Պարտավոր էինք պատվով հանդես գալ. Մարմնամարզիկներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթները

  29 April 2021  42 view
Պարտավոր էինք պատվով հանդես գալ. Մարմնամարզիկներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթները

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը վերադարձել է Բազելից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնության նժույգթափեր վարժությունում Արթուր Դավթյանը նվաճել է ոսկե մեդալ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանն ամփոփել են իրենց մրցելույթները:

Հավաքականի գլխավոր մարզիչն ասել է, որ այս առաջնությունն առանձնակի են կարևորել, քանի որ պատերազմից հետո միջազգային հարթակում մեդալ նվաճելու ցանկությունը մեծ է եղել.

«Պարտավոր էինք պատվով հանդես գալ և մեդալ նվաճել: Պատերազմից հետո տղաներին ասել էի, որ այժմ յուրաքանչյուրի կռիվն իր բնագավառում է, իսկ մեր առաջիկա կռիվը Եվրոպայի առաջնությունն է, որտեղ պետք է մեդալ նվաճենք: Գոհ եմ նրանցից և շնորհակալ: Կարելի է ասել, բացահայտեցի, թե որքան հայրենասեր են. չնայած դժվարություններին՝ բոլորն աչքերի կայծով էին ելույթ ունենում: Օրինակ՝ Արթուր Ավետիսյանի դեպքում գիտեի, որ հետվիրահատական ցավեր է զգում, բայց երբ հարցնում էի, պատասխանում էր, թե ցավեր չունի»,- ասել է Հակոբ Սերոբյանը և հավելել, որ երբևէ հպարտության նման զգացողություն չի ունեցել՝ թեպետ ավելի շատ մեդալներով մրցաշարեր էլ են եղել: 

Հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրել է, որ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը մեդալի համար կպայքարի նժույգթափեր և հենացատկ վարժություններում.

«Արթուրն ունիվերսալ մարմնամարզիկ է: Օլիմպիական խաղերի ժամանակ ագահություն անել և ռիսկի դիմել պետք չէ, պարզապես պետք է ճիշտ նպատակակետին խփել, ուստի Տոկիոյում ևս Արթուրը կպայքարի նժույգթափերում և հենացատկում: Խաղերից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնենք և կբարդացնենք նրա վարժություները, կփորձենք այնպես անել, որ բոլորը պարզապես ոտքի կանգնեն և ծափ տան»:

Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, մեկնաբանելով իր մրցելույթները, նշել է, որ մեդալային սպասելիքներ ունեցել է առաջնահերթ հենացատկ վարժությունից, որում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը.

«Մարմնամարզությունն անկանխատեսելի մարզաձև է: Չէի սպասում, որ չեմպիոն կդառնամ նժույգթափերում, իսկ հենացատկում սպասելիքներ կային: Ինչևէ, անչափ հպարտ եմ և ուրախ, որ չեմպիոն դարձա հենց ապրիլի 24-ին, բարձրացավ մեր եռագույնը և հնչեց օրհներգը: Աննկարագրելի զգացողություններ էին: Ինչ վերաբերում է հենացատկին՝ կաշխատենք այն կատարելագործելու ուղղությամբ, որպեսզի Օլիմպիական խաղերին այլևս թերություններ չլինեն»: 

Արթուր Ավետիսյանը, որի համար ուսահոդի բարդ վիրահատությունից հետո սա առաջին միջազգային մրցաշարն էր, օղակներ վարժությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մարմնամարզիկն արդյունքից դժգոհ չէ, բայց ընդգծում է՝ աշխատելու տեղ շատ ունի.

«Վիրահատությունից հետո սա առավելագույնն էր, որ կարողացա անել: Շնորհակալ եմ մարզիչներին, որովհետև այս արդյունքները գլխավորապես նրանց աշխատանքի շնորհիվ են: Այս անգամ իմ վարժությունն այդքան էլ բարդ չկատարեցի, դրա համար 4-րդ հորիզոնականը զբաղեցրի: Հիմա պետք է մի փոքր վերականգնվեմ, քանի որ ուսիս հատվածում ցավեր կան, ինչից հետո փորձեմ վարժությունս բարդացնել և ավելի բարձր արդյունքների հասնել»:

Եվրոպայի մեծահասակների առաջնությանն առաջին անգամ մասնակցած Գագիկ Խաչիկյանին մի փոքր չի բավականացրել նժույգթափեր վարժությունում բրոնզե մեդալակիր դառնալու համար: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Խաչիկյանի չորրորդ տեղից գոհ է.

«Կային տիտղոսակիր մարզիկներ, Օլիմպիական չեմպիոններ, որոնք լուրջ սայթաքումներ ունեցան, իսկ Գագիկը պայքարեց մինչև վերջ: Վստահ եղեք, որ նա դեռ իր խոսքն ասելու է: Մենք հուսալի ապագա ունենք: Ինքը դեռ կդառնա չեմպիոն»:

Ի տարբերություն մարզչի՝ Գագիկ Խաչիկյանը նշել է, որ մրցելույթից գոհ չէ.

«Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը և մի փոքր լարվածություն կար, ինչի հետևանքով էլ թերացումներ եղան: Ելույթիցս այդքան էլ գոհ չեմ, կաշխատեմ շտկել սխալներս և հաջորդ մրցումներին ավելի լավ հանդես գալ: Ամեն դեպքում, սա ինձ համար մեծ փորձ էր»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում հանդես են եկել նաև Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Վերջինիս չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը, իսկ Վահագն Դավթյանն օղակներ վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը։ 

 

In topic