«ՍՔԱՅ» երիտասարդական ակումբներ և բիզնեսի աջակցություն. ծրագրի ամփոփում

  12 May 2021  527 view
«ՍՔԱՅ»  երիտասարդական ակումբներ և բիզնեսի աջակցություն. ծրագրի ամփոփում

Ավարտին է մոտենում «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» տարածաշրջանային ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում և Վրաստանում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագիրը մշակել է «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ։ Եռամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2018 թվականի փետրվարին, պետք է ավարտվեր 2021 թվականի սկզբին, սակայն համավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով երկարաձգվել է մինչև հունիս ամսվա վերջ:

Ծրագրի շրջանակում իրականացված նախագծերի և արդյունքների շուրջ Erit.am-ը զրուցել է «Վորլդ Վիժն» կազմակերպության երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանի հետ:

«ՍՔԱՅ» երիտասարդական ակումբներ     

Ծրագրի շրջանակում Հայաստանի երեք մարզի չորս տարածաշրջանում՝ Արարատ, Գավառ, Ստեփանավան և Ալավերդի, հիմնվել է «ՍՔԱՅ» երիտասարդական 7 ակումբ, որոնցում ներգրավված է շուրջ 150 երիտասարդ: Դրանք գործում են տեղի հենակետային քոլեջներում՝ Գավառի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական, Արարատի  պետական քոլեջներում և Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանում: Լիանա Սարգսյանի խոսքով՝ ակումբների ստեղծման նպատակն էր տեղի երիտասարդներին կրթել որպես ակտիվ քաղաքացիներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում որոշումների կայացման գործընթացում․

««ՍՔԱՅ» ակումբը «Վորլդ Վիժն»-ի ստեղծած մոդելն է: Մոդելի գաղափարը հետևյալն է՝ ոչ ֆորմալ ուսումնառության մեթոդներով ինտերակտիվ, ակումբային միջավայրում համախմբել տվյալ համայնքի երիտասարդներին և նրանց կրթել չորս հենասյուների վրա հիմնված ուսումնական ծրագրով»,- ասում է Լիանան՝ հավելելով, որ հարակից հմտություններ ձևավորող այդ հենասյուներն են՝ ակտիվ քաղաքացիություն, առաջնորդություն, աշխատունակություն և սոցիալական ձեռներեցություն:   

«ՍՔԱՅ» երիտասարդական ակումբներում  շաբաթը մեկ անգամ տեղի է ունենում երիտասարդների հանդիպում, որը վարում են ինտենսիվ վերապատրաստում անցած կամավոր առաջնորդներ: Այդ հանդիպումների ընթացքում ինտերակտիվ ուսումնառության միջոցով երիտասարդները որևէ թեմայի շուրջ ձեռք են բերում հարակից գիտելիքներ. ուսումնական ծրագիրը ներառում է շուրջ 80 թեմա: 3-4 ամիսը մեկ անգամ այդ հմտությունները գործնականում կիրառելու նպատակով նրանք գնահատում են համայնքի կարիքները, իրենց ուժերի ներածին չափով վերհանում և հասցեագրում այդ կարիքը․

«Օրինակ, Ստեփանավանում երիտասարդական ակումբը որոշեց, որ տեղի քոլեջի երիտասարդների համար անհրաժեշտ են պահարաններ, Գավառի ակումբի երիտասարդները ստեղծեցին «Հայտնի գավառեցիները» արահետը, իսկ Արարատի ՍՔԱՅ ակումբի երիտասարդները որոշեցին Գրքի տոն կազմակերպել և Արարատի մշակույթի կենտրոնում տեղակայված գրադարանի համար ձեռք բերեցին նոր գրքեր և կազմակերպեցին ընթերցանությունը խթանող միջոցառում:

Այսպիսի օրինակները շատ են. այս ընթացքում ծրագրի շրջանակում հիմնված ակումբները ներկայացրել են շուրջ 300 տարբեր նախագծեր»,-նշում է մեր զրուցակիցը: Լիանայի խոսքով՝ ծրագիրն ավարտվում է հունիսին, սակայն արդեն նշաններ կան, որ, օրինակ, Արարատի պետական քոլեջը ցանկանում է պահել իր «ՍՔԱՅ» ակումբը, իսկ Գավառի ակումբը համանուն կազմակերպություն գրանցել և շարունակել իր գործունեությունը:


«Քան» ակադեմիա առցանց հարթակի հայաֆիկացում

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի մյուս բաղադրիչով «Վորլդ Վիժն»-ը հայաֆիկացրել է «Քան» ակադեմիա առցանց ուսումնառության հարթակում առկա մի շարք ուսումնական նյութեր․

««Քան» ակադեմիան միջազգային հայտնի պլատֆորմ է՝ որակյալ բովանդակությամբ և հետաքրքիր նյութերով: Ծրագրի շրջանակում թարգմանվել է շուրջ 60 նյութ. դրանք հայաֆիկացվել, ադապտացվել և անվճար հասանելի են դարձել Հայաստանի երիտասարդների համար: Այդ ընթացքը համընկավ համավարակի տարածման հետ, և հարթակից օգտվողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով կտրուկ ավելացավ՝ հասնելով շուրջ 500 հազարի», - ասում է Լիանան՝ հավելելով, որ ընտրվել են երիտասարդներին հետաքրքրող այն թեմաները, որոնք կօգնեն վերջիններիս՝ ավելի հեշտ մտնել աշխատաշուկա: