«Այդ սարերն անվերջ սպասելու են մեզ» ․ «Տիեզերք բենդի» անդամները՝ Դադիվանքում ունեցած վերջին ելույթի, պատերազմից հետո գրված ու գրվելիք երգերի մասին

  10 May 2021  382 view
 «Այդ սարերն անվերջ սպասելու են մեզ» ․ «Տիեզերք բենդի» անդամները՝ Դադիվանքում ունեցած վերջին ելույթի, պատերազմից հետո գրված ու գրվելիք երգերի մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նրանց միավորեց «Երաժշտական լաբորատորիա» առարկան և ազգային երաժշտության հանդեպ սերը։ Առաջին քայլերն արեցին երեքով։ Հիմա բենդի կազմում երկուսն են՝ ֆլեյտահար Լուսինեն ու կիթառահար Էլիզան։ Աղջիկները համոզված են՝ «Տիեզերքը» գաղափար է, ոչ թե մարդիկ։ Փորձում են այն տեղ հասցնել երկուսով։

«Տիեզերքի» երաժշտական ուղին ձգվում է արդեն 6 տարի։ Շուտով Լուսինեն կավարտի կոնսերվատորիայի ֆլեյտայի բաժինը, Էլիզան էլ կստանա դիզայների որակավորում։ Մտադիր են ավարտելուց հետո ձայնագրել իրենց նոր ալբոմը․ կարանտինի ընթացքում շատ երգեր են գրվել։

Erit.am-ի զրուցակիցներն են «Տիեզերք» բենդի անդամներ Լուսինե Մլքե-Գալստյանն ու Էլիզա Բաղդիյանը։

Երաժշտությունն իմ կյանքում

Էլիզա։ Միշտ է եղել սերը երաժշտության հանդեպ։ Մանկապարտեզի սոլո երգողն էի։ Ավելի ուշ երգի խմբակ գնացի։ 14 տարեկան էի, երբ ծանոթներիցս մեկն ասաց՝ ուզում եմ կիթառ սովորել, որ քաղաքից դուրս գնանք, նվագեմ ընկերներիս համար։ Մտածեցի՝ շատ հավես է, ես էլ եմ ուզում։

«Տիեզերքն» իրոք տիեզերական մի բան էր, որն այդ ամենը հավաքեց մի տեղ, ու հասկացա՝ որքան մեծ դեր ունի երաժշտությունն իմ կյանքում։

Լուսինե։ Հայրիկս քանդակագործ էր, նկարիչ, քույրս ու եղբայրս թատրոնի ասպարեզում են, բայց ես միշտ իմացել եմ՝ իմը երաժշտությունն է։ Կատաստրոֆիկ վատ էի երգում, բայց շատ էի սիրում։ Այնքան երգեցի, որ սկսեց ստացվել։ Ամեն առավոտ կրթահամալիրում «Առավոտ լուսո» էի երգում, երեխաներն էլ ձայնակցում էին։ Ինձ շատ էր դուր գալիս։

Սկզբում շվիի գնացի․ «Միհր» թատրոնի ներկայացումներից մեկում Կոմիտասի աշակերտին էի մարմնավորում։ Հետո անցա ֆլեյտայի։ Կարելի է ասել՝ ամեն բան ստացվել է ոչ պատահական պատահականությունների շնորհիվ։ Երևի հենց այսպես էլ պետք է լիներ։