Երիտասարդները հանուն փոփոխության. կբարձրանա մարզերի զբոսաշրջային ներուժը

  30 Օգոստոս 2021  413 դիտում
Երիտասարդները հանուն փոփոխության. կբարձրանա մարզերի  զբոսաշրջային ներուժը

ՀՀ մարզերի երիտասարդությանը քայլարշավային տուրիզմին և արահետների կառուցմանն ավելի մոտիկից ծանոթացնելու նպատակով հունիսից մեկնարկել է «Երիտասարդները հանուն փոփոխության» ծրագիրը, որը «Դիլիջան» ազգային պարկի հետ համագործակցության շրջանակում իրականացնում է «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ն՝ ԱՄՆ Անտառային ծառայության ֆինանսավորմամբ։ Ծրագիրը նպատակ ունի մեծացնել մարզերի բնակչության տնտեսական հնարավորությունները` տեղի զբոսաշրջային պոտենցիալը լիարժեք օգտագործելու միջոցով, ինչպես նաև աշխատաշուկայում բարձրացնել երիտասարդության մրցունակությունը։

Erit.am-ի հետ զրույցում «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աշոտ Դավթյանն ասում է, որ հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2017 թվականին և զբաղվում է Հայաստանում ու Արցախում քայլարշավային տուրիզմի մշակույթը տարածելով, արահետների գծանշմամբ, քարտեզագրմամբ և կառուցմամբ։ «Մեր կազմակերպությունը, որն աշխատում է դրամաշնորհների և նվիրատվությունների միջոցով, ամեն տարի համագործակից կազմակերպությունների հետ մարզերում իրականացնում է արահետների սպասարկում կամ նորերի ավելացում, բայց մեր ռեսուրսներն անսպառ չեն: Այդ պատճառով մարզերի երիտասարդների համար նախաձեռնել ենք կրթական ծրագրեր, որոնց արդյունքում ձեռքբերված գիտելիքներն ու փորձը նրանք հետագայում կօգտագործեն արահետները սպասարկելու, դրանք մաքուր և անվտանգ պահելու համար։ «Երիտասարդները հանուն փոփոխության» ծրագրի շեշտը ևս դրել ենք մարզերի երիտասարդների վրա, որպեսզի, այսպես ասած, դուրս գանք Երևանից և քաղաքներից, քանի որ մինչև այժմ ծրագիրն իրականացրել ենք հենց քաղաքներում»,-նշում է Աշոտը և հավելում, որ մասնակիցների ընտրության գործընթացն այնքան էլ հեշտ չի եղել։ Ստացվել են ավելի քան 140 դիմումներ, որոնցից ընտրվել են 45 մասնակիցներ՝ Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից և Արցախից: