Երիտասարդական աշխատողների վերապատրասման դասընթաց՝ Հյուսիսային Մակեդոնիայի, Սլովակիայի ու Հայաստանի երիտասարդների համար

  09 Սեպտեմբեր 2021  191 դիտում
Երիտասարդական աշխատողների վերապատրասման դասընթաց՝ Հյուսիսային Մակեդոնիայի, Սլովակիայի ու Հայաստանի երիտասարդների համար

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն այս օրերին Երևանում հյուրընկալել է երիտասարդական աշխատողների միջազգային վերապատրաստման դասընթաց, որի շրջանակներում Հայաստան են այցելել Հյուսիսային Մակեդոնիայի և Սլովակիայի երիտասարդական աշխատողներ։

Դասընթացին մասնակից հայ երիտասարդների հետ նրանք այցելել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, կիսվել տպավորություններով, հետաքրքրվել Հայաստանում երիտասարդական քաղաքականության մշակմամբ։

«Այս 8 օրերի ընթացքում երիտասարդները ծանոթացել են Հայաստանում երիտասարդական ենթակառուցվածքներին, ծրագրերին, և փորձել հասկանալ՝ ինչպես ավելի արդյունավետ երիտասարդներին ներգրավել համայնքային աշխատանքներում և ծրագրերում», – erit.am–ի հետ զրույցում ասաց «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը։

Նրա խոսքով՝ ծրագրում ընդգրկվել են հենց այս երեք երկրները, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեք երկրներում էլ երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում բավականին ցածր է․

«Բացի դասընթացից, ծրագրի շրջանակներում նախաձեռնել ենք նաև հետազոտություն, որի արդյունքում պիտի հասկանանք՝ որոնք են երիտասարդների պասիվության հիմնական պատճառները», – ասաց Գրիգոր Երիցյանը։

ԿԳՄՍ նախարարության Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը նշեց` նախարարությունը, երիտասարդական քաղաքականության մշակման ամբողջ ընթացքում, համագործակցել է հասարակական կազմակերպությունների հետ, և դրանք մեծ ներդրում են ունեցել ռազմավարության մշակման գործում:

«Կարծում եմ՝ նմանատիպ հանդիպումները, երիտասարդների փոխանակումները, շատ կարևոր են և՛ եկող, և՛ հայ երիտասարդների համար: Արտասահմանից երիտասարդները գալիս են, մեր մշակույթին են ծանոթանում, մեր երիտասարդներն էլ իրենց հետ են շփվում: Միջմշակութային հաղորդակցությունն անչափ կարևոր է երիտասարդության ոլորտում, և այսպիսի փոխանակումների միջոցով է, որ դա գործնականում տեղի է ունենում», - ասաց Գոհար Մամիկոնյանը:

Մանրամասները՝ erit.am-ի տեսանյութում:

Թեմայի մեջ