Ինչպիսին է հայ գրականությունը, հայ հեղինակն ու հայ հերոսը. Հայաստանը մասնակցում է Եվրոպական միության գրական մրցանակի

  12 May 2021  275 view
Ինչպիսին է հայ գրականությունը, հայ հեղինակն ու հայ հերոսը. Հայաստանը մասնակցում է Եվրոպական միության գրական մրցանակի

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպական միության գրական մրցանակի: Դեռևս 2018 թվականին Հայաստանը պաշտոնապես միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Այն Եվրոպական հանձնաժողովի կողմից իրագործվող մշակույթի ֆինանսավորման ամենամեծ նախագիծն է, որը ֆինանսավորում է նաև 2009 թվականին մեկնարկած Եվրոպական միության գրական մրցանակը (EUPL): Նախաձեռնությունն ամբողջ Եվրոպայում հանրահռչակում է ճանաչման ուղին բռնած արձակագիրներին։ Մրցանակը յուրաքանչյուր երկրից շնորհվում է ամեն տարի ընտրված մեկական հեղինակի։ 2021 թ․-ին այդ երկրները 14-ն են:

Հայաստանը ներկայացնող 5 ստեղծագործություններն են՝ Հովիկ Աֆյանի «Կարմիր», Արամ Պաչյանի «PF», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի», Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին»:

Նշենք, որ հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 18-ին՝ առցանց միջոցառման ընթացքում, իսկ հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա ավելի ուշ։

Մեզ հետ զրույցում թեկնածու հեղինակներն ու հրատարակիչները (խմբագիրները) ներկայացրել են ստեղծագործությունները, կիսվել տպավորություններով և ակնկալիքներով:

Վերհիշելով գրականություն մուտքի առաջին տպավորություններն ու զգացողությունները՝ «PF»-ի հեղինակ Արամ Պաչյանն անկեղծանում է. «Հիշում եմ իմ առաջին մուտքը «Գրեթերթ»: Սենյակն ինձ համար ասոցացվում էր գրականության հետ: Գրականությունը մեզ համար երազ էր, ինչ-որ առումով՝ նաև հեքիաթ: Եվ այն ահռելի հավատը, որ կար գրականության հանդեպ, այս տարիների ընթացքում մնացել է անբեկանելի»:

Արժևորելով հայի ստեղծարար ուժն ու այն համարելով գոյատևման գրավական՝ հեղինակը հայ պատմիչ Լեոյից մեջբերում է անում. «Իր 4-րդ հատորի առաջաբանում Լեոն այսպիսի մի միտք ունի՝ «Հայ ժողովրդի ամենահուզիչ կողմերից մեկը իր զավակների ստեղծարար ուժն է, հայ ժողովուրդը շատ ծանր պատմական շրջափուլեր է ապրել, բայց իր ժողովրդի զավակների անկոտրում ստեղծարար բնույթի շնորհիվ շարունակում է գոյատևել»։ Ես համակարծիք եմ պատմիչի հետ»:

Ներկայացնելով իր վեպի անցած ուղին՝ Արամը հիշում է. «Իմ վեպի շնորհանդեսը սեպտեմբերի 26-ին էր, ընդամենը 7 ժամ հետո սկսվեց պատերազմը և գրքիս լինելիությունը ինձ համար փոշիացավ, որովհետև եթե կա պատերազմը, լռում է ամեն ինչ, նույնիսկ արվեստը»:

Հեղինակը այս ամենով իր գրքի ծնունդը  խորհրդանշական է համարում: Ստեղծագործության մասին խոսելիս հեղինակը նշել է, որ «PF»-ը հանրահաճո գիրք չէ. այն ծնվել է ներքին ազատությունից և անցած երկար ճանապարհի արդյունք է: Վեպը կառուցված է հատվածներից: Այն մի անկարևոր հերոսի մասին է, որը ապրում է Երևանում և կորցրել է իր մանկության ու պատանության քաղաքը․

«Հուշազրկությունը, որ ունի Երևանը, անդրադառնում է նաև հերոսի կյանքին ու էությանը, որովհետև երբ հուշազրկվում է քաղաքը, հուշազրկվում է նաև մարդու բնույթը: Դրանք կորուստներ են, որոնք դժվար են վերականգնվում, կամ վերականգնվում են մասնակիորեն՝ բեկորային»,- մեկնաբանում է Պաչյանը:

Նա պատմում է, որ վաղուց հետաքրքրված է Զեն բուդդիզմով, ինչը երկար ճանապարհ էր իր համար և արտացոլվել է գրքում՝ միանալով Երևանի հիշողությանը․

«Գիրքը կարևոր է ինձ համար նրանով, որ սա ստեղծվել է Զեն բուդդայական կուաների ոճով: Կուաները առակատիպ տեքստեր են, որոնք մեգիտատիվ բնույթ ունեն. խաղաղության կանչ են՝ պահը որսալու, ներքին ապրումները ամրագրելու առումով»,- ասում է Արամը:

Անդրադառնալով Եվրոպական գրական մրցանակի թեկնածու լինելու հանգամանքին՝ Արամ Պաչյանն արձանագրում է, որ թեև մենք միշտ եղել ենք եվրոպական գրականության մաս, հետևել ենք եվրոպական գրական ավանդույթին, այդուհանդերձ,  պատմաքաղաքական կոնտեքստում երկար տարիներ հայ գրականությունը կղզիացած է եղել եվրոպական գրականությունից, և եկել է բեկում մտցնելու պահը: