Սեփական խնդիրները չդարձնել կապանք ու գնալ ապրելու․ Զրույց «Ճոճվող ժամեր» վեպի շուրջ

  12 May 2021  213 view
Սեփական խնդիրները չդարձնել կապանք ու գնալ ապրելու․ Զրույց «Ճոճվող ժամեր» վեպի շուրջ

«Վեպում տատանվող իրականությունն է, որում ապրող կիսատ մարդիկ լրանալու և հավանության արժանանալու խնդիր չունեն»,- գրականագետ, վեպի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն այսպես է բնորոշում Լիլ Արամիի «Ճոճվող ժամեր»-ը։

Վեպը գրվել է մեկ տարում, փոփոխությունների ենթարկվել շուրջ 4 տարի։ Լիլ Արամիի առաջին գիրքն է։ Գրականությանը մոտենալու վախեր հեղինակը չի ունեցել․ստեղծագործում է դպրոցական տարիքից։ Ասում է՝ «Ճոճվող ժամերը» ինքն իր հետ ունեցած վեճերի ու փորձարկումների արդյունք է։

Երիտասարդ արձակագրի հետ erit.am-ի զրույցը կարող եք ընթերցել ստորև։


-
Վեպում ասում ես՝ «Լավ գիրքը ռոքի պես գոռոց է բոլոր անհեթեթ մտքերիդ վրա, թելադրում է իր պատմությունն ու քոնը շպրտում մի կողմ»։ «Ճոճվող ժամերը» ի՞նչ պատմություն է թելադրում։

-«Ճոճվող ժամերը» պատմություն չի թելադրում, այլ կոտրում է պատմութան տրամաբանությունը․վեպում սյուժետային գծերը հստակ ընդգծված չեն։ Ըստ էության՝ չհամակարգված պատմությունների վեպ է։ Վեպ, որը գոյություն ունի բոլորիս իրականության մեջ․միշտ չէ, որ մեր իրականությունը սյուժետային է, սկիզբ ու ավարտ ունի կամ կազմակերպված է։

-Վեպը երեք մասից է բաղկացած՝ Խաւարականն, Մթացեալն ու Առաւոտն։ Ինչպե՞ս որոշվեց։ Կարծես ճանապարհ լինի, որով անցնում են վեպի հերոսները՝ միայնակ մարդիկ։

-Հին հայկական տոմարով 24 ժամվա համար անուններ ենք ունեցել։ Վերցրել եմ այդ ժամանուններից երեքը։ Հենց գրաբարով էլ գրված են։ ։ 

Խաւարականն կեսգիշերն է, երբ ամեն ինչ խավարի մեջ է։ Կարելի է ասել՝ մարդու զրոյական վիճակն է։ Մթացեալն գիշերվա ժամը երեքն է։ Սա այն ժամն է, երբ մարդիկ ունենում են տեսիլքներ։ Եթե վախեր կամ անհանգստություններ ունեն, սովորաբար այս ժամին է արտահայտվում․ ընդգծվում է նրանց մենությունը, բայց որոշակի տեղաշարժ կա զրոյական վիճակից։

Իսկ Առաւոտն՝ առավոտյան ժամը ինն է՝ տանից դուրս գալու, աշխատանքի գնալու, ինչ-որ բան սկսելու, նախաձեռնելու ժամը։

-Կերպարները հորինվա՞ծ են, թե՞ իրական։ Կա՞ մի կերպար, որի նախատիպը դու ես։

-Գրեթե բոլոր կերպարներն իրենց նախատիպերն ունեն։ Իհարկե նաև անկախ են այդ նախատիպերից․ենթարկվում են գեղարվեստական ստեղծագործության կանոններին՝ կարող են փոխել իրենց բնավորությունը, վարքագիծը, զրկվել նախատիպին բնորոշ գծերից կամ ստանալ նորերը։  Բացի այդ՝ անվանափոխված են։

Կերպարներն անկախ են,  «Ճոճվող ժամերի» մարդիկ են։ Սխալ կլինի ինչ-որ մեկին նույնացնել ինձ հետ։ Ես եմ հեղինակը ու անմասն չեմ մնացել տեքստից․իմ ստվերի տակ տեղի ունեցող գործողություններ կան, ինչը բնական ու տրամաբանական է։

-«Ճոճվող ժամեր» անվանումն ինչպե՞ս ընտրեցիր վեպի համար։

-Երբ ուղարկեցի խմբագրին, վեպն անանուն էր։ Նա առաջին մասը վերնագրել էր «Ժամեր»։ Ինձ այնքան էլ չգոհացրեց այդ անվանումը, թեև անդրադարձը ժամերին հավանել էի։

Ավելացրի ճոճվողը, որովհետև վեպը տատանվող իրականության մասին է, այն մասին, որ ամեն բան հարաբերական է ու ամեն րոպե կարող է իր տեղն ու ձևը փոխել՝ անկախ նրանից՝ ում ձեռքն է իրեն ճոճում։ Այդպես առաջացավ «Ճոճվող ժամեր» անվանումը։

-Վեպում հարցնում ես՝ «կյանքը կերևա պարզ, հասու, կկորցնե՞մ արդյոք ներքին տեսողությունս»։ Իրական կյանքում ի՞նչ է պետք ներքին տեսողությունը չկորցնելու համար։

-Երևի իրատեսություն է պետք ու ինքդ քեզ հավատարիմ մնալու համառություն։ Երբեմն իրատեսությունը քեզ օգնում է, երբեմն էլ՝ քեզ քեզնից կտրում, ներքին տեսողությունդ էլ ձևափոխում։

Կարծում եմ՝ իրատեսության և ինքդ քեզ հավատարիմ մնալու համառության համադրությունն է լավագույն տարբերակը։

-Վեպն ընթերցելուց հետո տպավորություն է, թե պատմություն է, որն ընկած է աչքի վիրահատությունից առաջ և հետո միջակայքում։ Արդյո՞ք այն, ինչ կատարվում է վեպում, վիրահատության ընթացքում տեսած երազ է, անզգայացման արդյունք։

-Չէ, անզգայացման արդյունք չէ։ Վեպի ավարտը ոչ թե ընթերցողին վերադարձնում է բուն գործողություններին՝ դրանով տապալելով ամբողջ վեպը, այլ հնարանք է։ Այն ամենն, ինչի միջով անցնում է գլխավոր հերոսը, տանում է իրական տեսողության, կարելի է ասել՝ երրորդ աչքի բացվելուն։

Բժիշկը, որն ասում է՝ արդեն տեսնում ես, իրական բժիշկ չէ։ Այդ նախադասությունն ամփոփիչ նշանակություն ունեցող է, ոչ թե գործողությունները սկզբնական կետին վերադարձնող։

-Վեպի հերոսներից Կարմենն ասում է՝ «էս երկիրը երազանքների, պոտենցիալի գերեզմանոց է»։ Արդյո՞ք այդպիսին է Հայաստանը։

-Հայաստանն այդպիսին է Կարմենի աչքերով, ով իր կերպարին բնորոշ ձևով է դիտարկում երկիրը։ Կարմենը շատ էմոցիոնալ է, չի կարողանում կառավարել իր էմոցիաները, չի կարողանում սեփական բիզնեսն առաջ տանել․ խմում է, չհամակարգված կյանքով ապրում։ Երկիրը նման մարդու աչքերով գերեզմանոց դիտարկելը տրամաբանական է։

Իմ կարծիքով՝ ոչ, Հայաստանն այդպիսին չէ։ Հայաստանն ունի տխուր ու նաև զսպող կողմեր առաջնթացի համար, բայց կան շատ անհատներ, որ առաջ են գնում։ Հուսամ՝ շուտով հասարակությունն էլ առաջ կընթանա։