Սիրիահայ Կոմիտասի «Ձոն»-ը

  19 Հուլիս 2021  321 դիտում
Սիրիահայ Կոմիտասի «Ձոն»-ը

33-ամյա Կոմիտաս Մերճանեանը ծնվել է Սիրիայում և Հայաստան տեղափոխվել 2012 թվականին: Նրա խոսքով՝ իր ընտանիքում միշտ եղել է հայկական շունչն ու մշակույթը, ինչպես նաև ձգտումը դեպի հայրենիք: Առաջին անգամ Կոմիտասը Հայաստանում եղել է 2007 թվականին:

«2012 թվականին, երբ կրկին որպես զբոսաշրջիկ այցելեցի Հայաստան, Սիրիա վերադառնալուց առաջ զանգահարեցի մայրիկիս, որպեսզի տեղեկանամ, թե ինչ է անհրաժեշտ այստեղից: Ինձ համար զարմանալիորեն լսափողի մյուս ծայրում լսեցի՝ մնա՛ հայրենիքում, մենք ևս գալիս ենք: Եվ հենց այդ ժամանակից սկսած՝ ծնողներիս հետ բնակություն եմ հաստատել Հայաստանում»,- Erit.am-ի հետ զրույցում պատմում է Կոմիտասը:

Նա կրթություն է ստացել Սիրիայում և աշխատել զբոսաշրջության ոլորտում՝ Հալեպի հյուրանոցում, սակայն այդ ոլորտում ունեցած փորձառությունը չի կարողացել օգտագործել Հայաստանում. բոլոր հյուրանոցները Կոմիտասին մերժել են աշխատանքի ընդունել՝ ռուսերենի չիմացության պատճառով․

«Մեկ տարի անգործ մնալուց հետո ինձ վերջապես հաջողվեց աշխատանքի ընդունվել «Ին Վինո» գինիների մասնագիտացված խանութում: Առհասարակ, գինու հանդեպ միշտ սեր եմ ունեցել։ Քանի որ Սիրիան գինեգործությամբ հարուստ երկիր չէ, և այնտեղ արտադրված գինին այդքան էլ որակով չէ, մենք ամեն ամառ Հալեպի մեր պատշգամբում գինի էինք պատրաստում՝ հայրս խաղող էր գնում, տանիքին փռում, հետո ճզմում, լցնում տարաների մեջ ու խմորում: Այն իրականում շատ հետաքրքիր պրոցես էր, և ես հաճույքով փորձում էի հայրիկիս պատրաստած գինին»,-ասում է Կոմիտասը և հավելում, որ «Ին Վինո» խանութում աշխատելու հինգ տարիների ընթացքում ուսումնասիրել է տարբեր գինիներ, հատկապես հայկական արտադրության և ծանոթացել տարածաշրջանում աճող խաղողի տեսակներին:

«Օրինակ, պարզեցի, որ ամենահին գինու գործարանը Հայաստանում է՝ «Արենին»։ Ինչքան էլ որ ֆրանսիացիներն ու իտալացիները հին պատմություն ունեն, բայց, այնուամենայնիվ, գինու հիմքը դրվել է Հայաստանում, և այստեղից են նրանք սովորել՝ ինչպես գինի պատրաստել»,-իր տպավորություններն է պատմում երիտասարդ գինեգործը: Ստացած գիտելիքներն առավել խորացնելու նպատակով 2015 թվականին Կոմիտասն ընդունվել է «Ի-Վի-Էն» գինու ակադեմիա, որտեղ սովորել է գինեգործության գաղտնիքները, իսկ մեկ տարի անց պրակտիկա անցել Վայոց ձորի «Տրինիտի» գործարանում, որտեղ մինչ օրս աշխատում է որպես գինեգործի օգնական: Հենց այստեղ էլ հնարավորություն է ստացել պատրաստել իր առաջին գինին, որը կարմիր գոթենի տեսակից էր: «Քանի որ այն արտադրել էի քիչ քանակությամբ, և բոլորը հավանել էին, շատ արագ սպառվեց և չհասցրեց ճանաչվել, առավել ևս, որ անվանում էլ դեռ չուներ: Եվ երբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ կողմից եղավ առաջարկ մասնակցել Գինու ինկուբացիոն նախագծին, միանգամից համաձայնեցի, քանի որ լավ հնարավորություն էր սկսել իմ սեփական բիզնեսը և ունենալ անձնական բրենդը, որի համար շատ շնորհակալ եմ GIZ-ին»,-մեզ հետ զրույցում նշում է Կոմիտասը:

Երիտասարդ գինեգործը շուկա է մտել «Ձոն» ապրանքանիշով, որը յուրահատուկ ուղերձ ունի: Նրա խոսքով՝ գինու անվան ընտրությունը հետաքրքիր պատմություն ունի.

«Սկզբում ցանկանում էի այն կոչել իմ անունով՝ «Կոմիտաս», սակայն պարզվեց, որ մեկ այլ ընկերություն այդ անվանումն արդեն գրանցել է: Մյուս կողմից ուրախացա, քանի որ երկրորդ գաղափար ևս կար, այն է՝ գինու անունը դնել «Ձոն»՝ նվիրում երաժշտությանը, բոլորիս կողմից սիրված Վարդապետին և բնությանը: Բացի այդ, Դանիել Վարուժանն ունի նույնանուն մի հրաշալի բանսաստեղծություն, որտեղ պատմում է մեր ազգի պատմությունը»,-ասում է մեր զրուցակիցը և հավելում, որ իր արտադրած գինին նաև յուրահատուկ պիտակ ունի: Ըստ Կոմիտասի՝ այնտեղ պատկերված են տիեզերքի չորս տարրերը և այլ պատկերներ, ու յուրաքանչյուր մարդ, նայելով պիտակին, իր երևակայությանը համապատասխան խորհդանշաններ է բացահայտում:

Ներկայում Կոմիտասն իր սեփական տեխնոլոգիայով պատրաստում է երկու տեսակ գինի. մեկը «Տրինիտի» գործարանում՝ «Ձոն. հին վազեր» անվանմամբ  և երկրորդ տեսակը, որը Արենի սորտից է, էջմիածնի գործարաններից մեկում՝ արդեն «Ձոն» անվանմամբ ավանդական գինին:

Սպառումն իրականացնում է գինու մասնագիտացված սրահներում․

«Սկզբում  փորձեցի իմ արտադրած գինին վաճառել բարերում, սակայն հետո հասկացա, որ ինձ համար կարևոր է՝ ով է իմ գնորդը: Հիմա այն վաճառվում է չորս տեղում՝ «Ին Վինո» գինիների մասնագիտացված խանութում, որտեղ հաճախում են գինու սիրահարներ և գինուց հասկացողներ, «Ճաշակ» ռեստորանում, որտեղ աշխատում են սոմելիերներ և հավուր պատշաճի ներկայացնում իմ գինին, ինչպես նաև Դիլիջանի «Քարահունջում» և «Տուն Արմենիում»։ Շուտով այն ներկայացված կլինի նաև Ստեփանավանի «Քարահունջում»: Բացի այդ, խմբաքանակի կեսն առաքվում է Ֆրանսիա»,-մեզ հետ զրույցում ասում է Կոմիտասը և հավելում, որ վաճառքից ստացված ամբողջ եկամուտը դեռևս ներդրվում է հաջորդ խմբաքանակի մեջ:

Նրա խոսքով՝ այս ընթացքում գնել է խաղողի փոքր այգի, որը 70 տարվա պատմություն ունի․

«Տարածքը կոչվում է Օձի կծած: Լեգենդ կա, որ օձերը պաշտպանում են այդ տարածքն այն մարդկանցից, որոնք ցանկանում են գողանալ այգու խաղողը: Տարվա մեջ ժամանակահատվածներ կան, որ անգամ այգեգործը և խաղողագործն իրավունք չունեն այգի մտնել: Երազանքս է՝ հայկական գինին ճանաչելի դարձնել աշխարհի տարբեր տեղերում»,-նշում է Կոմիտասը:

Երիտասարդ գինեգործը հավաստիացնում է, որ հայրենիքից հեռանալու միտք անգամ չունի․

«Իմ նպատակը միշտ եղել է այն, որ  ինչքան գիտելիք ու հմտություն ունենք, պետք է ներդնենք Հայաստանում: Որպես զբոսաշրջիկ՝ գնանք, ծանոթանանք այլ երկրների մշակույթին, սակայն միշտ վերադառնանք մեր հայրենիք: Ամենապարզ մի օրինակ՝ ամեն օր դուրս ենք գալիս մեր տանից, գնում աշխատանքի, երեկոյան հանգստանում, բայց չէ՞ որ միշտ վերադառնում ենք տուն»,-ասում է Կոմիտասը։

Նյութը պատրաստեց` Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ