Երևանում կայացել է «Նոր սերունդ 2021» համաժողովը

  14 Դեկտեմբեր 2021  175 դիտում
Երևանում կայացել է «Նոր սերունդ 2021» համաժողովը

Տեղի է ունեցել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Նոր սերունդ 2021» ծրագրի հոբելյանական՝ 10-րդ համաժողովը՝ շրջանավարտների և ծրագրի պոտենցիալ շահառուների մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը, որը մասնակցել է առցանց:

«Նոր սերունդ» ծրագիրը գործում է 2011 թվականից, և այս ընթացքում ավելի քան 350 հայ երիտասարդ առաջնորդներ հնարավորություն են ունեցել այցելելու ՌԴ և հաստատելու մասնագիտական կապեր, կառուցելու երկարատև գործընկերային հարաբերություններ պետական և ոչ պետական համակարգերի ներկայացուցիչների, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների հետ:

Ծրագիրը յուրահատուկ հնարավորություն է հայաստանյան բուհերի ուսանողների համար՝ ներկայացնելու իրենց նախագծերը պետական համակարգում և բիզնես ոլորտում:

Համաժողովի ներկաներին առցանց ձևաչափով ողջունել է Եվգենի Պրիմակովը և նշել, որ թեև համաճարակը խախտել է ծրագրի որոշ ձևաչափեր, բայց այն որակապես չի տուժել: Ըստ նրա՝ «Նոր սերունդ» ծրագիրը «Ռոսսոտրուդնիչեստվոյի» բոլոր ուղղությունների համար կարևոր ռեսուրս է և միավորում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, գիտությունը, աշխատաշուկան և այլն:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ իր հերթին ընդգծել է, որ ծրագրի գլխավոր միտքն այն է, որ մասնակիցները չսահմանափակվեն ՌԴ այցով, այլ զարգացնեն այն նոր կապերի ու փոխհարաբերությունների հաստատման համատեքստում և ապահովեն դրանց շարունակականությունը:

«Հայաստանից շուրջ 400 երիտասարդ է մասնակցել ծրագրին, ինչը փաստում է մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասին»,- ասել է դեսպանը:

Ծրագիրը նպաստում է բուհերի և գործատուների միջև կապի ամրապնդմանը և օգնում է երիտասարդներին դառնալ հասարակության լիարժեք անդամ՝ իրականացնելու իրենց հեռահար նպատակները, որոնք ձեռք են բերում բարձրագույն կրթություն ստանալիս:

Արժևորելով ծրագրի դերը այս տիրույթում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և շնորհավորել հոբելյանական միջոցառման կապակցությամբ: Փոխնախարարը նշել է, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 8-11-ը, Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երիտասարդական համաժողովը, որին մասնակցել են շուրջ 30 հայ երիտասարդ: Նպատակն էր 2 երկրների երիտասարդների միջև միջմշակութային և հումանիտար համագործակցության հաստատումը:

«Այս տեսակ համաժողովները նպաստում են ոչ միայն բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, այլև տալիս են լրացուցիչ հնարավորություններ՝ համատեղ ծրագրեր նախագծելու և իրականացնելու,- ասել է փոխնախարարը և հավելել,- վստահ եմ՝ այսօրվա համաժողովը և քննարկվող թեմաները կօգնեն վեր հանել մերօրյա երիտասարդների առաջ ծառացած խնդիրները և գտնել դրանց արդյունավետ լուծումները»:

Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել Ա. Ն. Մարությանի «Սարդարապատ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան և դրա քննարկումը կինոքննադատի և պատմաբանի հետ:

Թեմայի մեջ