«Վորլդ Վիժնը» 7 գործընկերների հետ համախմբում է բանիմաց երիտասարդներին՝ հանուն ժողովրդավար Հայաստանի

  28 Հունիս 2021  347 դիտում
«Վորլդ Վիժնը» 7 գործընկերների հետ համախմբում է բանիմաց երիտասարդներին՝ հանուն ժողովրդավար Հայաստանի

Մարտի 1-ից մեկնարկել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների. բանիմաց երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» երկամյա ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակների, անելիքների և ակնկալվող արդյունքների շուրջ Erit.am-ը զրուցել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանի հետ:

- Պատմեք ծրագրի հիմնական նպատակի և շահառու հանդիսացող խմբերի մասին:

- Այս ծրագրի հիմնական նպատակն է երիտասարդներին ներգրավել որոշումների կայացման գործընթացում և նրանց դարձնել ակտիվ քաղաքացիներ՝ քաղաքականություն մշակողների հետ երկխոսության միջոցով։ Ծրագիրն ունի կոնկրետ աշխարհագրություն՝ Շիրակի մարզից ներգրավված են Ամասիա և Գյումրի համայնքները, Գեղարքունիքում՝ Ճամբարակը և Վարդենիսը, Լոռիում՝ Վանաձորը, Արագածոտնում՝ Թալինը, ինչպես նաև Երևան քաղաքը: Ծրագրի թիրախային խումբը 13-29 տարեկան դեռահասներն ու երիտասարդներն են:




-
Որո՞նք են ծրագրի հիմնական անելիքները:

-Ծրագրի հիմնական նպատակին հասնելու համար այն կիրականացվի մի քանի բաղադրիչով: Առաջինը մեր գործընկեր «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» հետ իրականացվող նախագիծն է, որի շրջանակում կիրառվելու է հիմնադրամի կողմից արդեն ավանդական դարձած բանավեճի ակումբների մոդելը: Դրա շրջանակում երիտասարդները կսովորեն բանավիճել, ունենալ հիմնավորված խոսք, ուսումնասիրել բանավեճի թեման, տարբեր աղբյուրներից ձեռք բերել հիմնավոր տեղեկատվություն և հարցը դիտարկել օպոնենտի տեսանկյունից։ Բանավեճի ակումբներում ներգրավելու շնորհիվ կզարգանան նրանց քննադատական ​​մտածողությունը, հաղորդակցման էթիկան, հրապարակային խոսքը, թիմում աշխատելու և հետազոտություն իրականացնելու կարողությունները: Բացի այդ՝ այն հնարավորություն կտա ոչ ֆորմալ կրթության միջոցով ձեռք բերել գիտելիքներ և հասկանալ առկա քաղաքական, սոցիալական, բնապահպանական և տնտեսական խնդիրները: Բանավեճի ակումբներ գործելու են 70 դպրոցներում` առնվազն 3000 երեխաների և դեռահասների ներգրավմամբ: Սա նաև դպրոցներում բուլլինգի կանխարգելման ձև է, քանի որ դեռահասները սովորում են հարցերը կարգավորել ոչ բռնի ճանապարհով: Բացի ավանդական մոդելից, այս անգամ ծրագրով նախատեսվել է շատ հետաքրքիր մեկ այլ ֆորմատ. փաստացի լինելու է հեռուսատեսային 4 բանավեճ, որի մի կողմը կլինեն երիտասարդական խմբերը, իսկ մյուս կողմը՝ պետությունը ներկայացնող պաշտոնյաները: Նախատեսվում է, որ այն կհեռարձակվի մարզային և համապետական ալիքներով:

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» հետ իրականացնելու ենք նաև ծրագրի մեկ այլ բաղադրիչ: «Կոմպաս» գործիքի միջոցով վերապատրաստելու ենք ուսուցիչների, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին աշխատեն երեխաների հետ: Նախատեսվում է շուրջ 3000 շահառուի հետ անցկացնել դասընթացներ՝ մարդու իրավունքների և ժողովրդավարական կրթության թեմաներով։

Ծրագրի շրջանակում մեր հաջորդ գործընկերը «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամն է, որի հետ իրականացնելու ենք աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացում: Խորհուրդներում ներգրավված աշակերտներին վերապատրաստելու ենք այն թեմաներով, թե ի՞նչ է իրենից ներկայացնում աշակերտական խորհուրդը, ինչպե՞ս կարող է այն մասնակցել դպրոցի կառավարման գործընթացին, ինչպիսի՞ ծրագրեր կարող է իրականացնել դպրոցի համար և ի՞նչ է նշանակում խորհուրդների ժողովրդավար ընտրություն: Ծրագիրն իրականացվելու է 20 դպրոցներում՝ 240 երիտասարդների շրջանում. այս առումով մեր գործընկեր «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամն ունի լավ փորձառություն:

Ծրագրի հաջորդ բաղադրիչը կոչվում է «Շահերի պաշտպանություն»: Դրա շրջանակում ձևավորվելու են 20 հոգանոց երիտասարդական խմբեր, որոնք կվերապատրաստվեն և պատրաստ կլինեն իրականացնել շահերի պաշտպանության արշավ՝ երիտասարդների կրթության կամ երիտասարդների աշխատանքի թեմաներով: Խմբերը կընտրեն որևէ խնդիր, որն ունի ավելի բարձր մակարդակի որոշում կայացնողների հետ բանակցելու և առաջ տանելու անհրաժեշտություն: Դրա արդյունքում ակնկալվում է, որ կիրականացվեն օրենսդրական որոշակի փոփոխություններ:

Մյուս բաղադրիչն իրականացնելու ենք 6 այլ գործընկերների հետ: Դրանք նախկինում եղել են երիտասարդական ՍՔԱՅ ակումբներ: Երբ ավարտվել է այդ ակումբների ծրագիրը, երիտասարդները որոշել են, որ չեն ցանկանում կազմալուծվել որպես խումբ։ Բացի այդ՝ իրենց տարածաշրջանում չկար այնպիսի Հ/Կ, որը հետագայում կապահովեր ծրագրի շարունակականությունը: Հետևաբար, որոշել են ակումբը գրանցել որպես հասարակական կազմակերպություն: Այսպես ստեղծվել են մեր գործընկեր 6 Հ/Կ-ները՝ «Հյուսիսի երիտասարդներ», «ԱՐՄ սթրոնգ», «ԼՅՈՒՊԻՆ», «Երիտասարդները հանուն փոփոխության», «Ագապե վորլդ» և «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամ: Դրանք գործելու են Ամասիայում, Գյումրիում, Ճամբարակում, Վարդենիսում, Վանաձորում, Թալինում և Երևանում: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ռազմավարությունը, փորձառությունը և ապագա պլանները։ Այս բաղադրիչի շրջանակում իրականացնելու ենք երկու գործողություն. առաջինն այդ Հ/Կ-ների կարողությունների զարգացումն է, որպեսզի ծրագրի ավարտից հետո դրանք լինեն կայուն կառույցներ՝ տարածաշրջանում գործունեություն ծավալող, կայուն եկամտով և բիզնես գաղափարի ֆինանսավորմամբ։ Երկրորդ գործողության շրջանակում հենց այդ Հ/Կ-ները  կստեղծեն  ՍՔԱՅ ակումբներ՝ յուրաքանչյուրը մեկական ակումբ: Քանի որ իրենք էլ նախկինում եղել են նմանատիպ ակումբներ, շատ լավ հասկանում են այդ ծրագրի առավելություները: Նախատեսվում է, որ ծրագրի շահառու կլինի մոտ 7000 երիտասարդ: