Gitak.club․ Հարթակ, որտեղ ուսանողները գտնում են իրենց ղեկավարներին

  05 May 2021  217 view
Gitak.club․ Հարթակ, որտեղ ուսանողները գտնում են իրենց ղեկավարներին

Gitak.club-ը համագործակցային առցանց հարթակ է, որը նպատակ ունի միավորել աշխարհի տարբեր ծայրերում աշխատող ղեկավարներին (համալսարանական գիտաշխատողներին կամ տնտեսության տարբեր ճյուղերում աշխատող մասնագետներին) և ուսանողներին` տարբեր նախագծերի վրա աշխատելու համար:

Ինչպե՞ս է աշխատում հարթակը, ի՞նչ նպատակ է այն հետապնդում, ովքե՞ր են հարթակի նախաձեռնողները և շահառուները. այս հարցերի շուրջ Erit.am-ը զրուցել է Gitak.club-ի նախաձեռնող և համահիմնադիր Հայկ Սարիբեկյանի հետ:

Հայկը ներկայում Քեմբրիջի համալսարանի ասպիրանտ է, մասնագիտությամբ մաթեմատիկոս, որն իր բակալավրիական կրթությունը ստացել է ԱՄՆ-ում: Հարթակի մյուս համահիմնադիր Հրանտ Խաչատրյանը ղեկավարում է «ԵրևանԷն» լաբորատորիան, որը զբաղվում է մեքենայական ուսուցման հետազոտություններով, իսկ Արեգ Գևորգյանը ISTC ինովացիոն կենտրոնի տնօրենն է:

«Gitak.club նախագիծ ունենալու միտքն առաջացել է դեռևս 4-5 տարի առաջ, երբ ինքս բակալավրիատի ուսանող էի և ներգրավված էի համալսարանի գիտական խմբի աշխատանքներում։ Նման փորձ ուսանողական տարիներին ունեցել է նաև Խաչատրյան Հրանտը։ Հետևաբար հասկացանք, որ նման հարթակի կարիք կա Հայաստանում, որպեսզի ուսանողներին խրախուսենք գիտական գործընթացի մեջ ներգրավվել ավելի վաղ տարիքից և հասկանալ՝ արդյոք ուզո՞ւմ են գիտությամբ զբաղվել, թե՞ ոչ և ապագայում ավելի մտածված որոշումներ կայացնել, օրինակ՝ ասպիրանտուրայի հարցում։ Այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել գիտական մշակույթն ու գիտական հարաբերությունները՝ ինչպես շփվել գիտնականների հետ, ինչպես կարդալ և վերլուծել բարդ, գիտական տեքստեր, որը գրեթե բացակայում է Հայաստանի համալսարանական կյանքում»,- ասում է մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ շատ ուսանողներ բակալավրիատի ընթացքում անգամ գիտական հոդված չեն կարդում, այդ պատճառով նրանց անհրաժեշտ է խրախուսել, որն էլ իր հերթին ավելի երկար տարիների կտրվածքով կբերի նոր սերնդի՝ ավելի վաղ գիտական զարգացման:

Գիտական հենքը դնելու հնարավորություն, ըստ Հայկի,  պետք է լինի բակալավրիական աստիճանից. ավելին, շատ հայտնի գիտնականներ իրենց ճանապարհը սկսել են անգամ դպրոցից։ Gitak.club-ի համահիմնադիրն ասում է, որ նախաձեռնության շնորհիվ աշխարհի ցանկացած կետում գտնվող մասնագետ, որը պատրաստ է Հայաստանում ղեկավարել հետազոտական աշխատանքներ և ուսանողներին փոխանցել իր փորձը, Gitak.club կայքում գրանցում է իր նախագիծը, որն անմիջապես հասանելի է դառնում ուսանողներին․

«Այսինքն՝ ղեկավարն առաջարկում է նախագիծ, որի թեմաների սահմանափակում չկա։ Հաջորդիվ՝ ուսանողները, ուսումնասիրելով նախագծերը, դիմում են դրանցից մեկին՝ նշելով, թե ինչու են բավարարում պահանջվող պայմաններին։ Այնուհետև ղեկավարներն ուսումնասիրում են դիմումները, կապվում ուսանողների հետ և ընտրում մեկ կամ ավելի դիմորդների՝ կախված իրենց նախագծի ծավալից»,- նշում է նա:

Հայկը վստահեցնում է՝ Gitak.club-ին միանալու դեպքում ուսանողական աշխատանքները կարող են գտնել նախագծեր այնպիսի ոլորտներում, որոնցով մեր համալսարաններում չեն զբաղվում։ Մասնավորապես, կան հաշվողական նախագծեր, որոնց կիրառությունը նախևառաջ կենսաբանության կամ ֆիզիկայի բնագավառում է։ Այս նախագծերի շնորհիվ ուսանողները կարող են ավելի լավ պատկերացնել տարբեր ոլորտների կապերը, տեսնել, թե ինչպես են իրենց տեսական և ծրագրավորման գիտելիքները կիրառվում։ Այսպիսով, հարթակը ուսանողների համար կարող է ծառայել նաև որպես մոտիվացիայի աղբյուր, ցույց տալ իրենց սովորած գիտելիքների կիրառությունը․

«Պետք է նշել, որ դիպլոմային և կուրսային աշխատանքների նպատակը հենց նշված խնդիրների լուծումն է։ Սակայն Հայաստանում քիչ են այն գիտական ղեկավարները, որոնք կարող են արդիական նախագծեր առաջարկել, տաղանդավոր երիտասարդներին գրավել դեպի գիտություն։ Այդ ղեկավարները ստիպված բավականին շատ ուսանողներ են ղեկավարում, որի արդյունքում ղեկավարելու ամենակարևոր մասը՝ անձնական շփումը տուժում է։ Մեր հարթակը փորձում է այդ բացը լրացնել։ Բացի դրանից, կարծում եմ ուսանողների գիտական աշխատանքները պետք է սահմանափակված չլինեն ակադեմիական կիսամյակներով։ Gitak.club-ի միջոցով ուսանողները կարող են գտնել հետաքրքիր նախագծեր տարվա ցանկացած ժամանակ։ Օրինակ՝ մենք խրախուսում ենք, որ ուսանողները գտնեն նախագծեր և աշխատեն դրանց վրա ամռանը՝ քննություններից հետո, և մեկ տարի հետո դրանք ձևափոխեն դիպլոմային աշխատանքի»,- նշում է մեր զրուցակիցը։

Հարթակի մեկնարկից ի վեր՝ որպես ղեկավար դրան միացել են Հայաստանի և աշխարհի առաջատար համալսարանների մի շարք գիտաշխատողներ և նորարարական ընկերությունների մասնագետներ: Ղեկավարները հիմնականում ՀՀ-ից չեն, արտերկրում են ապրում, սակայն նրանց մեծ մասը հայ է: 2020 թվականի դեկտեմբերից գործող հարթակն արդեն ունի շուրջ 40 հաստատված նախագիծ տարբեր ոլորտներից, ինչպիսիք են՝ տվյալագիտությունը, արհեստական բանականությունը, գենոմիկան, նյարդալեզվաբանությունը, տնտեսագիտությունը և այլն։ Հարթակի գործարկումից կարճ ժամանակ անց 13 ուսանողներ արդեն գտել են նախագծեր և աշխատում են ղեկավարների հետ։ Ներգրավված ուսանողների մի մասը չունի ավարտական աշխատանքի որևէ պահանջ և աշխատում է զուտ հետաքրքրությունից դրդված և լրացուցիչ փորձ ու գիտելիքներ ձեռք բերելու համար․

«Մինչ այժմ խոսեցինք ուսանողների մասին, սակայն պետք է նշել նաև ղեկավարներին։ Ղեկավարները նույնպես պետք է լինեն Gitak.club-ի շահառու, այսինքն ուսանողների հետ ընդհանուր աշխատանքը պետք է նաև նպաստի նրանց գիտական նպատակների առաջխաղացմանը։ Իհարկե, հատկապես նախագծերի սկզբնական փուլում ուսանողներին ավելի հաճախ է պետք օգնել և ուղղություն ցույց տալ, բայց ժամանակի ընթացքում դրա կարիքը քչանում է։ Կարծում եմ՝ ղեկավարելը նաև շատ լավ փորձ է հատկապես երիտասարդ ղեկավարների համար»,- ասում է Հայկը։

Մեր զրուցակիցն ուրախությամբ փաստում է, որ նախագծին որպես ղեկավար միացել է Արեգ Դանագուլյանը, որը Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի Միջուկային գիտության և ճարտարագիտության պրոֆեսոր է ու միջուկային անվտանգության ոլորտի առաջատար մասնագետներից է․

«Նա չի առաջարկում որևէ կոնկրետ հետազոտական նախագիծ. փոխարենը՝ պատրաստ է աջակցել ուսանողներին հետևյալ սկզբունքներով՝ քննարկել ներկայացված միտքը/գաղափարը/նախագիծը և օգնել խորհուրդներով, գրախոսել ուսանողի անգլերեն հոդվածները և աշխատանքի մասին խորհուրդներ տալ, ինչպես նաև  խորհրդակցել՝ որպես երկրորդ գիտական ղեկավար»,- շեշտում է Հայկը:

Ըստ մեր զրուցակցի՝ քանի որ ՀՀ-ում ուսանողները հաճախ գիտական հոդվածներ չեն կարդում և գիտական նյութերի հետ աշխատելու պրակտիկա չունեն, հարթակի հեղինակները ցանկանում են գիտական հմտությունների զարգացման վերաբերյալ դասախոսություններ կազմակերպել՝ ինչպես աշխատել նյութի հետ, վերլուծություն անել և այլն․

«Gitak.club-ում կարևորում ենք և խրախուսում ուսանողական աշխատանքների շրջանակում գիտական հոդվածներ կարդալու և ներկայացնելու հմտությունների ձևավորումը: Հույս ունենք, որ դրա արդյունքում կունենանք մեծ քանակությամբ նախագծեր, որոնք ոչ միայն գիտական արդյունք կտան, այլ նաև այդ արդյունքները կհրապարակվեն: Բացի այդ, մտածում ենք կազմակերպենլ ուսանողական համաժողով, որի ընթացքում սովորողները կներկայացնեն իրենց նախագծերի արդյունքները: Համաժողովին կարող են մասնակցել նաև գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ՝ ծանոթանալու այդ արդյունքներին: Կարծում ենք, որ սա հավելյալ մոտիվացիա կհանդիսանա ուսանողների համար»,- շեշտում է Հայկը՝ հույս հայտնելով, որ ավելի հեռանկարում Gitak.club-ի շուրջ կստեղծվի գիտական-ուսանողական համայնք, որն իրեն կապահովի նոր նախագծերով:

«Կարծում եմ, որ Gitak.club-ի նման նախագծերը Հայաստանի վերափոխվող գիտահետազոտական էկոհամակարգի մի մասն են։ Հայաստանն ապագայում ուժեղ և մրցունակ տեսնելու համար գիտության առաջխաղացմանը նպաստող նախաձեռնությունները բոլորիս աջակցությունը պետք է ստանան»,-նշում է մեր զրուցակիցը՝ ուսանողներին և հետաքրքիր նախագծեր ունեցող ղեկավարներին հորդորելով միանալ Gitak.club-ին և այդ փոփոխությունների իրագործման մաս դառնալ:

 

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

In topic