7 միֆ առողջ ապրելակերպի վերաբերյալ, որոնք խանգարում են ձեր առաջընթացին

  10 May 2021  149 view
7 միֆ առողջ ապրելակերպի վերաբերյալ, որոնք խանգարում են ձեր առաջընթացին

Իդեալական առողջություն և մարմին ունենալու ճանապարհին հաճախ բախվում ենք այնպիսի կարծիքների, որոնք առաջին հայացքից ճշմարիտ են թվում, բայց իրականում խոչընդում են առաջընթացը: Առանձնացրել ենք առողջ ապրելակերպի վերաբերյալ գլխավոր միֆերը, որոնք վնասից բացի որևէ օգուտ չեն տալիս:

Չի կարելի ուտել 18:00-ից հետո

Տարածված կարծիք կա, թե 18:00-ից հետո չուտելն օգնում է արագ նիհարել, սակայն որոշ դեպքերում այդ միտումը ոչ միայն չի օգնի, այլև վնասակար կլինի առողջության համար: 18:00-ից հետո ուտել կարելի է, բայց ոչ ծանր և վնասակար սնունդ. օգտագործեք սպիտակուցներով հարուստ մթերք, աղցաններ, կանաչեղեն: 

Ուտելիս չի կարելի ջուր խմել

Շատերը պնդում են, թե ուտելիս ջուր օգտագործելը վատ է անդրադառնում ստամոքսահյութի արտադրության վրա: Իրականում ուտելիս ջուր խմելը նորմալ է: Իդեալական տարբերակը սննդի հետ հենց ջուր, ոչ թե քաղցր կամ գազավորված հյութեր օգտագործելն է: Կա ևս մեկ կարևոր մանրուք՝ յուղոտ սննդի հետ, որն առհասարակ կարելի է քչացնել սննդակարգից, պետք չէ օգտագործել սառը ջուր: 

Յուղերը միշտ վատ հետևանքներ են ունենում, իսկ սպիտակուցները՝ լավ

Յուղերից խուսափել պետք չէ: Պարզապես պետք է ճիշտ մթերքների մեջ և ճիշտ չափաբաժնով օգտագործել այն: Յուղի աղբյուր կարող է լինել ձուկը, ավոկադոն, ձիթապտուղը, ընկույզը: Հակառակ միֆն է սպիտակուցների պարագայում: Դրանք օգտակար են, բայց չափից շատ օգտագործումը կարող է վատ անդրադառնալ նյութափոխանակության վրա, առաջացնել երիկամների հետ կապված խնդիրներ, հանգեցնել հոգնածության:

Առանց սպորտային հավելումների արդյունքի հասնել հնարավոր չէ

Սննդի հետ կապված հաջորդ միֆը վերաբերում է սպորտային հավելումներին: Շատերը մտահոգվում են, որ առանց դրանց հնարավոր չէ մկանային զանգված հավաքել և նշանակալի արդյունքների հասնել: Անխոս, դրանք հիանալի են լրացնում հիմնական սնունդը, բայց այստեղ բանալի բառը «լրացնում»-ն է: Առանց պրոտեինի հնարավոր է արդյունքի հասնել, եթե առանց այն էլ հետևում եք ճիշտ սննդակարգին և մարզումներին: 

Պետք է մարզվել ամեն օր 

Միտքը, թե արդյունքի հասնելու համար պարտադիր պետք է ամեն օր մարզվել, իրականության հետ այնքան էլ աղերս չունի: Առանց հանգստի մարզվելը հավելյալ ֆիզիկական և հոգեբանական ճնշում է: Մարզասրահում լիարժեք մարզում անցկացնելուց հետո հանգիստ կարող եք մեկ օր մոռանալ ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին: Այդպես և՛ մկանները կվերականգնվեն, և՛ դուք նոր էներգիայով կլցվեք: 

Քրտինք = յուղ և առանց քրտինք չկա արդյունք

Կա աբսուրդային կարծիք՝ եթե մենք քրտնում ենք մարզման ժամանակ, ուրեմն  օրգանիզմն ազատվում է անպետք յուղերից: Մարզումից անմիջապես հետո կշեռքի թիվը կարող է նվազած լինել, բայց դա բացառապես ջրի և ոչ յուղի կորստից է: Շատերն էլ կարծում են՝ եթե մարզման ժամանակ չեն քրտնում, ուրեմն մարզումն արդյունավետ չէ: Հիշեք, որ քրտնարտադրության գործընթացը բոլորի մոտ միատեսակ չի ընթանում. ոմանք շատ են քրտնում, ոմանց մոտ միայն ճակատին է հայտնվում 1-2 կաթիլ, բայց դա բնավ չի նշանակում, թե վերջիններս չեն նիհարում: 

Գոյություն ունեն մարզումների և սննդակարգի ունիվերսալ ծրագրեր

Համացանցում շատ են տարբեր աստղերի կողմից մարզումային և դիետաների ծրագրերը, բայց դրանց ունիվերսալությունը միֆային է: Որոշ դեպքերում այդ ծրագրերը կարող են վնասակար լինել ձեր առողջությանը: Ծրագիր ընտրելիս հաշվի առեք ձեր նպատակը, մարմնի կառուցվածքը, կենսակերպը, ոչ այնքան առողջ օրգաններ ունենալը: 

Ամեն ինչի կուրորեն հավատալուց առաջ պարզապես լսեք օրգանիզմին և հետևեք ներքին զգացողությունը:



In topic