Այսօր

Հետազոտություն. շփումն առողջության համար նույնքան կարևոր է, որքան ֆիթնեսն ու առողջ սնունդը

  20 Մայիս 2021  144 դիտում
Հետազոտություն. շփումն առողջության համար նույնքան կարևոր է, որքան ֆիթնեսն ու առողջ սնունդը

Եթե դժգոհում ենք ճարպակալումից, ճնշումից, քրոնիկ սթրեսից և նմանատիպ այլ խնդիրներից, ապա բացառված չէ, որ դրանց պատճառը սոցիալական պասիվ կյանքն է: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականներն այս եզրահանգմանն են եկել 4 խոշոր հետազոտությունների արդյունքում, որոնցում ընդգրկվել է տարիքային տարբեր խմբերի ավելի քան 14000 ներկայացուցիչ: Հետազոտողները սոցիալական ակտիվությունը չափել են այնպիսի ցուցիչներով, ինչպիսիք են ընկերների քանակը, ամուսնական կարգավիճակը, հասարակական գործունեությունը, իսկ ֆիզիկական առողջության ցուցիչները եղել են մասնակիցների արյան ճնշումը, իրանի չափը, մարմնի զանգվածի ինդեքսը և արյան մեջ C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը:

«Հենց այս ցուցիչների շնորհիվ հնարավոր է առավել ճշգրիտ գնահատել վաղաժամ մահվան վտանգը և քրոնիկ սթրեսի ու սոցիալական ակտիվության կապը։ Վերջինս նվազեցնում է սթրեսի ենթարկվելու հավանականությունը և օրգանիզմի վրա դրա վատ ազդեցությունը»,- ասում է հետազոտողներից Կետլին Մալեն Հարիսը (Kathleen Mullan Harris)։

Մասնակիցները նաև ներկայացրել են իրենց ընկերների և հարազատների հետ հարաբերությունները, ինչը հնարավորություն է տվել հասկանալ դրանց ոչ միայն քանակը, այլև որակը: Վերլուծությունը ցույց է տվել, որ և՛ վաղ երիտասարդության, և՛ ծերության ժամանակ առողջության համար կարևոր է սոցիալական շփումների բավարար քանակը։ Պատանիների դեպքում սոցիալական մեկուսացումը մեծացնում է սթրեսի և հոգեբանական այլ խնդիրների ռիսկը, իսկ մեծահասակների մոտ միայնությունը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման։ Հետազոտողներն ընդգծում են, որ ակտիվ սոցիալական կյանքը կարող է կարևոր դեր ունենալ տարբեր հիվանդությունների կանխարգելման գործում և միևնույն ժամանակ փաստում՝ կյանքի միջնամասում կարևոր է շփումների ոչ թե քանակը, այլ որակը։ Հարիսի խոսքով՝ տարիքի հետ սոցիալական ակտիվությունը նվազում է և հարց է առաջանում՝ եղած շփումից մարդիկ դրակա՞ն լիցքեր են ստանում, թե՞ հավելյալ սթրես։

«Իհարկե, առողջ սնունդը և ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր են, բայց սոցիալական ակտիվությունն ու մարդկանց հետ բովանդակալից հարաբերությունները նույնքան, եթե ոչ ավելի մեծ դեր ունեն առողջության պահպանման գործում», - ամփոփում է հետազոտության հեղինակներից սոցիոլոգ Յան Քլեր Յանը (Yang Claire Yang)։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ