Քայլարշավ, քննարկումներ, համերգային ծրագիր. ինչ միջոցառումներ են սպասվում Երիտասարդության միջազգային օրը

  11 Օգոստոս 2021  209 դիտում
Քայլարշավ, քննարկումներ, համերգային ծրագիր. ինչ միջոցառումներ են սպասվում Երիտասարդության միջազգային օրը

Հանրապետությունում օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրն առանձնանալու է ակտիվ միջոցառումներով՝  շեշտը դնելով Կապանի՝ որպես երիտասարդական մայրաքաղաքի վրա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  ՀՀ կրթության,  գիտության, մշակույթի  և  սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության,  լրացուցիչ և շարունակական  կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը նշեց, որ նախարարության և քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում նախատեսված են ամենատարբեր միջոցառումներ: Նախատեսված են սպորտային միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, գրքերի շնորհանդեսներ, տարածքների մաքրման աշխատանքներ, քննարկումներ երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ, քայլարշավ և այլն:

«Փորձում ենք այնպիսի միջոցառումներ կազմակերպել, որոնք կհետաքրքրեն երիտասարդներին, կբարձրաձայնվեն, նրանց ու պետության առաջ ծառացած խնդիրներ, կնախանշվեն լուծումներ»,- ասաց Գոհար Մամիկոնյանը:

 Երևանում՝ «The LOFT» ինքնազարգացման կենտրոնում, նախարարության հետ համատեղ անցկացվելու է երիտասարական հավաք:

«The LOFT»-ի տնօրեն Արևիկ Համբարձումյանը նշեց, որ մասնակիցների շրջանում բավական ակտիվություն կա, արդեն 200-ից ավելի մարդ գրանցվել է:  

«Ընտրել ենք 4 հիմնական ուղղություններ՝ «Մրցունակ ոչ ֆորմալ կրթություն, գիտություն և ինովացիա», «Մարզերում սոցիալական անարդարություն և համաչափ զարգացվածություն», «Բուհից աշխատաշուկա», «Պարենի անվտանգություն»: Յուրաքանչյուր թեմայի հետ կապված՝  հրավիրել ենք մասնագետների, որոնք էլ երիտասարդների մասնակցությամբ հարց ու պատասխանի միջոցով վեր կհանեն ոլորտի խնդիրները, առաջնահերթությունները»,- ասաց Արևիկ Համբարձումյանը: Նրա խոսքով՝ քննարկման շեշտադրումը ոչ թե այն է լինելու, որ ցանկանում են ևս մեկ անգամ լսել երիտասարդների խնդիրների մասին, այլ զրուցել նրանց հետ իրենց կարողությունների ու հնարավորությունների թեմայով:

Գոհար Մամիկոնյանը տեղեկացրեց, որ քննարկմանը ներկա են լինելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, գերատեսչության այլ ներկայացուցիչներ: Ոչ թե պարզապես լսելու են երիտասարդներին, այլ առանձնացնելու են խնդիրներն ու բարձրացված հարցերը, որոնք կարտացոլվեն նախարարության կողմից մշակվող երիտասարդության ռազմավարությունում:

«Ռազմավարության նախագծով երեք հիմնական թիրախներ են առանձնացված: Առաջինը այն միջավայրի ձևավորումն է, որտեղ պետք է երիտասարդը կարողանա ստանալ ինքնադրսևորվելու, զարգանալու հնարավորություն: Երկրորդը համագործակցությունն է հասարակական կառույցների հետ: Երրորդը սակավ հնարավորություններով երիտասարդների թիրախավորումն է: Այստեղ նկատի ունենք ոչ միայն այն երիտասարդների խմբերին, որոնք ունեն հաշմանդամություն, այլև հեռավոր համայնքներում ապրող, աշխատող երիտասարդներին, որոնք ունեն սակավ հնարավորություն գալու, մասնակցելու տարբեր միջոցառումներին»,- հավելեց նախարարության ներկայացուցիչը:

Թեմայի մեջ