՝ Սիլոսի աշտարակը։

Այս ամենի, ինչպես նաև գյուղում իրականացվող ծրագրերի մասին զրուցել եմ Սևադա Ազիզյանի՝ Սեմյոնովկայի Սևադայի հետ («Ինձ շատերը հենց Սեմյոնովկայի Սևադա են ասում», – պատասխանում է, երբ հարցնում եմ՝ իրեն ինչպես ներկայացնեմ):



–Այն երիտասարդներից ես, որոնք մայրաքաղաքում սովորելուց հետո վերադարձել են գյուղ ու փորձում են տեղում ինչ–որ նոր բան ստեղծել։ Կպատմե՞ս քո մասին։


Այո, Երևանում եմ սովորել երկար տարիներ, նաև 2 տարի ապրել եմ, բայց գյուղ եմ վերադարձել, որովհետև այստեղ է իմ ծննդավայրը, իմ միջավայրը, ես այն լրիվ այլ կերպ եմ ընկալում։ Բացի այդ, միշտ մտածել եմ, որ պետք է ինքս ստեղծեմ իմ զբաղմունքը, այդպես է եղել թե՛ ուսանողական տարիներին, թե՛ դպրոցում, ու հատկապես հիմա։ Իհարկե, ունեմ եկամտի համար անհրաժեշտ այլ աշխատանք: Ամուսնացել եմ, երկու հրաշք տղա ունեմ ու մտածում եմ մի բան ստեղծել, որի վրա ընտանիքով կաշխատենք։

Սա լուսավոր կետ է, երազանք, որին անկասկած կհասնեմ։



–Սեմյոնովկան ի՞նչ գյուղ է։ Շատերի մոտ այն ասոցացվում է մոլոկանների հետ կամ տեղորոշվում Դիլիջանի թունելով։

–Չեմ ուզում թունելով սկսել պատմել մեր գյուղի մասին․ թունելը կառուցվել ու շահագործման է հանձնվել ընդամենը 2000–ականներին, իսկ գյուղը շատ վաղուց է եղել։ Որ ասեմ մեր գյուղն ինչ–որ բանով առանձնանում է մյուս բոլոր գյուղերից, երևի՝ չէ։ Բայց ինձ համար, իմ աչքին, իմ գյուղն ամենալավն է, ամենասիրունը, ամենականաչը, իմ գյուղի օդն ամենամաքուրն է, ջուրն՝ ամենահամովը։

Ինչ վերաբերում է մոլոկաններին, 28 տարեկան եմ ու մինչև հիմա նրանց չեմ տեսել։ Այո, ի սկզբանե գյուղի բնակչության հիմնական մասն իրենք էին, բայց մոլոկանները կենցաղի առումով բավականին խիստ են ու չեն հանդուրժում համայնքի այն բնակչին, որն, ըստ իրենց, ճիշտ կենցաղ չի վարում։

Ժամանակի ընթացքում Սեմյոնովկայում սկսել են ապրել հայեր, քրդեր, և մոլոկանները չեն համակերպվել ո՛չ հայերի, ո՛չ քրդերի հետ ու քիչ–քիչ հեռացել են գյուղից։

Հիմա բնակչության մեծ մասը հայեր են, ունենք մի քանի քուրդ ընտանիք, որոնք մեր ընկերներն են։
Գյուղում հիմնական զբաղմունքը եղել է ու շարունակում է մնալ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը։
Եվ, ինչքան էլ խոսենք գյուղական զբոսաշրջության զարգացման անհրաժեշտության ու կարևորության մասին, կարծում եմ՝ գյուղացուն երբեք չի կարելի կտրել իր տնտեսությունից։ Քաղաքացուն գյուղն է կերակրում։ Չենք կարող գյուղացուն ասել՝ կով մի պահիր, միայն զբոսաշրջիկ պահիր (ծիծաղում է – հեղ)