Գյումրու երիտասարդների տուն․ Հայաստանի առաջին բաց երիտասարդական կենտրոնը

  10 Հունիս 2021  140 դիտում
Գյումրու երիտասարդների տուն․ Հայաստանի առաջին բաց երիտասարդական կենտրոնը

«Գյումրու երիտասարդների տունը» առաջին բաց երիտասարդական կենտրոնն է Հայաստանում, որը 2018թ.-ին հիմնել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Եվրոպական միության և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանում, մասնավորապես, Գյումրիում, 13-18 տարեկան երիտասարդների կյանքի որակի բարելավմանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավմանը:

Կենտրոնի գործունեության և ընթացիկ ծրագրերի շուրջ Erit.am-ը զրուցել է կենտրոնի համակարգող Գայանե Առաքելյանի հետ:

Նրա խոսքով՝ կենտրոնը պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, ինչպես նաև նպաստող միջավայր՝ նրանց սոցիալականացմանը և համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը: Ըստ մեր զրուցակցի՝ «Գյումրու երիտասարդների տունը» ծառայություններ է մատուցում տարեկան 600 պատանու՝ կրթության, զբաղվածության, ժամանցի կազմակերպման, առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման ուղղություններով:

Կենտրոնում տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝ անհատական և/կամ խմբային երիտասարդական աշխատանք, կրթական ակումբներ, աշխատարաններ և դասընթացներ, ուսումնաճանաչողական այցեր, էքսկուրսիաներ/արշավներ, հանրային, ժամանցային և ոչ ֆորմալ միջոցառումներ, շարժական երիտասարդական աշխատանք, խորհրդատվություն, ճամբարներ և միջազգային ծրագրեր: