«Գտի՛ր քո հայ կին-հեղինակին». ամփոփելով կանանց միամսյակը

  07 April 2021  70 view
«Գտի՛ր քո հայ կին-հեղինակին». ամփոփելով կանանց միամսյակը

Հայաստանի ազգային գրադարանը կանանց միամսյակն ամփոփում է գեղեցիկ միջոցառմամբ: Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, գրադարանում տեղի կունենա «Գտի՛ր քո հայ կին-հեղինակին» խորագրով միջոցառումը՝ նվիրված հայ անվանի կին-գրողներին և նրանց ստեղծագործություններին: Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում կբացվի հայ անվանի կին հեղինակներին նվիրված գրականության ցուցադրություն։

«Կանանց միամսյակը թերևս լավագույն առիթներից է անդրադառնալու և ծանոթանալու անվանի հայ ստեղծագործ կանանց գործերին, ներթափանցելու նրանց հույզերի ու մտորումների աշխարհը, քննարկելու, գուցե նաև ներկայում ուղղորդվելու նրանց մտքերով և գաղափարներով»,- ասում է միջոցառման կազմակերպիչ Արմինե Վարդանյանը:

Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու «Ինչո՞ւ կարդալ ….» տեսաուղերձների շարքին: Շարքը ներառում է՝

«Ինչո՞ւ կարդալ Զապել Եսայան»

«Ինչո՞ւ կարդալ Մարի Բեյլերյան»

«Ինչո՞ւ կարդալ Հեղինե Մելիք-Հայկազյան»

«Ինչո՞ւ կարդալ Վիկտորիա Աղանուր»

«Ինչո՞ւ կարդալ Սիլվա Կապուտիկյան»

«Ինչո՞ւ կարդալ Մետաքսե»

«Ինչո՞ւ կարդալ Էլդա Գրին»

«Ինչո՞ւ կարդալ Զոյա Փիրզադ»

«Ինչո՞ւ կարդալ Ալիսիա Կիրակոսյան»

«Ինչո՞ւ կարդալ Սոնա Վան»

Տեսանյութերի շնորհանդես-ցուցադրությանը կհաջորդի քննարկում մեկ բաժակ գինու շուրջ, իսկ ինչո՞ւ-ների պատասխանները կտան մասնագետները, որոնք ծանոթ են նշված հեղինակների գործերին, ուսումնասիրություններ են կատարել և արժևորել են նրանց գրական երկերը կամ հանրային դերը:

«Մինչև 5 րոպե տևողությամբ հոլովակներում անվանի և հանրության լայն շերտին ոչ շատ հայտնի մասնագետների կողմից տրվող պատասխանների ընթացքում կներկայացվեն նաև գրքերի, արխիվային նյութերի կադրեր, իսկ սոցցանցում հրապարակման ժամանակ տեքստում կտեղեդրվեն Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանների հղումները»,- ապրիլյոթյան օրակարգն է ներկայացնում Ա. Վարդանյանը: Ըստ նրա՝ սա լավ հնարավորություն է թե՛ ճանաչելու, թե՛ վերարժևորելու կին գրողներին, ինչու չէ, նաև ոգեշնչվելու նրանցից:

Միջոցառումն անցկացվում է Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ և «Հայուհիներ»-ի հետ համատեղ։

Նկարահանված տեսանյութերը տարվա ընթացքում կտեղադրվեն «Հայուհիների» ակումբի և «Հայաստանի ազգային գրադարան»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:

In topic