Այսօր

Ուզում եմ՝ ամբողջ աշխարհը տեսնի՝ ինչպես է կռվել հայ զինվորը․ արցախցի նկարիչ Նարեկ Ավանեսյան

  21 Մայիս 2021  444 դիտում
Ուզում եմ՝ ամբողջ աշխարհը տեսնի՝ ինչպես է կռվել հայ զինվորը․ արցախցի նկարիչ Նարեկ Ավանեսյան

2020 թվականի նոյեմբերն էր։ Թշնամին մոտենում էր Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի մատույցներին։ Թեժ կռվի այդ օրերին ճարտարցի նկարիչ Նարեկ Ավանեսյանը ծանոթացավ երևանցի Մուշեղ Միդոյանի հետ, ով դարձավ նրա մարտական ընկերը։

Այն, ինչ տեսան ու ապրեցին պատերազմի օրերին, թույլ չէր տալիս հուսալ, թե հետ կգան տուն։ Ամեն դեպքում միմյանց խոստացան՝ ողջ մնալու դեպքում կազմակերպելու են Նարեկի առաջին ցուցահանդեսը։

Խոստումն անկատար չթողեցին։ «Ստեղծագործում է Արցախը» խորագրով ցուցահանդեսը բացվեց մայիսի 15-ին Երևանում՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում։

Erit.am-ի հետ զրույցում արցախցի նկարիչը պատմել է գեղանկարների միջոցով պատերազմի մասին պատմելու ու իր պայքարն Արցախում շարունակելու մասին։


-Պատերազմի օրերին որտե՞ղ և ինչպե՞ս ծանոթացաք Մուշեղ Միդոյանի հետ։

-Նոյեմբերն էր։ Շատ բարդ իրավիճակ էր․թշնամին մոտեցել էր մեր քաղաքի մատույցներին։ Մարտերն ընթանում էին Ճարտարից մի քանի կիլոմետր ներքև։ Մի քանի հոգով եկել էինք գյուղ, որ ինչ-որ բաներ վերցնենք ու գնանք վերադիրքավորվելու։ Պատահական ծանոթացա Մուշեղի հետ։

Մի քանի րոպե ժամանակ ունեինք։ Ասացի՝ արի, արվեստանոցս քեզ ցույց տամ։ Այդտեղ էլ որոշեցինք, որ եթե ողջ մնանք, կազմակերպելու ենք իմ աշխատանքների ցուցահանդեսը։

-Հավատու՞մ էիք, որ հետ կգաք ու կկատարեք ցուցահանդես կազմակերպելու խոստումը։

-Չէի մտածում, թե ողջ կմնանք, կկարողանանք որևէ բան կազմակերպել։ Արդեն այդպիսի վիճակ էր ․․․․

Ես ու Մուշեղը նույնիսկ հեռախոսահամարներով չփոխանակվեցինք։ Հարևանս, ով Մուշեղի ընկերն է, պատերազմից հետո փոխանցեց նրա համարը, կապ հաստատեցինք։

-Ինչու՞ ընտրեցիք «Ստեղծագործում է Արցախը» խորագիրը։

-Չնայած պատերազմի հետևանքներին, մենք ուժ ենք գտել մեր մեջ ստեղծագործելու ու շարունակելու մեր պայքարը։ Ուզում էի ցույց տալ, որ Արցախն ապրում է, արցախցիները՝ ստեղծագործում։



-Ներկայացված են 50-ից ավելի գեղանկարներ, այդ թվում՝ պատերազմին նվիրված աշխատանքներ։ Դրանք պատերազմից հետո են ստեղծվե՞լ, թե՞ թեժ մարտերի ընթացքում էլ ստեղծագործելու ժամանակ գտել եք։

-14 տարի է, ինչ ստեղծագործում եմ։ Տարբեր տարիների գործեր են ներկայացված։

Պատերազմը մեզ համար երբեք չի ավարտել։ Դա է պատճառը, որ ռազմական թեմաները՝ պատերազմ, խաղաղություն, զինվորներ, գերակշռում են իմ գործերում։

44-օրյա պատերազմի ժամանակ էլ, երբ դիրքերում էինք, ու ունեինք  5-10 րոպե, որ քիչ, թե շատ հանգիստ էր, ճեպանկարներ էի անում։ Գրպանումս մատիտ ու թուղթ միշտ ունեմ։

Պատերազմից հետո այդ ճեպանկարները կտավների վերածեցի։

-Նկարել եք նաև վերջին պատերազմում հերոսացած Ալբերտին։ Ինչպե՞ս ստեղծվեց այդ կտավը։

-Ալբերտին Արցախում ճանաչում են բոլորը՝ մեծից փոքր։ Երբ թշնամին սկսեց Ղազանչեցոցի գմբեթները քանդել, եկեղեցին ավիրել, միտք ծագեց Ալբերտին պատկերել Ղազանչեցոցի հետ։ Այդպես էլ առաջացավ կտավը։

-Ճարտարում է նաև Ձեր արվեստանոցը։ Կա՞ն գործեր, որ պատերազմի օրերին ցանկացել եք դուրս հանել, փրկել։ Առհասարակ որևէ իր վերցրե՞լ եք Ձեզ հետ։

-Ոչինչ չեմ վերցրել ինձ հետ։ Միայն հեռախոսով լուսանկարել եմ արվեստանոցս, գեղանկարներս, որ եթե մի բան պատահի, գոնե նկարներն ունենամ։

 Փառք Աստծո, արվեստանոցը չի վնասվել։ Պատերազմից փրկվել են նաև կտավները, որ հիմա ցուցադրվում են «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում։

-Մի առիթով ասել եք՝ պատերազմն ավարտվել է, բայց մեր պայքարը չի ավարտվել։ Որտե՞ղ և ինչպե՞ս պետք է պայքարը շարունակեն նկարիչները, առհասարակ՝ արվեստագետները։

-Մեր ներքին պայքարը չի ավարտվել։ Ես որոշել եմ ոչ թե կռվի տեսքով, այլ ստեղծագործելով ապացուցել աշխարհին, որ մենք արարող ազգ ենք ու չենք ուզում կռվել։ Մեզ պետք չէ պատերազմ, մենք ուզում ենք մեր տարածքները զարգացնել, ստեղծագործել։

Ուզում եմ, որ միասնական լինենք, շարունակենք մեր պայքարը՝ կառուցելով այն ամենն, ինչ քանդվել է։

-Պատերազմից հետո Ճարտարն էլ սահմանամերձ է դարձել։ Ձեր ընտանիքի, երեխաների ապագան տեսնու՞մ եք Ճարտարում։

-Այո, Ճարտարում ենք ապրում։ Մտքներովս չի անցնում, որ ուրիշ տեղ կարող ենք ապրել, չնայած թշնամին մի քանի կիլոմետր է հեռու մեզանից։

Պատերազմից հետո շատ բան է փոխվել, բայց մենք չենք ընկճվում, փորձում ենք նորից ստեղծել․ հայերն այդպիսին են՝ արարող։

Անվտանգություն ապահովողն էլ ենք մենք։ Ամեն մեկս մեր ընտանիքի, ընկերների, շրջապատի անվտանգությունը պետք է ապահովենք, ու դա անենք առաջին հերթին սահմանին ապրելով։

Չենք վախենում ու երբեք էլ չենք վախեցել թշնամուց։ Չենք թերագնահատում նրանց, բայց չենք էլ վախենում։ Այստեղ ենք ապրում ու շարունակելու ենք ապրել։ Պայքարելու ենք մինչև վերջ։