Արցախյան պատերազմի և COVID-19-ի հետևանքները երիտասարդների հոգեկան առողջության վրա․ հետազոտություն

  01 Սեպտեմբեր 2021  166 դիտում
Արցախյան պատերազմի և COVID-19-ի հետևանքները երիտասարդների հոգեկան առողջության վրա․ հետազոտություն

COVID-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առավել ակնհայտ է դարձել երիտասարդների հոգեկան առողջության հիմնահարցերի կարևորությունը և դրանց վերաբերյալ փաստահեն միջամտությունների անհրաժեշտությունը: Վերջին երկու տարիների ընթացքում երիտասարդներն առերեսվել են մի շարք դժվարությունների, մասնավորապես, արտակարգ դրության ռեժիմ և դրա հետևանքով առաջացած օրվա կազմակերպման և կյանքի փոփոխություններ, անցում հեռավար կրթության, սոցիալական կապերի սահմանափակում, վարակի, քրոնիկ հիվանդության կամ հաշմանդամության սպառնալիք, իսկ 2020 թվականի վերջին նաև Արցախում ծավալված ռազմական գործողությունների ազդեցություն։ Այս իրավիճակում հնարավոր են հոգեկան առողջության խաթարումներ ազգաբնակչության, և, մասնավորապես, երիտասարդների շրջանում, որոնք առավել խոցելի են և զգայուն փոփոխությունների նկատմամբ։

Այդ նպատակով «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում կատարել է «COVID-19-ի պայմաններում երիտասարդների հոգեկան առողջությունը» համապետական ներկայացուցչական հետազոտություն, որն իրականացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պատվերով։

Հետազոտության նպատակի, մեթոդաբանության և արձանագրված արդյունքների շուրջ Erit.am-ը զրուցել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանի հետ։

Նրա խոսքով՝ հետազոտության նպատակն էր վերհանել հոգեկան առողջության խնդիրները, որոնք պայմանավորված են Covid-19-ի և Արցախում ռազմական գործողությունների հետևանքներով՝ ի նպաստ դեռահասների և երիտասարդների բարեկեցության ու բնականոն զարգացման։ Զեկույցը, ըստ մեր զրուցակցի, ներկայացնում է 16–24 տարեկան երիտասարդների շրջանում հայտնաբերված հոգեկան առողջության խնդիրները, դրանց դրսևորման ձևերը, կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակները, մտահոգությունները։

«Ուսումնասիրության համար կիրառվել է խառը մեթոդներով հետազոտությունը, մասնավորապես, համաժամանակյա (տրիանգուլյացիոն` տվյալները փոխհաստատող) հետազոտական մեթոդաբանությունը: Հետազոտությունն իրականացվել է որակական և քանակական բաղադրիչների համատեղմամբ՝ ապահովելով որակական և քանակական հետազոտական տվյալների փոխլրացումը: Գրասենյակային հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են Հայաստանում երիտասարդների հոգեկան առողջությանը վերաբերող առկա պետական ծրագրերը, ոլորտային տվյալներն ու փաստաթղթերը, նախորդ հետազոտությունները և վերլուծական զեկույցները»,-ասում է Մարիամը՝ հավելելով, որ քանակական հարցմանը մասնակցել է 16-ից 24 տարեկան 1000 երիտասարդ՝ ՀՀ բոլոր մարզերից:

Նրա խոսքով՝ տվյալները հավաքագրվել են դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Որակական խորքային հարցազրույցներն իրականացվել են հոգեկան առողջության և երիտասարդների հետ աշխատանքի ոլորտների 15 փորձագետի և կառույցների ներկայացուցիչների հետ։

Համաձայն հետազոտության արդյունքների՝ վերջին 2 տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները զգալի նշանակություն են ունեցել երիտասարդների կենսագործունեության և հոգեկան առողջության համար։ Մասնավորապես, վերջին 6 ամսվա ընթացքում Հայաստանում երիտասարդների միայն մեկ քառորդը (24%) չի զգացել անհանգստություն, տագնապ կամ դյուրագրգռվածություն, մինչդեռ զգալի մասը զգացել են դրանք տարբեր աստիճանի՝ շատ հաճախ (24%), հաճախ (29%), հազվադեպ (23%)։ Ընդ որում՝ վերջիններիս զգացած անհանգստությունը և տագնապը մեծամասամբ կապված են եղել Արցախում ռազմական գործողությունների հետ։ Երիտասարդների 48%-ը չի ունեցել անհանգստություն, տագնապ կամ դյուրագրգռվածություն մինչև Կորոնավիրուսի համավարակը, իսկ 30%-ը՝ մինչ Արցախում ռազմական գործողությունների բռնկումը։ Երիտասարդների 58%-ը նշել է, որ Արցախում ռազմական գործողությունները մեծապես խաթարել են իրենց բնականոն կյանքը․ ամենամեծ ազդեցությունը եղել է (68%) շրջապատից որևէ մեկի մահը։ Կորոնավիրուսի համավարակը մեծապես ազդել է երիտասարդների դասերի կազմակերպման մոտեցումների և սոցիալական շփումների վրա։ Որպես ամենամեծ ազդեցություն երիտասարդների 47%-ը նշել է անցումը հեռավար կրթությանը, 37%-ը սոցիալական շփումների սահմանափակումը, իսկ 35%-ը՝ ազատ տեղաշարժման սահմանափակումները։ Սոցիալական շփումների սահմանափակումը ավելի շատ ազդել է աղջիկների, իսկ տեղաշարժման սահմափակումները՝ երևանաբնակ երիտասարդների բնականոն կյանքի վրա։ Երիտասարդների մեծամասնությունը մտահոգված է Հայաստանի վրա Արցախում ռազմական գործողությունների բացասական սոցիալ-տնտեսական ազդեցությամբ (66%), իրենց և իրենց ընտանիքի անվտանգությամբ (65%), իրենց և իրենց ընտանիքի ապագայի անորոշությամբ (58%)։ Իսկ Կորոնավիրուսի հետևանքներից երիտասարդներին առավել շատ մտահոգում են իրենց ընտանիքի անդամների խոցելի լինելը համավարակի նկատմամբ (44%) և սահմանափակումների պատճառով դասերի հեռավար կազմակերպումը (38%)։