Պատանի գիտնականները երազում են իրենց աշխատանքներով ապագայում օգտակար լինել մարդկությանը

  05 May 2021  161 view
Պատանի գիտնականները երազում են իրենց աշխատանքներով ապագայում օգտակար լինել մարդկությանը

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնակից աշակերտները ներկայացրել են սեփական հետազոտությունները, գիտական վերլուծություններն ու եզրակացությունները՝ տարբեր բնագավառներում:

Փառատոնին, որի նպատակն է դպրոցահասակ սովորողների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտություններ, մասնակցել են Երևանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի 20 ուսումնական հաստատությունների շուրջ 110 աշակերտներ` ներկայացնելով 44 գիտահետազոտական նախագիծ:

Erit.am–ի զրուցակից պատանի գիտնականները ներկայացնում են Երևանի պետական բժշկական համալսարանի ավագ դպրոցը: «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ Մհեր Սանոսյանը և Ռուբեն Խուրշուդյանը Հայկական համադպրոցական գիտության փառատոնին են ներկայացրել «Մակաբուծների հայտնաբերումը մողեսների արյան մեջ» գիտական նախագիծը: Այն հարցին, թե ինչու են հատկապես այս թեման ընտրել, նրանք պատասխանում են.

«Հայկական լեռնաշխարհը բնակեցված է մանրամասն ուսումնասիրության կարիք ունեցող մի շարք կենդանատեսակներով, որոնցից է նաև ժայռային մողեսը: Այս կենդանատեսակը որոշ չափով ուսումնասիրվել է ծագումնաբանական, բազմացման և մի շարք այլ տեսանկյուններից, սակայն դեռևս բավարար ուսումնասիրված չէ նրա արյան մեջ մակաբույծների առկայությունը, վարակման ուղիներն ու փոխանցման օղակները»:

Հետազոտության ընթացքում պատանի գիտնականները համագործակցել են ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի հետ.

«Այդ համագործակցությունը մեծ փորձառություն էր մեզ համար: Մի բան է ուսումնասիրել ոլորտը տեսականորեն, մեկ այլ բան՝ մեկ քայլ մոտենալ այդ ոլորտի գործնական ուսումնասիրության դաշտին»,- ոգևորված բացատրում է Մհերը: Լրացնելով ընկերոջը՝ Ռուբենն իր հերթին հավելում է, որ գիտական միջավայրը չափազանց հրապուրիչ է իրենց համար:

Փորձի ընթացքում աշակերտները դիտարկել են Հայաստանի ժայռային մողեսների` մակաբույծներով վարակվածության առանձնահատկությունները` կախված թե՛ կենդանու տեսակից, թե՛ սեռից․

«Արդյունքում պարզել ենք, որ երկսեռ մողեսների արուները արական հորմոնի իմունաճնշող գործառույթի պատճառով վարակվածության ավելի մեծ աստիճան ունեն, քան էգերը: Իրենց հերթին, կուսածին մողեսները ավելի քիչ ենթակա են վարակվածության, քան երկսեռ մողեսները, քանի որ էվոլյուցիայի ընթացքում մակաբույծների նկատմամբ ձեռք են բերել իմունային կայունություն, որը փոխանցվում է սերունդներին»,- իրենց եզրակացությունն են ներկայացնում պատանի գիտնականները:

 Նշենք, որ «Մակաբուծների հայտնաբերումը մողեսների արյան մեջ» գիտական նախագիծը արժանացել է պատվոգրի` միջազգային Society for In Vitro Biology ասոցիացիայի կողմից:

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մեկ այլ խումբ Գիտության փառատոնի շրջանակում ուսումնասիրել են բարդ և ընդգրկուն մի թեմա՝ «Թելոմերների գենետիկական պոլիմորֆիզմը և շիզոֆրենիայի առաջացման հավանականությունը»: Հետազոտությունը կատարել են ապագա բժիշկներ Աննա Պապյանը և Գեղեցիկ Մնացականյանը:

«Շիզոֆրենիան ուղեղի ժառանգական, քրոնիկ և ծանր նեյրոհամակարգային խանգարում է, որը մինչ օրս չունի արդյունավետ բուժում կամ վաղ ախտորոշման լայն հնարավորություններ,- բացատրում են աշակերտները,- սակայն փորձել ենք կապ գտնել շիզոֆրենիայի և թելոմերների TERC և TERT գեների պոլիմորֆիզմների մեջ»:

Ինչպես ներկայացնում են, փորձը կատարել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում` ՊՇՌ-ի միջոցով ուսումնասիրելով քրոնիկ շիզոֆրենիայով տառապող 84 պացիենտների և 78 առողջ անձանց համապատասխան գեները:

«Աշխատանքի արդյունքում թելոմերների պոլիմորֆիզմների և շիզոֆրենիայի առաջացման կապը չի հաստատվել, սակայն կարծում ենք, որ ստացված արդյունքի հաստատման համար անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ` հետազոտվող նմուշների ավելի մեծ քանակով»,- գիտականորեն բացատրում է Աննան:

Աղջիկները, միմյանց փոխլրացնելով, ասում են, որ այս հետազոտական աշխատանքը կրկին վերհաստատել է իրենց ձգտումը` դառնալու բժիշկ, ուսումնասիրելու օնկոլոգիա, նյութափոխանակության խանգառումներ, կենսաքիմիա և տարատեսակ պաթոլոգիաներ․

«Մեր աշխատանքով մարդկանց օգնելը մեծ երազանք է: Շատ ենք ուզում բարեգործական հիմնադրամներ ստեղծել հիվանդ երեխաների համար և դառնալ այնպիսի բժիշկ, որը երբևէ ստիպված չլինի հայտնել իր պացիենտին, որ բժշկությունն այլևս անզոր է»,- բարի կամքով եզրափակում են նրանք:

Հավելենք, որ նախագիծը գրավել է 2-րդ տեղը Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) կազմակերպած քսաներորդ տարեկան գիտական օլիմպիադայի «Կյանքի մասին գիտությունները՝ ավագ դասարաններում» անվանակարգում:

Նյութը՝ Լալա Բադոյանի

In topic