«Ուսանողական սպորտն իսկապես մեծ ուշադրության կարիք ունի». Հովհաննես Գաբրիելյան

  14 May 2021  276 view
«Ուսանողական սպորտն իսկապես մեծ ուշադրության կարիք ունի». Հովհաննես Գաբրիելյան

Մեկնարկել են Ուսանողական մարզական 21-րդ խաղերը, որի գարնանային փուլին մասնակցում է 15 բուհի շուրջ 500 ուսանող: Խաղերի ընթացքի և այս տարի նախատեսված ուսանողական մարզական միջոցառումների մասին Erit.am-ը զրուցել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի հետ:

-Ինչպե՞ս են ընթանում խաղերը: Մասնակիցների քանակը գոհացուցի՞չ է: 

-Այս տարի խաղերը կազմակերպելը փոքր-ինչ դժվար էր, քանի որ բուհերի մի մասում դասապրոցեսն առցանց է կամ հիբրիդային ձևաչափով: Նախապես հանդիպել ենք բուհերի ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնների ներկայացուցիչների հետ, քննարկումների արդյունքում ի վերջո եկանք եզրակության, որ խաղերի անցկացումն անհրաժեշտություն է, և ուսանողները որևէ ձևաչափով պետք է մասնակցեն սպորտային, առողջ ապրելակերպի միջոցառումների: Մեր գլխավոր նպատակը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ոչ ակտիվ կենսակերպը ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի միջոցառումներով փոխարինելն է: Գարնանային փուլի համար ընտրված 5 մրցաշարերին մասնակցում է մոտ 500 ուանող մարզիկ: Այս թիվը պայմանավորված է նաև միջացոռումների կրճատմամբ: Արդեն կայացել են շախմատի, բադմինթոնի, 3X3 բասկետբոլի մրցաշարերը: 

-Շախմատ, բադմինթոն, 3x3 բասկետբոլի, դրանգոնբոութ և լողափնյա վոլեյբոլ. ի՞նչ սկզբունքով եք ընտրել գարնանային փուլի մարզաձևերը:

-Ինչպես նշեցի, խաղերից առաջ կազմակերպել ենք մի շարք քննարկումներ՝ բուհերի և մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Ընտրել ենք այն մարզաձևերը, որոնք հետաքրքիր են և հասանելի: Ընտրված մարզաձևերի թիմային մասնակցության համար անհրաժեշտ է առավելագույնը 4-5 հոգի, ինչը համապատասխանում է համավարակի պայմաններում ոչ մեծաթիվ մասնակիցներով միջոցառումներ կազմակերպելու տրամաբանությունը: Բացի այդ, այս մարզաձևերն ուսանողների շրջանում իսկապես շատ մասսայական են. բադմինթոնը բավականին մատչելի է՝ թեկուզ սիրողական մակարդակում մասնակցելու համար, բասկետբոլը՝ սիրված, վոլեյբոլը շատ էկզոտիկ է և շատ են այս մարզաձևից ուսանողական թիմերը, թիավարությունն էլ ավելի էքստրեմալ է, իսկ շախմատի մասին խոսքերն ավելորդ են: 

-Բոլոր բուհերի բոլոր ուսանողները կարո՞ղ են մասնակցել խաղերին և ինչպե՞ս է կատարվում հայտագրումը: 

-Նախկինում բոլոր պետական և ոչ պետական բուհերին և նրանց մասնաճյուղերին հրավերներն ուղարկում էինք նախարարության միջոցով: Այս տարի գարնանային փուլի պատասխանատուն Ուսանողական մարզական ֆեդերացիան է, հրավեր ենք ուղարկել այն բուհերին, որոնք սովորաբար մասնակցում են, ունեն ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոն: Բացի այդ, համագործակցում ենք «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, որը համախմբում է այդ բուհերի բոլոր ակտիվ ուսանողներին: Որպես այդպիսին սահմանափակումներ չկան, բոլոր հետաքրքրված բուհերը կարող են մասնակցել, պարզապես գարնանային փուլի և ձմեռային մարզաձևերի փառատոնի համար նախատեսված է խորհրդանշական մուտքավճար՝ մրցավարության, դահլիճների վարձակալության և պարգևատրման արարողությունների ծախսերի համար: Պաշտոնական գրությունը և խաղերի անցկացման կարգը բուհեր ուղարկելուց հետո սպասում ենք նրանց՝ համապատասխան մարզաձևերից մասնակցության հայտերին՝ թե՛  թիմային, թե՛ անհատական: 

-Բուհերը բավարար չափով համագործակցու՞մ են ֆեդերացիայի հետ մարզական միջոցառումներ կազմակերպելու, առաջնությունների մասնակցելու տեսանկյունից: 

-Առանձնանում են այն մեծ բուհերը, որոնք ունեն ֆիզդաստիարակության ամբիոններ: Ուսանողական մարզական ֆեդերացիան մշտապես համագործակցել է նմանատիպ բուհերի հետ և փորձել հնարավորինս նպաստել մյուսների մարզական ակտիվացմանը: Ֆեդերացիայի նախագահության կազմում ընդգրկված են բուհերի համապատասպան ամբիոնների վարիչները, կան նաև պրոռեկտորներ, ովքեր պատասխանատու են իրենց հաստատությունների սպորտային կյանքը զարգացնելու, առողջ ապրելակերպի կարևորությունը ներկայացնելու համար: Համալսարանական սպորտը զարգացնելու և միջոցառումներ կազմակերպելու համար  վերջին շրջանում սկսել ենք բուհերի հետ նաև հուշագրեր կնքել: Գործընթացը շարունակական բնույթ է կրելու: Սա համագործակցությունը բերում է առավել ինստիտուցիոնալ դաշտ և առաջացնում որոշակի պարտավորություններ թե՛ ֆեդերացիայի, թե՛ բուհի համար՝ կապված ուսումնական գործընթացի բարելավման, բուհերի հավաքական թիմերին և անհատ մարզիկներին միջազգային մրցումների գործուղելու, միջբուհական մրցումներ կազմակերպելու հետ: Համագործակցությունն իսկապես սերտ է: Ինքս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչն եմ, և կարող եմ վստահեցնել, որ համալասրանը բավականին ակտիվ է՝ բազմիցս ուսանողներ է գործուղել եվրոպական տարբեր առաջնությունների, Ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ կազմակերպում է «Դասախոսական գավաթ» միջոցառումը, հյուրընկալում է տարբեր մրցումներ: 

-Վստահաբար, համագործակցում եք նաև միջազգային կառույցների հետ: Մի փոքր կներկայացնեք միջազգային համագործակցությունը:

-Ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի անդամ է, իսկ 2012 թվականից ադամակցում է Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիային: Սերտ համագործակցության արդյունքում հաջողությամբ մասնակցում ենք գրեթե բոլոր միջազգային կարևոր մրցաշարերին, ամառային և ձմեռային ունիվերսիադաներին: Շատ եմ կարևորում Եվրոպական ասոցիացիայի հետ համագործակցությունը: Ինքս այդ կազմակերպության ղեկավար կազմի անդամ եմ. վերջին 7-8 տարիների ընթացքում կարողացել ենք բավականին մեծ միջոցառումներ անցկացնել Հայաստանում՝ նախագահության նիստ, շախմատի եվրոպայի ուսանողական առաջնություն և այլն: Համատեղ աշխատանքն իսկապես շատ արդյունավետ է և հետաքրքիր: Մենք այս երկու մեծ կազմակերպությունների լիարժեք անդամ ենք և նախատեսում ենք իրականացնել նաև զարգացման ծրագրեր: 

-Ըստ Ձեզ, առաջնահերթ ի՞նչ է հարկավոր սպորտն ու առողջ ապրելակերպը երիտասարդության կյանքում առավել ակտիվացնելու և նրանց կողմից կարևորելու համար: 

-Հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վերջին շրջանում բավականին թուլացել է մեր հասարակության ֆիզիկական ակտիվությունը: Հասկանալի պատճառներով մարդիկ դրան առաջնահերթ կարևորություն չեն տալիս, սակայն ոլորտի պատասխանատուները և մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թելը վերջնականապես չկտրվի: Սպորտով զբաղվելը, առողջ ապրելակերպին հետևելը երիտասարդությանը կօգնի երկրի պաշտպանության գործում, աշխատանքային գործունեության մեջ, ի վերջ պարզապես առողջ լինելու համար: Ուսանողական սպորտը հենց այն հատվածն է, որն իսկապես մեծ ուշադրության  կարիք ունի: Առաջին հերթին անհրաժեշտ է բոլոր պատկան մարմինների կողմից քարոզչություն ոչ միայն խոսքով, այլև գործով: Երիտասարդության մեծ մասը կենտրոնացված է հենց բուհերում, ուստի ռեկտորները պետք է կարողանան ուսումնական հաստատություններում շատ լավ դրվածք սահմանել, մասսայական միջոցառումներ կազմակերպել. ֆիզկուլտուրան միայն ստուգարք ստանալու համար չէ, բայցև դասերն ուսանողին հաճելի և ցանկալի դարձնելու համար պետք է համապատասխան կահավորանք, պայմանները, գրավչություն:

-Գարնանային փուլի ավարտից հետո ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել:

-Գարնանային փուլը կավարտվի մայիսի վերջին՝ լողափնյա վոլեյբոլի մրցաշարով: Ուսանողների մեծ մասը հունիսին քննական շրջանում է, հետո արձակուրդ, շատերը մեկնում են մարզեր, ուստի ամառային հատվածը ազատ կթողնենք: Աշնանը բավականին շատ միջոցառումներ ունենք, դրանց մեկնարկը կտանք սեպտեմբերի 20-ին՝ համալսարանական սպորտի միջազգային օրը, անցկացնելով սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման մրցումներ, որոնք ուսանողության շրջանում բավականին սիրված են: Հոկտեմբերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կիրականացնենք ուսանողական խաղերի աշնանային փուլը, որում բավականին շատ մարզաձևեր են ընդգրկվելու: Հույս ունենք՝ բուհերն այդ ընթացքում կկարողանան կազմել իրենց թիմերը և այս պասիվ վիճակից դուրս գալ: Ուսանողական մարզական տարին կեզրափակենք դեկտեմբերի 25-ին. նախատեսում ենք ձմեռային ունիվերսիադայի ավարտից հետո Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ Աշոցքում անցկացնել ձմեռային մարզաձևերի փառատոն:

Զրուցեց՝ Գայանե Աբասյանը

In topic