«Nrane wine». Նռան գինի ու հյութ՝ Մեղրու տարածաշրջանի սահմանային Ալվանք գյուղից

  10 May 2021  1071 view
«Nrane wine». Նռան գինի ու հյութ՝ Մեղրու տարածաշրջանի սահմանային Ալվանք գյուղից

Սյունիքում, իսկ շուտով նաև Երևանի խանութներում հնարավոր կլինի ձեռք բերել Մեղրու տարածաշրջանի Ալվանք գյուղում արտադրվող գինիներն ու նռան հյութը։ Գյուղը հայ–իրանական սահմանին է, իսկ վերջին պատերազմից հետո այն արևելքից ընդամենը մեկ գյուղով է բաժանված ադրբեջանական զինուժից (Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված–հեղ․)։

«Nrane wine» անունով նռան գինին արտադրում է 35–ամյա Արտակ Մովսիսյանը։

«Նռան գինի սկսեցինք պատրաստել հայրիկիս հետ՝ մոտ 18 տարի առաջ։ Միայն վերջին 3 տարին է, որ այն սկսել ենք շշալցնել ու այդպես սպառել», – պատմում է Արտակն ու կիսվում իր անցած ճանապարհով։

Նուռը չկարողացանք սպառել, որոշեցինք գինի ստանալ

Ալվանքում չեմ ծնվել, մենք այստեղ տեղափոխվել ենք տարիներ առաջ, մեծ այգիներ հիմնել:

17-18 տարի առաջ էր, ես դպրոցական էի։ Հիշում եմ՝ այդ տարի շատ նուռ ունեինք ու չկարողացանք այն սպառել։ Բերքի մեծ մասը մնացել էր և որպեսզի այն չփչանա, հայրիկս որոշեց ինքնաշեն սարքով նուռը ճզմել ու տնական ձևով գինի ստանալ։ Առաջին փորձն էր ու անսպասելիորեն շատ բարձր որակի գինի ստացվեց․ ում հյուրասիրում էինք՝ բոլորին դուր էր գալիս, մեկը մյուսին էր պատմում ու գինին սպառվում էր։ Քիչ–քիչ մշտական գնորդներ ունեցանք։ Ես մեքենայով ամեն տարի այդ տնական գինին Երևան էի բերում ու մարդիկ արդեն գիտեին՝ այսինչ ժամանակ նռան գինի կունենան, նույնիսկ անհանգստանում էին, եթե մի քիչ ուշացնում էի (ծիծաղում է–հեղ․)։ Վերջին 3 տարին որոշեցի վաճառքը շարունակել արդեն շշալցված տեսքով։ Նռան գինուն տարիների ընթացքում ավելացավ նաև հյութը։ Նուռը ճզմում ենք հենց կեղևի հետ, ինչը յուրահատուկ նրբերանգ է տալիս ու պահպանում բոլոր օգտակար հատկանիշները։ «Նռանե»–ի թե՛ գինին, թե՛ հյութը չեն պարունակում ոչ մի տեսակի հավելում, կոնսերվանտ, դրանք լիովին օրգանիկ են ու մշակվում են ձեռքով։

«Movsisyan’s wine»

Այժմ մեր արտադրանքը հայտնի է «Նռանե» անունով, սակայն առաջիկայում նախատեսում եմ ընդլայնել արտադրությունը։ Հյութը կշարունակի կոչվել «Նռանե», իսկ գինիները կվաճառվեն «Movsisyan’s wine» պիտակով։ Անցյալ տարվանից նռան գինուց բացի փորձեցինք ստանալ նաև բալի ու խաղողի գինիներ, դարձյալ առանց որևէ հավելումների։ Այսօր մեր արտադրանքը հնարավոր է գնել Երևանում՝ Ազգային մոլում, իսկ Սյունիքի խանութներում վաճառքը հասցրել ենք մինչև Գորիս․ Կապանում կա շատ խանութներում, Մեղրիում, Ագարակում։ Մարդիկ, որոնք արդեն գիտեն մեզ,  գնելու համար գալիս են նաև Ալվանք՝ մեր մառան․ հետաքրքիր մառան ունենք հին գյուղական ոճով։ Այստեղ այցելելու դեպքում գնելը պարտադիր չէ, կարող եք ուղղակի գալ, գինի համտեսել։ Սիրով բոլորին հյուրասիրում եմ։

Պատերազմը շատ ազդեց բոլորիս վրա

Մառանից բացի մեր տանը կից մի հին կառույց էի գնել, շատ գեղեցիկ պատշգամբ ունի։ Նախատեսում էի այն հյուրատուն դարձնել, որտեղ հնարավոր կլիներ գալ, գինի ու մեր ավանդական ուտելիքները համտեսել, հանգստանալ։
Մեծ պլաններ ունեի․․․ Դրանք հիմա էլ կան, հետ չեմ կանգնել այդ մտքերից, ուղղակի պատերազմը շատ ազդեց բոլորիս վրա։ Հիմա մեզ շատ են մոտեցել (նկատի ունի ադրբեջանցիներին–հեղ), եսիմ՝ մենք մի քանի տարի հետո հյուր կունենա՞նք, չե՞նք ունենա, մարդ կգա՞ այս գյուղ։ Մի քիչ անհասկանալի վիճակ է․ չգիտես՝ սարքես, չսարքես։