ՕԽ. Ըմբշամարտի մրցումներում Հայաստանը կունենա 6 ներկայացուցիչ

  10 May 2021  109 view
ՕԽ. Ըմբշամարտի մրցումներում Հայաստանը կունենա 6 ներկայացուցիչ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը, որում 84 երկրից 474 մարզիկ պայքարել է եզրափակիչ դուրս գալու՝ այդպիսով ուղեգիր նվաճելու համար: Հայաստանի 6 ներկայացուցիչներից երկուսին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանին (60 կգ) և Կարեն Ասլանյանին (67 կգ), հաջողվել է հասնել անհրաժեշտ արդյունքին:



60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10:1 հաշվով հաղթել է մեքսիկացի Սամուել Վիգուերասին: Հաջորդիվ Մելիքյանը 9:0 հաշվով հաղթել է լիտվացի Յուստաս Պետրավիչյուսին, 3:1 հաշվով՝ ռումինացի Ռազվան Արնաուտին, իսկ կիսաեզրափակչում 5:2 հաշվով պարտության է մատնել հարավկորեացի Հանջա Չունին՝ դուրս գալով եզրափակիչ և միևնույն ժամանակ ապահովելով իր տեղը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում: Եզրափակչում Արմեն Մելիքյանը պետք է մրցեր Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Չոբանուի հետ, սակայն վնասվածքի պատճառով չի մասնակցել գոտեմարտին: