Այսօր

Գյումրու Մտորումների թատրոն․ Մուտքը՝ նոր ու այլընտրանքային բեմադրություններ փնտրողների համար

  25 Մայիս 2021  326 դիտում
Գյումրու Մտորումների թատրոն․ Մուտքը՝ նոր ու այլընտրանքային բեմադրություններ փնտրողների համար

Գյումրու Աբովյան փողոցի 19–րդ դարի շինության դիմաց մի երիտասարդ զրուցում է անցորդների հետ ու հրավիրում ներս։ Մուտքի վրա, որը տանում է դեպի նկուղային հարկ, ցուցանակ է՝ «Թատրոն»։ Որևէ այլ անվան բացակայությունն ու առաջին հայացքից թատրոնին ոչ բնորոշ, ավելի շատ երևանյան փաբի մուտք հիշեցնող տարածքը ստիպում են հետաքրքրությամբ հետևել երիտասարդին։ Քաղաքի ամենազբոսաշրջային ու մարդաշատ փողոցից աստիճաններն իջնում են կիսամութ, լուռ ու խունկի հոտով լցված նախասրահ։ Պատերին հայելիներ, լուսանկարներ ու թատերական դիմակներ են։ Այս մթնոլորտում առաջին ասոցիացիան Հեսսեի «Մոգական թատրոնն» է, ուր «մուտք ունենք միայն խելագարները»։ Վարագույրից այնկողմ դահլիճն է՝ առանց դասական բեմի, հանդիսատեսի համար նախատեսված մոտ 20 աթոռով։ Տպավորություն է, որ այստեղ իսկապես մոգական մի բան է կատարվում, որին հասանելիություն են ունենում շատ քիչ թվով մարդիկ։

Մենք Գյումրու Մտորումների թատրոնում ենք։

Թատրոնը գործում է 2020թ․ մարտից։ Հիմնադիրրը ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն է, ով զրույցի ընթացքում պատմել է թատրոնի ստեղծման ու գործունեության մասին։


Այլընտրանքայինն ու փորձարարականը

Վաղուց միտք ունեի մի փոքրիկ թատրոն ստեղծել, այլընտրանքային տեղ հանդիսատեսի համար, որովհետև Գյումրու Դրամատիկական թատրոնն այս տարիների ընթացքում գերբեռնված էր՝ պատանի հանդիսատես, մեծահասկաներ, փոքրեր:

Ցանկացա ստեղծել մի վայր, որն ինչ–որ տեղ դեմ կլինի ակադեմիական թատրոնի օրենքներին, կլինի մի քիչ նորարար, մի քիչ փորձարարական։ Որում կներգրավվեն երիտասարդներն, ովքեր նոր են ավարտում թատերական կրթությունը, փնտրում ու չեն կարողանում գտնել աշխատանք, դերեր։

Այդ միտքս իրագործելու համար անընդհատ տարածք էի փնտրում։ Հարմար շենք չէի գտնում, որոնք նայում էի, կա՛մ շատ փոքր էին, կա՛մ չէր լինում ինձ անհրաժեշտ միջավայրը։ Արդյունքում դժվարությամբ, բայց գտա։