Իթվինինգ. հայ ուսուցիչները՝ եվրոպական ընտանիքի անդամ

  23 Օգոստոս 2021  308 դիտում
Իթվինինգ. հայ ուսուցիչները՝ եվրոպական ընտանիքի անդամ

Իթվինինգը Եվրահանձնաժողովի Էրամուս+ ծրագրի բաղադրիչ է, որը ԵՄ տարածքում գործում է 2005 թվականից։ 2010 թվականից ծրագրին միացել են նաև Արևելյան գործընկերության երկրները, որը Բոլոնիայի գործընթացով ամրագրված եվրոպական ընդհանուր կրթական տարածքի ձևավորման քայլերից մեկն է։ «Համագործակցություն՝ ավելի լավ կրթության համար» կարգախոսով ծրագրին կարող է մասնակցել ցանկացած դպրոց, այդ թվում՝ ոչ պետական կրթօջախները, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունները։



Իթվինինգ ծրագրի հայաստանյան համակարգող Վահե Երիցյանը Erit.am-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանը ծրագրին փորձնական փուլով միացել է 2013 թվականին, որում ներառվել են 30 դպրոց և 120 ուսուցիչ։ Նրա խոսքով՝ ՀՀ դպրոցները ծրագրին միացել են աստիճանաբար, քանի որ փորձնական փուլում եղել են բավականին սահմանափակումներ, և ուսուցիչները մրցութային կարգով են ներգրավվել ցանցի աշխատանքներում։ Այդ գործընթացը, ըստ Վահեի,  տևել է մինչև 2016 թվականը, երբ ցանցին արդեն միացել է ՀՀ 50 դպրոց և 200 ուսուցիչ։ 2017 թվականը ևս եղել է փորձնական, սակայն այդ ժամանակ ցանցն արդեն բաց է եղել բոլոր ցանկացողների համար։

«Տարբեր իրավիճակներով պայմանավորված՝ ունեցել ենք 2017-2021՝  իրարից խիստ տարբեր տարիներ։ 2016-ին, այսպես ասած, բում էր, բոլոր ուսուցիչները հետաքրքրված էին, սակայն ծրագիրը ոչ բոլորի համար էր բաց, 2017-ին այն բացվեց, և մեծ թվով ուսուցիչներ միացան ցանցին։ 2018-ին մեր երկրում մեծ փոփոխություններ էին տեղի ունենում, և շատ ուսհաստատություններ չէին գործում, որի արդյունքում տուժեց ծրագիրը։ 2019-ին կրկին լավ ալիք էր, և բազմաթիվ ուսուցիչներ միացան ծրագրին, իսկ արդեն 2020-ը համավարակի հետևանքով մեծ խմբագրումներ մտցրեց ծրագրում։ 2021-ին փորձում ենք բացերը վերականգնել՝ չնայած համավարակն արդեն փոխել է ծրագրի ուղղությունը՝ հիմնական շեշտը դրվում է առցանց հանդիպումների վրա»,-ասում է Վահեն և հավելում, որ երկրի ներսում, սակայն, արդեն վերականգնել են  միջոցառումները։

Մեր զրուցակցի խոսքով՝ Իթվինինգ ծրագրի նպատակը նախագծային ուսուցմանը նպաստելն է, որի շրջանակում եվրոպական տարբեր երկրներից միևնույն առարկա դասավանդող կամ միևնույն հետաքրքություն ունեցող ուսուցիչներն իրականացնում են համագործակցային ուսումնական նախագծեր։ «Ընդ որում՝ կարևորը ոչ թե առարկայական, այլ նախագծային դասավանդումն է, այսինքն՝ կարող են լինել տարբեր առարկաների բաղադրիչներ և ուսուցիչներ։ Քանի որ ցանցին միացած են  տարբեր երկրների ուսուցիչներ, միջազգային նախագծեր իրականացնելու համար պարտադիր բաղադրիչ է օտար լեզուն, ինչպես նաև ՏՏ-ն։ Իթվինինգի հիմնական նպատակը նախագծեր իրականացնելն է, իսկ որպես ընթացիկ նպատակ սահմանված է ուսուցիչների մասնագիտական աճին և զարգացմանը նպաստելը։ Այդ նպատակով կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ և կոնտակտ սեմինարներ՝ մեդիա և ՏՀՏ գործիքների կիրառմամբ, մանկավարժական, մասնագիտական, մեթոդական զարգացման և այլ ուղղություններով։ Մինչ համավարակը լինում էին նաև միջազգային փոխայցելություններ, սակայն հիմա դրանք փոխարինվել են առցանց հանդիպումներով»,-ծրագրի մանրամասներն է ներկայացնում Վահեն՝ հավելելով, որ ծրագրի 80 տոկոսը համաֆինանսավորում  է ԵՄ կրթության, գիտության, մշակույթի և աուդիովիզուալ գործակալությունը, իսկ 20 տոկոսն իրականացվում է ներքին ռեսուրսներով, այս պարագայում՝ ԿՏԱԿ-ի միջոցով։

Ըստ մեր զրուցակցի՝ առհասարակ ծրագրի բավականին միջոցներ միշտ ուղղվել են միջազգային փոխայցելություններին, սակայն ներկայում դրանք ծառայում են առցանց վերապատրաստման դասընթացներին։ Նրա խոսքով՝ օրերս տեղի է ունեցել նման միջոցառումներից հերթականը, որին մասնակցել է Իթվինինգին ակտիվ ներգրավվածություն ունեցող ՀՀ տարբեր մարզերի շուրջ 50 ուսուցիչ։ Վահեն հավաստիացնում է՝ եռօրյա դասընթացի ավարտին նրանք արդեն տիրապետում էին նախագծային ուսուցման հիմունքներին, կազմում և իրականացնում ուսումնական դասընթացներ։ 

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանն ունի բավականին հաջողություններ, հատկապես հաշվի առնելով, որ մեր երկրի բյուջեն ամենափոքրերից մեկն է, մեր պետությունը ուշ է միացել այս ծրագրին, ինչպես նաև փոքր թիվ են կազմում մասնակից դպրոցներն ու ուսուցիչները։ Վահեի խոսքով՝ տարվա վերջում Իթվինինգը մասնակիցներին շնորհում է որակի ազգային հավաստագիր, հետո նաև՝ եվրոպական հավաստագիր։ Կազմակերպվում է նաև ազգային մրցանակաբաշխություն և տրվում համաեվրոպական մրցանակ։ 2017 թվականին հայ ուսուցիչներից մեկի նախագիծը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 2019-ին մեր ուսուցիչներից մեկը հաղթող նախագծի համահեղինակներից էր։ Նա պետք է իր մրցանակը ստանար 2020 թվականին, սակայն համավարակով պայմանավորված՝ այն անցկացվել է առցանց ձևաչափով։ 

«2020 թվականին հաղթող չենք ունեցել, քանի որ մեր երկրի համար բավականին ծանր էր առցանց ուսուցում իրականացնել՝ համեմատած միջին եվրոպական երկրի հետ։ Մեր դպրոցները և ուսուցիչներն ավելի անպատրաստ էին օնլայն ուսուցմանը, քան օրինակ՝ Լեհաստանը, Չեխիան։ Մենք նույնիսկ տեխնիկական ռեսուրսի պակաս ունենք, էլ չեմ խոսում ուսուցիչների պատրաստվածության մասին՝ ՏՏ գործիքներ կիրառելու տեսանկյունից։ Մեր ծրագրի շրջանակում ստանդարտացված և իրականացվող դասընթացներից երկուսն ուղարկել ենք Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն, որտեղ դրանք երաշխավորվել են և 1 ու 0.5 կրեդիտ են տալիս մասնագիտական զարգացում բաղադրիչից»,-փաստում է Վահեն և հավելում, որ այն իր մեջ ներառում է 5 խոշոր դասընթաց՝ խաղերի կիրառում ուսումնական գործընթացում, նախագծային դասավանդում, ինքնաճանաչողություն և այլն։

Ծրագրի համակարգողն ասում է, որ սեպտեմբերից նախատեսում են մանկավարժական բուհերի հետ համատեղ  մշակել մոդուլ, որպեսզի ապագա մանկավարժները պատկերացում ունենան նախագծային ուսուցման և Իթվինինգ ծրագրի մասին։ Այդ նպատակով աշխատել են Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական, ինչպես նաև Ամերիկյան համալսարանի հետ։ Վերջինիս հետ անգամ նախատեսել են ստորագրել համագործակցության հուշագիր, որը, սակայն համավարակի հետևանքով հետաձգվել է։  

Վահեն հավաստիացնում է՝ Իթվինինգին ակտիվ մասնակցություն ունեցած ուսուցիչներն առնվազն ունենում են մասնագիտական աճ։

Նյութը պատրաստեց Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ