Եվս երեք մարզերի երիտասարդներ հզորացրեցին իրենց հմտությունները հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում

  10 Նոյեմբեր 2021  274 դիտում
Եվս երեք մարզերի երիտասարդներ հզորացրեցին իրենց հմտությունները հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում

Նոյեմբերի 5—7-ը Գորիս քաղաքում կայացավ «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» եռօրյա դասընթաց Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի 21 երիտասարդների մասնակցությամբ։ Դասընթացն իրականացվեց «ԴԱՏԱ․ Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։ Ոլորտային դասընթացավարների կողմից ներկայացվեցին երիտասարդների մասնակցության մակարդակների, ակտիվ քաղաքացիության ու ակտիվիզմի, հանրային քաղաքականությունների ձևավորման ու որոշումների կայացման գործընթացներում մասնակցության և դրանց վրա ազդեցության միջոցների, որոշումների կայացման գործընթացների տեսակների ու մակարդակների, երիտասարդների ներգրավվմամբ ջատագովության վերաբերյալ։ Մասնակիցները տեսական, գործնական և կրթական մեթոդների միջոցով ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, սովորեցին, թե ինչպես կազմակերպել շահերի պաշտպանության ռազմավարություն, բացահայտել հիմնախնդիր և ձևավորել դրա լուծման շահագրգիռների շրջանակը, համագործակցել որոշում կայացնողների հետ։ Արարատի մարզի Դեղձուտ համայնքից 18-ամյա ուսանող Ախլաթ Մելքոնյանը նշեց, որ դասընթացը օգնեց իրեն հասկանալու, որ որոշումների կայացման գործընթացներում մասնակցությունը կհաջողվի, եթե դա հիմնված լինի փաստերի ու հստակ պլանավորման վրա՝ մոբիլիզացնելով այլ կողմերին ևս։