Մեզ չափազանց գրավում է Հայաստանը․ Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի տնօրեն

  28 Սեպտեմբեր 2021  275 դիտում
Մեզ չափազանց գրավում է Հայաստանը․ Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի տնօրեն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնը վերջերս փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն ազդարարել է ոչ ֆորմալ կրթության ոլորտում կողմերի միջև արդյունավետ համագործակցության մեկնարկը։ Erit.am-ը զրուցել է Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդրս Փոստսի հետ՝ կենտրոնի գործունեության, Հայաստանում նախատեսվելիք ծրագրերի և, մասնավորապես, ՀՊՏՀ-ի հետ համագործակցության մասին։ Հավելենք, որ Ալեքսանդրս Փոստսը Հայաստանում էր՝ իբրև դասընթացավար մասնակցելու ՀՊՏՀ-ում գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված «Աշխատելու հնարավորությունները» խորագրով սեմինար/դասընթացին:



- Խնդրում եմ պատմեք, թե հիմնականում ի՞նչ գործունեություն է ծավալում
  Լատվիայի երիտասարդության զարգացման կենտրոնը:

- Լատվիայի երիտասարդության զարգացման կենտրոնը (Latvijas Jauniešu Attīstības Centres) հասարակական կազմակերպություն է, որի հիմնական առաքելությունն է՝ երիտասարդներին հնարավորություն տալ զարգանալ անձնական և մասնագիտական ​​մակարդակում: Մեր նպատակն է լուծել մեր հասարակության ամենացավոտ խնդիրները, նպաստել հավասարությանը, կոտրել կարծրատիպերը և պայքարել երիտասարդության գործազրկության դեմ՝ կազմակերպելով տարբեր նախաձեռնություններ, նախագծեր, սեմինարներ և օգտագործելով նոր մեդիա հնարավորություններ:

Լատվիայի երիտասարդության զարգացման կենտրոնը երիտասարդների հետ աշխատանքը սկսել է 2014 թվականին։ Մենք կենտրոնանում ենք երիտասարդական նախագծերի և վերապատրաստման դասընթացների ակտիվ առաջխաղացման վրա, որոնք հիմնականում ֆինանսավորվում են Էրազմուս + ծրագրի դրամաշնորհներով: Այս բազմազան հնարավորությունների առաջմղումը թիրախային խմբերի միջև իրականացվում է հիմնականում սոցիալական ցանցերի և ինտերնետի միջոցով: Մեր կազմակերպությունը հանդես է գալիս որպես նման նախագծերի համակազմակերպիչ և արդյունավետ աշխատում է հետագա նախագծերի իրականացման վրա: Գործընկերների հետ համագործակցությամբ՝ Լատվիայի երիտասարդության զարգացման կենտրոնն աշխատում է նաև սոցիալական գովազդի ոլորտում՝ կենտրոնանալով կարճամետրաժ ֆիլմերի ստեղծման վրա, որոնց  ուշադրության կենտրոնում սոցիալական թեմաներն են: Նման սոցիալական գովազդների միջոցով մենք կարողանում ենք աջակցել մեր հասարակության խնդիրների լուծմանը և մարդկանց ուշադրությունը հրավիրել այնպիսի սոցիալական խնդիրների վրա, ինչպիսիք են՝ խտրականությունը, հոմոֆոբիան և այլն:

Այսպիսով՝ մեր հիմնական նպատակներն են՝ զարգացնել երիտասարդների անձնական և մասնագիտական ​​հմտությունները ոչ ֆորմալ կրթության մեթոդների միջոցով, ստեղծել ուսուցման հնարավորությունների հարթակ` գյուղական համայնքների և անապահով ընտանիքների երիտասարդների համար, ինչպես նաև բարձրացնել երիտասարդության առաջնորդական ներուժը` կազմակերպելով տարբեր վարպետության դասեր և սեմինարներ:

- Ի՞նչ ծրագրեր ունեք ՀՀ-ի, հատկապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցության տեսանկյունից։

- Ստորագրելով ՀՊՏՀ-ի հետ համագործակցության հուշագիր` մեր կազմակերպությունը ցանկանում է նպաստել երիտասարդության զարգացմանը ոչ միայն մեր հիմնական տարածքում` Լատվիայում և Եվրոպական միությունում, այլ նաև Հայաստանում: Տեղական, որտեղ ՀՊՏՀ-ն կլինի մեր պաշտոնական գործընկերը, և միջազգային՝ ԵՄ դրամաշնորհների աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունների կազմակերպմամբ՝ մենք ցանկանում ենք դառնալ հնարավորությունների կամուրջ: Մեր կետրոնը մեծ կարևորություն է տալիս ոչ ֆորմալ կրթության մեթոդներին, և այս առումով երկուստեք շահերը համընկնում են։ Այն, ինչ մենք անում ենք, բխում է ուսանողների շահերից։ Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը ՀՊՏՀ-ի հետ շարունակական կլինի, քանի որ երկուսս էլ մեկ հիմնարար արժեք ունենք՝ որակյալ կրթության ապահովումը։ 

Մեզ չափազանց գրավում է Հայաստանի Հանրապետությունը և նրա մայրաքաղաք Երևանը՝ որպես կրթամշակութային կենտրոն, որի ներուժը կարող է ավելի լայնորեն բացահայտվել: Մեր կարծիքով՝ խաղաղության և համերաշխության գաղտնիքը հաղորդակցության և փոխըմբռնման մեջ է։ Եվ այդ բաղադրիչները մենք գտանք ՀՊՏՀ-ի հետ համագործակցության ընթացքում: Մեր նախատեսում ենք նաև համագործակցություն սկսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Հուսով եմ, որ մեր հաջորդ այցելության ժամանակ, որը նախատեսվում է 2021 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսին, մենք կունենանք նման հնարավորություն: Հիմնական թեման կարող է լինել ոչ ֆորմալ կրթության մեթոդների ինտեգրումը հանրակրթական պետական  ուսումնական հաստատություններում: Երևանի «Այբ» դպրոց և Դիլիջանի UWC քոլեջ կատարած մեր նախորդ այցելությունների ժամանակ մենք նկատեցինք, որ այդ պրակտիկան արդեն հաջողությամբ իրականացվում է Հայաստանում, բայց մասնավոր դպրոցների մակարդակում: