Այսօր

6 հետաքրքիր հավելված առողջ ապրելակերպին հետևելու համար

  19 Մայիս 2021  141 դիտում
6 հետաքրքիր հավելված առողջ ապրելակերպին հետևելու համար

Առողջ ապրելակերպի վերաբերյալ տարածված խորհուրդներից է «էկրանային» ժամանակը հնարավորինս կրճատելը։ Եթե հեռախոսը երկար ժամանակով մի կողմ դնելը ձեզ համար բարդ առաջադրանք է, փորձեք այն օգտագործել առողջ նպատակով. այն է՝ օգտվել ֆիզիկական ակտիվության, առողջ ապրելակերպի վերաբերյալ հետևյալ հավելվածներից։

Barre Down Dog 

Barre-ն մարզումային համեմատաբար նոր տարատեսակ է՝ խորեոգրաֆիայի և ֆիտնեսի միքս, որը օգնում է ամրացնել մկանները, ունենալ ճկուն մարմին և սլացիկ կազմվածք։ Barre Down Dog-ից օգտվելու համար տանը հատուկ մարզասարք ունենալ պետք չէ, հավելվածում ներկայացված վարժությունները կատարելու համար որպես հենման կետ կարող է ծառայել սովորական աթոռը կամ պատուհանագոգը։ Ներկայացված են ինչպես ընդհանուր վարժություններ, այնպես էլ` կոնկրետ մկանային խմբերի համար նախատեսված։ Դրանք կարելի է ներբեռնել հեռախոսում և կատարել նաև օֆլայն ռեժիմում։ 

Adidas Training

Adidas Training-ի վարժությունները կգնահատեն ոչ միայն հայտնի ապրանքանիշի սիրահարները։ Այս հավելվածը հարմար է ինչպես ամուր մկաններ ունենալու, այնպես էլ նիհարելու կամ պարզապես առողջ ապրելակերպին հետևելու համար։ Ֆիթնես հրահանգներով ավելի քան 180 վարժությունների զգալի մասը կարելի է կատարել մարզադահլիճից դուրս և առանց հատուկ մարզասարքերի։ Բացի այդ, հավելվածը կարելի է միացնել հեռուստացույցով և հրահանգներին հետևել արդեն մեծ էկրանից։ 

Water Time

Water Time-ն օգնում է պահել օրգանիզմում ջրի անհրաժեշտ չափաբաժինը։ Ձեր քաշի, ֆիզիկական ակտիվության աստիճանի հիման վրա հավելվածը հաշվում է, թե օրական քանի բաժակ ջուր պետք է խմեք և պարբերաբար ուղարկում համապատասխան ծանուցումները։ Օրգանիզմում ջրի սակավությունը վատ է անդրադառնում տրամադրության, մաշկի առողջության, մարզումների որակի վրա։ Բացի այդ, երբեմն մենք շփոթում ենք ծարավի և քաղցի զգացողությունները, ինչի հետևանքով սկսում ենք չափից շատ ուտել։ 

FatSecret

Այս հավելվածը բավականին հայտնի է առողջ սննդակարգի երկրպագուների շրջանում։ Այն լուսանկարի կամ մթերքի վրա պատկերված կոդի միջոցով րոպեների ընթացքում հաշվում է դրանում կալորիաների քանակը, շաքարի, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի չափաբաժինը։ Հավելվածի միջոցով կարող եք նաև ձեր մարմնի կառուցվածքին համապատասխան սննդակարգ կազմել։ FatSecret-ը բազմիցս ենթարկվել է թարմացումների, այժմ դրանում կա նաև բաղադրատոմսերի գիրք, մարզումների օրագիր։ Հավելվածի միջոցով կարող եք շփվել համախոհների հետ, ծանոթանալ նրանց խորհուրդներին։

Sleep Cycle

Քունը հոգնածության, սթրեսի, ի վերջո աչքերի շուրջ սև շրջանակների դեմ պայքարի լավագույն միջոցն է։ Sleep Cycle-ի հեղինակները խոստանում են, որ այս հավելվածի միջոցով դուք կսովորեք հեշտ ու հանգիստ քնել և նույնկերպ արթնանալ։ Հավելվածը, հիմնելով սենյակային ձայների վրա, վերլուծում է մարդու շարժը և հասկանում՝ քնի որ փուլում է նա գտնվում։ Ամենաարագ քնի փուլում, երբ արթնանալը հեշտ է, հնչում է զարթուցիչը։ «Վեր կացը» կարող եք պլանավորել որոշակի ժամանակահատվածում, օրինակ՝ 7։00-7։30 միջակայքում, իսկ հավելվածը կընտրի ձեզ արթնացնելու ամենահարմար պահը։

Text Neck 

Text Neck-ը հատկապես նրանց համար է, ովքեր շատ են նստում համակարգչի առաջ, աչքի չեն ընկնում սլացիկ կազմածքով և ողնաշարի հոգնածության հետևանքով պարբերաբար դժգոհում են գլխացավերից։ Դուք հավելվածին ներկայացնում եք ձեր ողնաշարի վիճակը, իսկ այն առաջարկում է մի քանի վարժություն՝ համապատասխան բացատրություններով։ 

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ