Կապանը 2021 թ. Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաքն է

  03 May 2021  222 view
Կապանը 2021 թ. Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաքն է

Մայիսի 1-ին տեղի է ունեցել Կապանի՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Թռչունյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը։ Միջոցառումների մեկնարկը տրվել է Բաղաբուրջ համալիր կատարած այցով, որտեղ ծաղիկներ են խոնարհվել զոհերի հիշատակին։ Այնուհետև Կապան համայնքի էլեկտրոնային գրադարանում ԿԳՄՍ նախարարության և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է խթանել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի զարգացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը տեղական, հանրապետական և միջազգային մակարդակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կապանցիներին՝ Կապանի՝ Երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար։ «Մեծ պատիվ է այս կարևոր իրադարձության շրջանակում գտնվել Կապանում։ Ուրախ ենք, որ հենց Կապանն է ընտրվել երիտասարդական մայրաքաղաք։ Միջոցառումները լինելու են շարունակական, և ամբողջ տարի միասին աշխատելու ենք։ Խրախուսում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը միջոցառումներին։ Շատ կարևոր է, որ երիտասարդները, նախորդ տարիների համեմատ, զգան իրենց կյանքի ակտիվության տարբերությունները։ Մեր երիտասարդներն արդեն ապացուցել են, թե ինչքան են սիրում հայրենիքը, և մեր խնդիրն է անել առավելագույնը, աջակցել և նպաստել նրանց ինքնաիրացմանն ու հեռանկարների զարգացմանը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը։ Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը ևս ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ տարին լինելու է հագեցած և համայնքի, համայնքապետարանին կից գործող երիտասարդական խորհրդի ու հասարակական կազմակերպությունների ջանքերով Երիտասարդական մայրաքաղաք Կապանը հանդես կգա գեղեցիկ և հետաքրքիր միջոցառումներով։ Երիտասարդներից մեկն էլ համոզմունք է հայտնել, որ Կապանը մյուս երիտասարդական մայրաքաղաքներից տարբերվելու է իր ակտիվությամբ և դեռ երկար է հիշվելու։ Շարունակելով միջոցառումների շարքը՝ Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Կապանի երիտասարդ գեղանկարիչների նկարների ցուցահանդես, որին հաջորդել է կենտրոնի մեծ դահլիճում 2021 թ. «Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք» հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությունը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը մեկ անգամ ևս շնորհավորել է և տեղեկացրել, որ «100 գաղափար ԱՊՀ համար» ծրագրի վերջնական՝ միջազգային փուլը և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի 2021 թվականի 2-րդ կիսամյակի հերթական նիստը կանցկացվեն Հայաստանում՝ Երիտասարդական մայրաքաղաք Կապանում՝ հյուրընկալելով ԱՊՀ երկրների գործընկերներին։ Համերգային կատարումներով ելույթ են ունեցել կապանցի տաղանդավոր երիտասարդները և Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը։ Միջոցառումները շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում: