Կրթություն, աշխատաշուկա, համաչափ հնարավորություններ․Երիտասարդության միջազգային օրը քննարկվեցին երիտասարդներին հուզող առաջնային խնդիրները

  13 Օգոստոս 2021  300 դիտում
Կրթություն, աշխատաշուկա, համաչափ հնարավորություններ․Երիտասարդության միջազգային օրը քննարկվեցին երիտասարդներին հուզող առաջնային խնդիրները

Օգոստոսի 12–ին՝ Երիտասարդների միջազգային օրը, Երևանի The LOFT կենտրոնում տեղի ունեցավ քննարկում երիտասարդների հնարավորությունների, հիմնախնդիրների ու կարողությունների վերաբերյալ։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարությունը՝ կենտրոնի հետ համատեղ, առանձնացրել էր երիտասարդներին հուզող հիմնական չորս ուղղություն, հրավիրել 4 բանախոսների ու կազմակերպել համաժամանակյա քննարկում։



«Երբ առաջարկ եղավ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ նման քննարկում կազմակերպել, որոշեցինք անցկացնել այն հետաքրքիր՝ «Fishbowl» ձևաչափով, որին շատ քիչ են անդրադառնում Հայաստանում։ Առաջարկեցինք այս անգամ երիտասարդներին բաց քննարկման հրավիրել 4 թեմաներով ու հրավիրել 4 խոսնակի։ Քննարկեցինք, հարցումներ արեցինք ու ակնահայտ էր, որ այսօր մեր երիտասարդության խնդիրներից առաջնահերթը մրցունակ կրթությունն է, երկրորդը՝ մարզաբնական երիտասարդների խնդիրները՝ համաչափ զարգացման, սոցիալական հավասարության առումով։ Երրորդ խնդիրը փոխկապակցված է կրթությանը, որովհետև վերաբերում է զբաղվածությանն ու աշխատաշուկային։ Չորրորդ թեման վերաբերում է ՄԱԿ–ի կողմից այս տարի ընտրված խորագրին՝ պարենային անվտանգությանը։ Ամեն տարի ՄԱԿ–ը մի մեսիջ է դնում այս իրադարձության մեջ», – erit.am–ին պատմեց The LOFT կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը։

Մարզաբնակ երիտասարդների թեմային քննարկման ընթացքում անդրադարձավ Macro Lab-ի հիմնադիր, «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ նախագահ Մայիս Մարգարյանը․

«Այն, որ մարզաբնակ ու մայրաքաղաքաբնակ երիտասարդների հնարավորութուններն անհավասար են, միֆ է։ Ես դրանում համոզվեցի վերջին մի տարում։ Կարծում եմ՝ մեր երիտասարդների գլխավոր խնդիրը կարծրատիպերից ազատվելն է», – erit.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ներկայացնելով նաև դրանցից ազատվելու ճանապարհ․

«Լուծումը փափուկ հմտությունների զարգացումն է։ Մենք դրան հաճախ ասում ենք «բարձրագույն քթածակ»։ Այս հմտությունների առկայության դեպքում մեր երիտասարդները շատ արագ կհասկանան՝ ինչ աշխարհում են ապրում, իսկ երբ հասկանան՝ ինչ աշխարհում են ապրում, շատ արագ կպայթեն բոլոր կարծրատիպերը, քանի որ կգիտակցեն՝ ամեն ինչ իրենցից է կախված։ Ապրում ենք մի դարում, երբ ամեն ինչ հասանելի է և գրեթե ամեն ինչ կախված է քեզանից, գտնվելուդ տեղն ընդհանրապես կապ չունի», – ասաց Մայիս Մարգարյանը։

Քննարկման ընթացքում մյուս խոսնակներ Արամ Փախչանյանը, Արփի Կարապետյանն ու Արման Խոջոյանն անդրադարձան համապատասխանաբար կրթության ու գիտության, աշխատաշուկայի ու պարենային անվտանգության թեմաներին։

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկանյանը նշեց՝ նման քննարկումների արդյունքում, գուցե, վեր հանվեն խնդիրներ, որոնք նախկինում տեսանելի չեն եղել։

«Այսօրվա քննարկման արդյունքում դուրս բերված խնդիրները եղել ու շարունակում են մնալ մեր տեսադաշտում։ Պատկերացնում ենք, որ նման քննարկումները տեսանելի կդարձնեն այնպիսի խնդիրներ ու հնարավորություններ, որոնք մինչ այս պահն իրականացված քննարկումներում վեր չեն հանվել։ Պիտի ասեմ, որ համարյա նույն հարցերի շրջանական է միշտ քննարկվում՝ կրթություն, գիտություն, աշխատաշուկայում իրացվելու հնարավորություն և այլն։ Ինձ շատ դուր եկավ այսօրվա քննարկումը, չնայած որ հարցերի տեսանկյունները մենք, ըստ էության, այլ էինք պատկերացրել, բայց լսարանից եկավ մեզ համար արդեն սովորական դարձած արձագանքը», – ասաց Գոհար Մամիկոնյանը՝ հույս հայտնելով, որ երիտասարդական քաղաքականությունը ևս կդառնա քննարկումների առարկա։

«Այդ քաղաքականության ոչ լավ տեսանելիությունը ևս մեր խնդիրն է, որովհետև տեսնում ենք կրթության խնդիրը, տեսնում ենք գիտության խնդիրը, բայց չենք տեսնում հենց երիտասարդական քաղաքականության խնդիրն այս ամենի մեջ։ Եզրակացնում ենք, որ քիչ տեսանելի է եղել երիտասարդական քաղաքականությունը, ինչքան էլ փորձել ենք վերջին շրջանում տեսանելի դարձնել այն, մեզ մասամբ է դա հաջողվել։ Սա է, որ մենք դեռևս ունենք որպես մարտահրավեր ու պետք է լուծենք», – ասաց Գոհար Մամիկոնյանը։

Նշենք, որ քննարկմանը մասնակցել ու շնորհավորական խոսքով հանդես են եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Մանրամասները՝ Erit.am–ի տեսանյութում։  

Թեմայի մեջ