Այսօր

Աշխարհի առաջնությանը մասնակցում ենք ուժեղագույն կազմով. Մելիք Ղուկասյան

  20 Մայիս 2021  99 դիտում
Աշխարհի առաջնությանը մասնակցում ենք ուժեղագույն կազմով. Մելիք Ղուկասյան

Մայիսի 21-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկելու է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունենալու է 7 ներկայացուցիչ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի խոսքով՝ մեր ընտրանին ուժեղագույն կազմով է մասնակցելու առաջնությանը. տղաների պայքարին մասնակցելու են Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ աղջիկներից մրցահարթակ են դուրս գալու Միլենա Խաչատրյանը (71 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ):

«Կազմն ընտրելիս առաջնահերթ հաշվի ենք առել Հայաստանի առաջնության արդյունքները: Կարող եմ ասել, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու են ուժեղագույն երիտասարդները: Ես կանխատեսումներ անել չեմ սիրում, միշտ ասում եմ, որ հաղթողին մրցահարթակը ցույց կտա, բայցև խոստանում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Վերջին շրջանում անցկացրած 2 ուսումնամարզական հավաքները տվել են լավ արդյունք՝ ծանրորդները հասել են ցանկալի մարզավիճակի»,- Erit.am-ի հետ զրույցում ասել է Մելիք Ղուկասյանը: 

Երիտասարդական հավաքականի մարզիչը նաև տեղեկացրել է, որ աշխարհի առաջնությունից հետո ծանրորդները կարճատև հանգիստ կունենան, ապա կանցկացնեն 3 ուսումնամարզական հավաք՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությանը: Այդ ստուգատեսին հավաքականը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ընդլայնված կազմով: 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ