Փորձում ենք երիտասարդների ձայնն ավելի լսելի դարձնել որոշումների կայացման գործընթացում․ Գրիգոր Երիցյան

  10 Հունիս 2021  170 դիտում
Փորձում ենք երիտասարդների ձայնն ավելի լսելի դարձնել որոշումների կայացման գործընթացում․ Գրիգոր Երիցյան

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն այս տարի այլ ՀԿ–ների ու փորձագետների հետ մասնակցել է երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման։ Կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանի հետ զրուցել ենք ռազմավարության մշակման գործում երիտասարդների դերի, նրանց առաջնային կարիքների ու կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի մասին։

–Այս շրջանում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ–ն իրականացնում է «Policy Lab» ծրագիրը։ Ի՞նչ նպատակ ունի այն։

–«Policy Lab»-ն իրականացվում է Եվրոպական Միության «EU for Youth» ծրագրի շրջանակներում, ես այստեղ դասընթացավարներից մեկն եմ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին նախապատրաստել ու մասնակից դարձնել տարբեր թեմաներով քաղաքականությունների մշակմանը։ Մասնավորապես, վերջին օրերին կենտրոնացած ենք երիտասարդների զբաղվածության քաղաքականության մշակման ու դրա իրականացման վրա։ Սովորեցնում ենք՝ ինչպես կարելի է առաջարկություններ ներկայացնել, ներազդել որոշումների կայացման վրա։ Մյուս շաբաթ հանդիպում ենք ունենալու ավելի լայն ձևաչափով՝ ոչ միայն երիտասարդների, այլև որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների հետ։ Մենք փորձում ենք դառնալ այն հարթակը, որտեղ երիտասարդները հավասարը հավասարի նման կարող են մասնակից լինել քննարկումներին և տարբեր քաղաքականությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, իսկ հաջորդ փուլում արդեն իրականացնել այդ առաջարկությունները։



–Ինչպե՞ս կարող են երիտասարդներն այս ծրագրի մասնակից դառնալ։

–Քանի որ այս «Policy Lab»–ն առաջինն էր, կարելի է ասել, պիլոտային տարբերակն էր, մասնակիցներ դարձան մեր կազմակերպության շահառուները։ Նաև մեր դասընթացավարներից մեկը Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնի մասնագետն է, և ինքն էլ համալսարանից մի քանի երիտասարդի առաջարիկեց մասնակցել։ Հիմնականում փորձել ենք պահել մասնակիցների բազմազանությունը, ներգրավել հավասար թվով տղաների և աղջիկների, փորձել ենք ընտրել գործազուրկ և աշխատանք ունեցող երիտասարդների, ուսանող և ոչ ուսանող, գյուղական համայնքներից, մարզերից ու Երևանից, որպեսզի առաջարկներն էլ բխեն իրենց տարբեր կարիքներից։ Շուտով կիրականացնենք նաև երկրորդ «Policy Lab»-ը։ Այն վերաբերելու է երիտասարդների ձեռներեցության խթանմանը և կմենկնարկի սեպտեմբերին։ Հուսանք՝ ծրագրերն օգտակար կլինեն, քանի որ Հայաստանում այսպիսի նորարարական մեթոդ դեռ չի եղել, որ երիտասարդն ու քաղաքականություն մշակողը հավասար կերպով քննարկեն խնդիրը։  

–Ձեր կազմակերպությունն այս տարի պետական կառույցների հետ մասնակցել է երիտասարդական քաղաքականության մշակմանը։ Ինչպե՞ս ստացվեց հասարակական ու պետական սեկտորների համագործակցությունը։

–Երիտասարդական ռազմավարության մշակմանը մասնակցեցինք երկու մակարդակով։ Նախ՝ ներգրավվեցինք աշխատանքային խմբի մեջ, որը ստեղծվել էր ԿԳՄՍ նախարարի հրամանով։ Այստեղ աշխատեցինք 20 այլ կազմակերպությունների ու փորձագետների հետ համատեղ։ Մի քանի ամիս շարունակ հանդիպումներ անցկացվեցին, մենք պատասխանատու էինք այդ փաստաթուղթը մշակելու և վերջնականացնելու համար։ Հենց սա է այս ռազմավարության առանձնահատկությունը՝ դրա մշակումը համակարգել է նախարարությունը, սակայն այն գրվել է դաշտի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկումների արդյունքում։ Այնուամենայնիվ, այս առաջին փուլից հետո հարց էր առաջանում՝ լավ, մասնագետները, փորձագետները խոսեցին, բայց ինչպե՞ս անենք, որ երիտասարդների ձայնն էլ լսելի լինի, քանի որ սա մի փաստաթուղթ է, որը հենց իրենց մասին է։

Կարևոր էր, որ այն իսկապես արտացոլի երիտասարդների կարիքները։ Երբ պատերազմն ու համավարակը մեզ պատուհասեցին, շատ խնդիրներ, կարիքներ երիտասարդների կյանքում փոխվեցին և հարց կար՝ գրված ռազմավարությունը դեռևս ակտուա՞լ է։ Այդ պատճառով մեր կազմակերպությունը՝ նախարարության հետ համատեղ, կազմակերպեց երիտասարդական ֆորում, որում ներգրավվեցին Հայաստանի բոլոր մարզերից 120 մասնակիցներ, և նախապես ծանոթանալով ռազմավարությանը, ներկայացրեցին իրենց կարծիքն ու առաջարկությունները։ Արդյունքում 60–ից ավելի առաջարկներ ստացանք թե՛ տեքստի հետ կապված, թե՛ գործողությունների, թե՛ արդիականության վերաբերյալ։ Այդ առաջարկներն արդեն մշակվել են ու փոխանցվել նախարարությանը։ Վերջինս պետք է մինչև ռազմավարության ընդունումը մեզ տեղյակ պահի՝ որ առաջարկներն են ընդունվել, որոնք՝ ոչ, ինչու են մերժվել և այլն։ Ցանկանում ենք, որ երիտասարդների այս մասնակցությունն իրական ու բովանդակային լինի, ու նրանց առաջարկները հաշվի առնվեն։

­–Թե՛ ռազմավարության մեջ ընդգրկվելու առումով, թե՛ առհասարակ, ըստ ձեզ՝ այսօր ի՞նչ առաջնային կարիքներ ունի երիտասարդությունը։

–Իհարկե, կարիքները շատ տարբեր են, որովհետև երիտասարդը, որն ապրում է սահմանամերձ բնակավայրում այլ կարիքներ ու անհանգստություններ ունի, Երևանում բնակվող ու աշխատանք փնտրող երիտասարդն՝ այլ։ Եվ՛ ֆորումը կազմակերպելիս, և՛ առհասարակ աշխատանքի ընթացաքում մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր այդ մարդիկ անպայման իրենց կարծիքներն ու առաջարկները հայնտեն։ Իհարկե, կան նաև ընդհանուր անհանգստություններ, օրինակ՝ ապագայի նկատմամբ ձևավորված ինչ–որ անվստահությունը, բայց կարիքները նաև շատ են տարբերվում իրարից։

Գլխավոր խնդիրներից, որոնց մասին շատ խոսվեց նաև ֆորումի ժամանակ, սոցիալ–տնտեսական խնդիրները, կարիքներն են։ Դրանք կապված են և՛ որակյալ կրթության, և՛ աշխատաշուկայի հետ, բայց հիմնականում երիտասարդը մտահոգված է, որ չի կարողանում իր երկրում որակյալ աշխատանք ունենալ, ապահովել իր և իր ընտանիքի հաճախ նույնիսկ մինիմալ կարիքները՝ հանգստի իրավունքը, կրթությունը, ժամանցը, մշակութային կյանքին մասնակցությունը, ընտանիք կազմելը։ Վերջինին շատ է խոչընդոտում սոցիալական ցածր կենսամակարդակը։ Ծնողներից անկախությունը նույնպես ֆինանսների հետ է կապված։ Նաև երիտասարդի անցումը դպրոցից, բուհից աշխատաշուկա լի է խոչընդոտներով․ մի կողմից հմտությունների պակաս կա, մյուս կողմից՝ ստացած գիտելիքի անհամապատասխանություն աշխատաշուկային, որն այսօր ունենք։ Հենց այս խնդիրներն են հատկապես շատ նշվում երիտասարդների կողմից։

Մյուս կողմից, եթե երիտասարդը բիզնես գաղափար ունի, դա իրականացնելու համար ևս հնարավորություններ չեն տրվում, նա չունի հարմար վարկային տարբերակ և նման ռիսկի գնալ չի կարող, որովհետև ֆինանսական մեծ միջոցներ, կամ հաճախ նաև կայուն եկամուտ չունի։ Քովիդը և պատերազմն, իհարկե, խորացրեցին այս բոլոր խնդիրները։ Եվ, եթե երիտասարդների պակաս խոցելի խմբերն իրենց վրա այդքան ուժեղ չզգացին այս հարվածները, ավելի խոցելի խմբերը, որոնք առանց այս իրավիճակների էլ ծանր վիճակում էին, ավելի սուր զգացին դրանք։ Ֆորումի ընթացքում մենք ունեինք նաև արցախցի երիտասարդներ, որոնցից շատերը տուն են կորցրել, շատ են մտահոգված անորոշ ապագայով, նրանցից ոմանք կորցրել են նաև առողջությունն ու հաշմանդամություն են ձեռք բերել։ Իրենց համար հիմա բոլորովին այլ իրավիճակ է, երբ պետք է հարմարվեն ոչ միայն տուն կորցնելուն, այլև բոլորովին նոր միջավայրին․ իրենց հարմար չէ դուրս գնալը, ժամանց անցկացնելը, տրանսպորտից օգտվելը և սա դեռ առանց նշելու, որ այս ամենը միաշանակ լրացուցիչ ծախսեր է ենթադրում։ Այս բոլոր թեմաները փորձել ենք քննարկել ու որոշակի լուծումներ առաջարկել։

Երևի ամենակարևոր և հիմնական լուծումը, որը բոլոր թեմաների դեպքում նշվում էր, երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծումն է։ Հայաստանում դրանք գրեթե չկան․ կլինի երիտասարդական կենտրոն, զեղչային համակարգ տարբեր ծառայություններից օգտվելու համար, կարիերայի կենտրոն, որտեղ մասնագիտական կողմնորոշման առումով աջակցություն կտրվի։ Մյուս կողմից, կարևոր են նաև իրավական, օրենսդրական լուծումները։ Երիտասարդության մասին օրենքի ընդունումը, որը երաշխիքներ կստեղծի, Կամավորության մասին օրենքի ընդունումը․ դրանք տարիներով քննարկվում են, բայց դեռ չեն ընդունվել։

Եվ երրորդ փոփոխությունը, որ էլի շատերն ակնկալում են՝ մտածողության, կրթության փոփոխությունը, կարծրատիպերի կոտրումը՝ երիտասարդի դերի և այս երկրում իր կարգավիճակի վերաբերյալ։ Մենք բավականին պահպանողական հասարակություն լինելով՝ տարիքին շատ մեծ նշանակություն ենք տալիս, ու հաճախ երիտասարդների կարծիքը չեն լսում զուտ փորձ չունենալու պատճառով։ Սակայն տեխնոլոգիաները, ինչպես տեսնում ենք, շատ հարցերում երիտասարդներին ավելի մրցունակ են դարձրել, ու շատ հարցերում հենց երիտասարդները կարող են նորարար լուծումներ առաջարկել։

Մեր կազմակերպությունն իրականացնում է այս ծրագրերը, քանի որ փորձում ենք երիտասարդների ձայնն ավելի լսելի դարձնել որոշումների կայացման գործընթացում կյանքի տարբեր ոլորտներում՝ կլինի քաղաքական, տնտեսական, քաղաքացիական, թե մշակութային։

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Թեմայի մեջ