6 սովորություն, որ բնորոշ է առողջ ուղեղին

  14 May 2021  110 view
6 սովորություն, որ բնորոշ է առողջ ուղեղին

Բոլորը ցանկանում են ապրել ակտիվ, վառ և հնարավորինս երկար կյանք, ինչն ուղիղ համեմատական է մեր ուղեղի առողջությանը: Տարիների հետ այս կարևոր օրգանը չի երիտասարդանում, որոշ գործառույթներ թուլանում են։ Եվ եթե գեների հետ ոչինչ անել չենք կարող, ապա ուղեղի առողջության վրա ազդող մյուս՝ սոցիալական, հոգեբանական, էկոլոգիական գործոնները փոխել ի զորու ենք: Այնպես որ՝ օգնեք ձեր ուղեղին առողջ լինել և հնարավորինս ուշ ծերանալ հետևյալ սովորությունների միջոցով։

Հանգստությունն առողջ ուղեղի երաշխիքն է 

Ուղեղը երկաթից չէ, նրան ևս անհրաժեշտ է հանգիստ խնդիրներից և հոգսերից: Քրոնիկ սթրեսը բացասաբար է ազդում ուղեղի վրա՝ փոքրացնելով հիշողության կենտրոնները: Փորձեք հնարավորինս խուսափել սթրեսային իրավիճակներից: Զբաղվեք սիրելի գործով, հանգստացեք հաճելի միջավայրում: Սթրեսից ազատվելու, հիշողությունն ամրացնելու և պարզապես լավ տրամադրություն ունենալու մեթոդներից է մեդիտացիան, իսկ եթե այն ձեզ հարմար չէ, պարզապես քայլեք քաղաքում, գնացեք թատրոն, ցուցահանդես, արեք այն, ինչ հաճույք է պատճառում և հանգստացնում ձեզ ու ձեր անդադար բզզացող ուղեղը: 

Առողջ ուղեղը հասկանում է, թե որքան կարևոր է առողջ սնունդը

Մեր նախընտրած սննդի և ուղեղի աշխատանքի միջև ուղիղ կապ կա: Սա նշանակում է, որ պետք է հնարավորինս շատ օգտագործել կոգնիտիվ գործառույթների դանդեղացմանը հակազդող մթերքներ՝ կաղամբ, հապալաս, բրոկոլի, ձիթապտուղ, «Օմեգա-3» պարունակող մթերքներ: Մրգերը ևս հիանալի հակաօքսիդիչներ են, որոնք կանխում են ուղեղի բջիջների ծերացումը: 

Ֆիզիկական ակտիվություն

Ֆիզիկական ակտիվությունը ևս այն կարևոր քայլերից է, որ կարող եք անել ձեր ուղեղի և առհասարակ օրգանիզմի համար: Դա բոլորը գիտեն, բայց բազմոցից վեր կենալ չեն շտապում: Այդուհանդերձ, տարատեսակ հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆիզիկական ակտիվության ցանկացած տեսակ՝ քայլք, վազք, հեծանիվ վարել, յոգա, նպաստում է կոգնիտիվ ընդունակությունների բարելավմանը: Բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է էնդորֆինների մակարդակը, ինչից կախված է մեր տրամադրությունը: Անգամ հասարակ քայլքը ձեզ կարող է կտրել համակարգչային միջոցներից և իսկապես անպետք տեղեկատվությունից: Չմոռանանք նաև, որ նման զբոսանքների ժամանակ մտածելը հեշտ է, բացառված չէ, որ այդ ընթացքում գտնեք տանջող հարցերի պատասխանները: 

Սովորել, սովորել, սովորել

Ուղեղը մարզավիճակում պահելու համար պետք են մշտական առաջադրանքներ: Փորձեք ամեն օր իմանալ որևէ նոր բան, մտածել ստացած տեղեկատվության շուրջ, վերլուծել: Ուղեղի առողջության համար հիանալի զբաղմունք է նոր, որևէ անծանոթ բանով զբաղվելը․ ինքներդ ձեզ մարտահրավեր նետեք և արեք այն, ինչ նախկինում չեք արել՝ սովորեք նոր լեզուներ, ծանոթացեք նոր մարդկանց հետ, ուսումնասիրեք մշակույթներ: Բարձր կոգնիտիվ ակտիվությունն ուղեղն ավելի դիմակցուն է դարձնում: Աշխատեք անընդհատ սովորել, դա իսկապես կօգնի ձեր ուղեղին ուշ ծերանալ: 

Հաղորդակից եղեք մարդկանց և աշխարհին

Շփումը մարդկային բազային պահանջներից է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ հասարակ զրույցը նպաստում է ուղեղի աշխատանքին։ Սա կարող է շատ թեթև առաջադրանք թվալ, բայց իրականում զրուցելու համար մի շարք ընդունակությունների՝ ներառյալ հիշողության, ուշադրության, մտածողության, խոսքի, սոցիալական տեղեկացվածության համադրություն է անհրաժեշտ։  Որքան շատ են շփումները, այնքան զարգացած են վերոնշյալ ընդունակությունները և հետևաբար քիչ հավանական դեմենցիան կամ Ալցհեյմերի հիվանդությունը։

Առողջ ուղեղը գնահատում է որակյալ քունը և լիցքավորող հանգիստը

Քունը մեր առողջության հիմնաքարերից է։ Անպես որ՝ գիշերային քունը պետք է լինի կանոն, ոչ թե ճոխություն, որը մեզ մի կերպ ենք թույլ տալիս։ Նորմալ քնի պարագայում ուղեղը սթափ է աշխատում, նվազում է սթրեսի ենթարկվելու հավանականությունը։ Բացի քնից, կարևոր է նաև լիցքավորող հանգիստը։ Ձեր գերծանրաբեռնված գրաֆիկում ժամանակ ստեղծեք հանգստի համար, օգնեք ձեր ուղեղին թուլանալ, ինչի շնորհիվ կհաջողվի նաև վերլուծել անհրաժեշտ տեղեկատվությունը և մի կողմ նետել անպետքը։ 

Մի՛ մոռացեք, որ մեր բոլոր գործողությունները և անգործությունն իրենց ազդեցություն են թողնում ֆիզիկական և հոգեբանական առողջության վրա։ Այնպես որ՝ սովորեք սիրել և հոգ տանել սեփական անձի մասին։

 

In topic