«Կոպեռնիկուս Բեռլինն» աջակցում է Հայաստանի երիտասարդությանը

  13 Հուլիս 2021  158 դիտում
«Կոպեռնիկուս Բեռլինն» աջակցում է Հայաստանի երիտասարդությանը

«Կոպեռնիկոս Բեռլին» ասոցիացիան հիմնվել է 2000 թվականին, Բեռլինում: Հիմնադրամի նպատակն է ուսուցման այլընտրանքային հնարավորություններ ընձեռել այն ուսանողներին, որոնք ապրում են Արևելյան Եվրոպայում, սակայն չեն կարողանում մասնակցել «էրազմուս»-ի փոխանակման ծրագրերին:

Ասոցիացիայի գործունեության և երիտասարդական ծրագրերի շուրջ Erit.am-ը զրուցել է «Կոպեռնիկուս Բեռլին»  ասոցիացիայի  գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանի հետ։

-Խնդրում եմ պատմել «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործունեության մասին՝ քա՞նի երկրում է գործում և ինչպիսի՞ կրթական ու երիտասարդական ծրագրեր է իրականացնում:

-2000 թվականից «Կոպեռնիկոս Բեռլին» ասոցիացիայի իրականացրած ծրագրերից օգտվել են այն բոլոր երկրները, որոնք ԵՄ անդամ չեն, բայց գտնվում են Եվրոպա մայրացամաքում, օրինակ՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան, Ռումինիան, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները և այլն: Ժամանակի ընթացքում ԵՄ անդամ դարձած երկրների ուսանողներն այլևս չեն օգտվել ծրագրից, և դրա հիմնական շահառուներ են դարձել նախկին ԽՍՀՄ երկրները: «էրազմուս»-ի փոխանակման ծրագրերը մեր հիմնական գործողություններն էին մինչև 2018 թվականը: Այդ շրջանից սկսած երիտասարդների համար նախաձեռնել ենք նաև սեմինարների շարք՝ տարբեր արդիական և զարգացնող թեմաների շուրջ, որովհետև ցանկանում էինք նրանց ավելի ընդարձակ հնարավորություններ տրամադրել: Ասոցիացիայի 20-ամյա գործունեության շրջանակում 2020 թվականից փոխել ենք նաև մեր թիրախավորման տարածաշրջանը. բացի Եվրոպայից՝ մեր ծրագրերում ընդգրկել ենք աշխարհի այլ երկրներ, քանի որ ունենք բոլոր հնարարավորությունները և ռեսուրսները՝ ոչ միայն մեկ տարածաշրջանի, այլ  ամբողջ աշխարհի երիտասարդության վրա կենտրոնանալու համար: Այսպես, 2000 թվականից սկսել ենք ևս երկու հետաքրքիր ծրագիր՝ պրակտիկա և ծրագիր առաջնորդների համար, որպեսզի զարգացնենք երիտասարդ առաջնորդների հմտություններն ու կարողությունները, աշխարհին ցույց տանք տաղանդավոր երիտասարդներին:  Այս ամենով հանդերձ՝ մեր կազմակերպությունը կանգ չի առնում միայն վերոնշյալ ծրագրերի վրա, քանի որ մեր թիմը շատ ոգևորված է և մոտիվացված՝ աշխարհը փոխելու դեպի դրականը: Մենք մշտապես մշակում ենք և իրականացնում նոր ծրագրեր, որոնք ներառում են ավելի մեծ թվով երիտասարդների՝ ինքնակրթվելու և հասարակության համար պիտանի անձ լինելու համար: Այդ առիթով ցանկանում եմ նշել մեր նոր ծրագիրը՝ ծառատունկը, որի շրջանակում նախատեսում ենք Երևանում տնկել 1 մլն ծառ և կանաչապատել քաղաքը: Այդ գործում պետք է ներգրավենք երիտասարդությանը և փորձենք նրանց բացատրել կանաչ տարածքների կարևորությունը խոշոր քաղաքներում: Այս ծրագիրը ունի ևս մեկ նպատակ՝ գյուղացիներին տրամադրել աշխատանք, քանի որ կանաչապատման համար անհրաժեշտ տնկիները նախօրոք պատվիրելու ենք տարբեր գյուղերում:

-«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ ՀՊՏՀ համագործակցությունն ինչպիսի՞ ընթացք ունի, և ի՞նչ արդյունքներ գրանցվեցին Երևանում կայացած սեմինարների ընթացքում:

-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությունը սկսվել է բուհի ուսանողների շնորհիվ: Երբ հայտարարություն էինք ուղարկել ՀՀ տարբեր բուհեր՝ մեր կրթաթոշակային ծրագրերին հրավիրելու նպատակով, ապա նկատեցինք, որ Տնտեսագիտականի ուսանողները որակապես տարբերվում են այլ համալսարանների ուսանողներից. տոկոսային առումով մեր չափանիշներին համապատասխանող ուսանողներ կային հենց այս բուհում: Ոչ միայն դիմելու պահին, այլ նաև ընթացքում բացահայտեցինք, որ բավականին տաղանդավոր ուսանողներ կան այդ բուհում, որոնք ոչ միայն թղթերով են իրենց լավ ներկայացրել, այլ նաև իրականում են լավ թեկնածուներ: Մենք արձանագրեցինք նաև, որ հատկապես պրակտիկայի ծրագրին մասնակցող Տնտեսագիտականի ուսանողներն ավելի շատ են  համապատասխանում են մեր չափանիշներին, այդ թվում՝ անձնական հատկանիշներով:  Որպեսզի պարզ լինի, թե ինչ հարաբերակցության մասին է խոսքը, նշեմ, որ մեր 6-ամսյա կրթաթոշակային ծրագրին դիմել էին 400 ուսանողներ՝ Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երիկրներից: Հայաստանից ունեինք 55 դիմորդ: Արդյունքում՝ 400 դիմորդից կրթաթոշակային ծրագրով սովորելու հնարավորություն ստացան մեկ ուսանող ՀՊՏՀ-ից, մյուսը՝ Ուզբեկստանից: Եվ սա առիթ հանդիսացավ, որպեսզի սկսենք մեր հաջող համագործակցությունը Տնտեսագիտականի հետ: Այդ պատճառով որոշեցինք այս ամռանը մեր հերթական սեմինարներն անցկացնել հենց ՀՊՏՀ-ի հետ համատեղ և իր տարածքում: Ինչպես մեր ասոցիացիան, այնպես էլ մեր գործընկերները՝ ներառյալ Եվրահանձնաժողովը, որը տրամադրում է միջոցների 70 տոկոսը, իսկ մյուսը 30-ը՝ «Կոպեռնիկոս Բեռլին»-ը, շատ գոհ էինք թե՛ անցկացման վայրից, թե՛ սեմինարների ընթացքից, և թե՛ մասնակիցներից: Սեմինարների՝ բարձր մակարդակով անցկացնելու արդյունքում, տարբեր երկրների բազմաթիվ մասնակիցներ արդեն ցանկություն են հայտնել ևս մեկ անգամ այցելել Հայաստան, իսկ արտերկրի որոշ բուհերի աշխատակիցներ կապեր են հաստատել  Տնտեսագիտականի հետ՝ հետագա համագործակցության նպատակով: Մեզ համար սպասված և ուրախ լուր է, որ սեպտեմբերին կայանալիք սեմինարները ևս անցկացվելու են Հայաստանում, կրկին՝ Տնտեսագիտական համալսարանում, որի շրջանակում մեր երկիր կժամանի շուրջ 50 օտարերկրացի:

-ՀՀ այլ բուհերի հետ համագործակցության ի՞նչ պլաններ կան:

-Կրթաթոշակային ծրագրերի և միջազգայի սեմինարների հաջող անցկացումը մեզ ոգևորում են և դրդում, որպեսզի ավելի ամրապնդենք ու ընդլայնենք համագործակցության ցանցը նաև ՀՀ այլ բուհերի հետ: Մեր թիմն աշխատում է այդ ուղղությամբ, մտածում  նոր խոշոր ու հետաքրքիր ծրագրեր, որոնցում կարող են ընդգրկվել տարբեր բուհեր: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել ենք, մասնավորապես, նպատակ ունենք խոշոր ծառատնկային ծրագրի մաս դարձնել ՀՀ բուհերի ուսանողներին, որպեսզի մեր երիտասարդությունը, անկախ իր մասնագիտությունից,  արժևորի և հասկանա բնության դերը գլոբալ տաքացման ու կլիմայական փոփոխություններիի համատեքստում: Ուսանողները մեր ապագան են, և նրանք պետք է գնահատեն բնությունը:

Լինելով գերմանական կազմակերպություն՝ մենք հետևում ենք Հայաստանում կատարվող իրադարձություններին և գնահատում այդ երկրի անցած դժվար ճանապարհը:  Մենք տեսնում ենք նաև այն ներուժը, որ ունի Հայաստանում ապրող երիտասարդությունը և նպատակ ունենք աջակցել վերջինիս, որպեսզի նրանք գտնեն իրենց ճանապարհը և կարողանան ինքնահաստատվել, զարգացնել և ծաղկեցնել իրենց երկիրը։

 Նյութը պատրաստեց Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ