Ֆոտոխցիկը քո՝ ամեն տեղ լինելու այցեքարտն է․ Սոնա Մնացականյան

  06 April 2021  121 view
Ֆոտոխցիկը քո՝ ամեն տեղ լինելու այցեքարտն է․ Սոնա Մնացականյան

Սոնա Մնացականյանը վերջերս է ավարտել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Խաղարկային ֆիլմերի ռեժիսորը ուսանելու տարիներին միայն մեկ ֆիլմ է նկարել։

Թե ինչու՞ «Քաղաքը ջազ է լսում» ուսանողական աշխատանքից հետո ստեղծագործական դադար եղավ, ինչպե՞ս սկսեց ժապավենային լուսանկարներ անել, ե՞րբ առաջին անգամ իր մասին լսեց լուսանկարիչ բառն ու որտե՞ղ է շարունակելու կրթությունը մոտ ապագայում, երիտաարդ ռեժիսոր, լուսանկարիչ Սոնա Մնացականյանը պատմել է Еrit.am-ի հետ զրույցում։

«Որոշել էի ընդունվել ֆիզֆակ»

Երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, հարցը դրվեց այսպես՝ ի՞նչն է քեզ դուր եկել դպրոցում։ Ասացի՝ ֆիզիկան, մաթեմատիկան ու թատրոնը։

Ի սկզբանե որոշել էի ընդունվել ֆիզֆակ, կես տարի պատրաստվելուց հետո միանգամից փոխեցի որոշումս․հասկացա, որ ինչ-որ բան պակասում է։ Որոշեցի գնալ դեպի մյուս սիրելի բանը՝ թատրոնը, որն էլ ինձ տարավ թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժին։

«Ընտանիքս դեմ էր, որ ընդունվեմ թատերական»

Ընտանիքիս անդամները դժվարությամբ ընդունեցին որոշումս, դեմ էին։ Պատկերացում չունեին ոլորտի մասին՝ ի՞նչ է կատարվում, մասնագիտությունը պահանջարկ ունի՞, թե՞ ոչ․ իմ ապագայի հետ կապված հարցեր ունեին։

Ինչքան ժամանակն անցնում է, հանգստանում են։ «Ապրողները․խաչվող հայացքներ» ցուցահանդեսն էլ  նման առիթ էր․տեսնում են՝ կա ոլորտ, ինչ-որ բան կատարվում է։

«Եթե հիմա ընտրելու լինեի, կընտրեի դոկումենտալ կինոն»

Այն ժամանակ կար հեռուստաֆիլմ և խաղարկային կինո, ընտրեցի խաղարկայինը։ Սկզբում մասնագիտության մասին որևէ պատկերացում չունեի։ Ինձ համար կինոռեժիսորը մի անհասկանալի մարդ էր, որն անում էր այն ամենն, ինչ ես սիրում էի՝ երաժշտական ու նկարչական ձևավորում, դերասանների հետ աշխատանք։ Ամեն ինչ մի մարդու մեջ տեղավորվում էր։ Ասացի՝ սա այն մասնագիտությունն է, որն ուզում եմ․ սիրելով կապրեմ ու կաշխատեմ։

Առաջին ֆիլմը կամ «Քաղաքը ջազ է լսում»

Երբ կան սահմանափակումներ, ավելի հեշտ ես գտնում այն, ինչ քեզ պետք է։ Կարող ես ցանկացած թեմա վերցնել, դետալներն ուսումնասիրել, և վերջ, այն դառնում է քեզ համար շատ հետաքրքիր։ Հստակ առաջադրանք ունենալն ինձ օգնում է։ Առաջին ֆիլմս հենց այդպես ստացվեց։

Քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել, պետք էր ներկայացնել 10 րոպե տևողությամբ խաղարկային ֆիլմ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին։ Համընկավ այն շրջանի հետ, երբ առաջին կուրսն ավարտում էի, և պետք է հանձնեի աշխատանք՝ խաղարկային ֆիլմ նույն տևողությամբ։ Համադրեցի այդ երկու պահանջները, ընկերներով հավաքվեցինք ու նկարեցինք ֆիլմը։ Արդյունքում «Քաղաքը ջազ է լսում» ֆիլմն արժանացավ գլխավոր մրցանակի։

Չեմ կարող ասել, որ ֆիլմը չստացված էր, բայց խիստ ուսանողական աշխատանք էր։ Հստակ խնդիրներ էինք դրել մեր առաջ, որ ունենանք շատ դերասաններ, տարբեր նկարահանման վայրեր, տեխնիկապես բարդ նկարահանումներ։ Ուզում էինք տեսնել՝ կկարողանա՞նք այդ բարդության տակից դուրս գալ, ու ստացվեց, բայց որպես գեղարվեստական ֆիլմ, այդքան էլ շատ արժեքներ չունի։ Չեմ կարծում, որ արժե բոլորը տեսնեն կամ տարածեն։ Սա է պատճառը, որ համացանցում ֆիլմը ներկայացված չէ։

Երբ այլևս չես կարող չնկարել

«Քաղաքը ջազ է լսում» ֆիլմ ինձ շատ բան  սովորեցրեց, բայց առաջին հերթին սովորեցրեց ոչինչ չանել ինքնանպատակ։ Բոլորը հավանեցին ֆիլմը, ասացին՝ շատ լավ է, հրաշալի աշխատանք է արված, բայց ինձ՝ որպես ստեղծագործող ոչ մի էմոցիոնալ բան չտվեց։ Կատարեցի ինչ-որ աշխատանք, հանձնեցի ու հասկացա, որ՝ այո, հնարավոր է անել նմանատիպ շատ աշխատանքներ ու հանձնել, բայց դրանք արժեքավոր չեն դառնում։

Սա է պատճառը, որ այդ ֆիլմից հետո  ոչ մի բան չեմ արել։ Չեմ կարող ասել, որ դա լավ է։ Միգուցե ևս 6-7 նման ֆիլմ անեի, արդյունքում մի բան սովորեի ու հասկանայի, բայց ես գնացի մյուս ճանապարհով՝ ավելի լավ է ոչինչ չկատարվի մինչև գաղափարն ինքն իրեն չհասունանա։ Որոշեցի սպասել՝ երբ կհասնի նրան, որ այլևս չեմ կարող չնկարել, այդ ժամանակ էլ կնկարեմ։