Այսօր

Վերածրագրավորեք ձեզ 2 րոպեում. ինչպես է մարմնի դիրքն ազդում տրամադրության վրա

  20 Մայիս 2021  169 դիտում
Վերածրագրավորեք ձեզ 2 րոպեում. ինչպես է մարմնի դիրքն ազդում տրամադրության վրա

Տխուր և ընկճված ժամանակ ուշադրություն դարձրեք ձեր մարմնի դիրքին։ Ամենայն հավանականությամբ, նման պահերի ծռված, «կուչ եկած» վիճակում եք, պարանոցն ու ուսերը՝ առաջ, իսկ գլուխը` կախ։ Դուք այդպես եք նստել, քանի որ տխուր եք, բայց ճիշտ է նաև հակառակը՝ տխուր եք, որովհետև այդպես եք նստել։ Մեր ուղեղի և մարմնի հարաբերությունները երկուստեք փոխադարձ են․ մտքերն ազդում են մարմնի ռեակցայի վրա, իսկ մարմնի դիրքը որոշակի ազդանշաններ է փոխանցում ուղեղին։

Էմի Կադիի բավականին հայտնի TED դասախոսությունից տեղեկանում ենք, որ օրվա ընթացքում ընդամենը երկու րոպեով ազդեցիկ դիրք ընդունելը փոխում է սեփական անձի նկատմամբ վերաբերմունքը։ Խոսքը միայն շրջապատին ինքնավստահ երևելու մասին չէ․ մարմնի դիրքով պայմանավորված՝ բառացիորեն փոխվում է հորմոնալ ֆոնը՝ նվազում է սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը:

«Գլխուղեղի որոշակի հատված կապված է վստահություն հետ: Երբ այդ հատվածն ակտիվանում է, այդքան էլ կարևոր չէ, թե բուն ինչն է այն «միացրել»։ Լինում են դեպքեր, երբ բարդ է տարբերակել իրական և այն ինքնավստահությունը, որն ընդամենը պայմանավորված է մեր մարմնի դիրքով։ Գրեթե նույն իրավիճակն է, ինչ ժպիտի պարագայում՝ մենք ժպտում ենք ուրախության դեպքում, բայցև ժպտալը բարձրացնում է համապատասխան հորմոնների մակարդակը»,- ասում է Օհայոյի համալսարանի հոգեբան Ռիչարդ Պետին։

Ինչ վերաբերում է մարմնի դիրքին՝ Պետին ասում է, որ մեր ինքնազգացողությունը կախված է նրանից, թե որքան «բարձր» ենք մեզ զգում։ Օրինակ՝ եթե դուք նույն հասակի երկու մարդկանցից մեկին նստեցնենք բարձր աթոռին, մյուսին՝ ցածր, ապա համեմատաբար բարձրում գտնվողն իրեն ավելի ինքնավստահ կզգա։ Ձեր դիրքն ուղեղին հուշում է, որ ազդեցիկ եք, իսկ դա իր հերթին փոխում է տրամադրվածությունը։ 

Դեռևս 2009 թվականին կատարած վերլուծության ընթացքում Պետին և այլ հետազոտողներ ուսանող մասնակիցներին հանձնարարել են նստել ուղիղ և առաջ բերել կրծքավանդակը կամ նստել փոքր-ինչ կռացած՝ հայացքը ծնկներին: Դրանից հետո ուսանողներին խնդրել են թվարկել իրենց դրական և բացասական մի քանի հատկանիշ, ապա լրացնել հարցաթերթիկ, որով պետք էր ներկայացնել, թե որքան հաջողակ մասնագետ են կլինեն ապագայում։ Հետազոտությունը ցույց է տվել ուսանողների ինքնագնահատականի և նրանց նստած դիրքի միջև ուղիղ կապը. ովքեր ուղիղ են նստել, հստակ նշել են իրենց դրական ու բացասական կողմերը և լրացրել հարցաթերթիկը, մյուս խումբը դժվարացել է։ Այլ կերպ ասած՝ ուղիղ դիրքով նստած ուսանողները վստահել են սեփական մտքերին՝ դրական և բացասական, իսկ մյուսները՝ ոչ։ Ընդ որում, ուղիղ դիրքով նստածները նախ թվել են դրական հատկանիշները, ապա բացասական, իսկ մյուսները՝ հակառակը։ 

Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հոգեբան Էրիկ Պեպերի հետազոտությունները ևս ցույց են տվել, որ «անօգնական» դիրքով նստած ժամանակ դուք «արտադրում եք» նույնպիսի՝ բացասական մտքեր և հիշողություններ, իսկ ազդեցիկ դիրքում՝ հակառակը։

«Էմոցիաները և մտքերն ազդում են մարմնի դիրքի և էներգիայի վրա, և հակառակը՝ դիրքն ու էներգիան ազդում են մեր մտքերի և էմոցիաների վրա»,- ասվում է Պեպերի հետազոտություններից մեկում։

Պեպերի հետազոտությունները, ինչպես Կադիինը, ցույց են տալիս, որ հորմոնների վերալիցքավորման համար բավարար է ընդամենը 2 րոպե․ հենց այդքան ժամանակում դուք կարող եք փոխել ուղեղի քիմիական ռեակցիաները։ Այսպես, 2 րոպե ցատկը սովորական քայլքի համեմատ կարող է զգալիորեն բարձրացնել ձեր էներգիան։ Մարմնի դիրքի և տրամադրության միջև եղած կապով բացատրվում է մեկ այլ միտում՝ դեպրեսիվ մարդկանց աճող թիվը պայմանավորված է նրանով, որ մենք նստակյաց ենք աշխատանքում, իսկ քայլելիս հեռախոսը ձեռքում է։ Նման դիրքը կարող  է հանգեցնել նաև գլխի, պարանոցի և մեջքի ցավերի։

Պեպերը խնդիրը հնարավորինս լուծելու համար առաջարկում է մի քանի հեշտ տարբերակ՝ սիրելի մարդկանց նկարները փակցրեք բարձր կամ սեղանին  բարձր դիրքով տեղադրեք, որպեսզի հայացքը նկարին ուղղելիս վեր նայեք և այդպես որոշակիորեն փոխեք տրամադրությունը։ Իսկ երբ ձեր գլխում բացասական մտքեր են ծագում, ընկճված դիրքով նստելու փոխարեն, գրեք դրանք, ապա պատռեք թուղթը և գցեք աղբարկղը։ 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ