Այսօր

Գյումրիում պաշտոնապես բացվեց Ընտանիքի անկյուն. ԵՄ ֆինանսավորմամբ իրագործվող ծրագիրն օգնում է ծնողներին եւ համայնքին

  17 Մայիս 2021  21 դիտում
Գյումրիում պաշտոնապես բացվեց Ընտանիքի անկյուն. ԵՄ ֆինանսավորմամբ իրագործվող ծրագիրն օգնում է ծնողներին եւ համայնքին

Այսօր Գյումրիում բացված «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը կծառայի որպես հարթակ երիտասարդ կանանց ու տղամարդկանց համար հանդիպումների, դասընթացների եւ միջոցառումների կազմակերպման համար՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։ Ընտանիքի անկյունները հիմնադրվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ «ՄԱԿ Կանայք»-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ կառավարության, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան թիմի, «ՄԱԿ Կանայք» կազմակերպության, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (ԵՆԿ), Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ։ ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն իր տեսաուղերձում ասաց. «Անչափ ուրախ եմ, որ այսօր Գյումրիում բացում ենք առաջին Ընտանիքի անկյունը։ Ընտանեկան կյանքը կարեւոր է բոլորիս համար եւ հնարավորություն է տալիս միասին մնալու, ավելի լավ կյանք ապահովելու մեր երեխաների համար։ Երբեմն մենք կարիք ենք ունենում փորձի փոխանակման, խորհրդի, հնարավոր է՝ աջակցության կարիք ունենանք մեր զուգընկերոջ հետ կապված որեւէ խնդրում կամ նաեւ՝ մեր երեխաների հետ կապված հարց ունենանք։ Ուստի մենք ցանկանում ենք շատ ներգրավված լինել այս ոլորտում՝ ՄԱԿ-ի ընտանիքի մեր գործընկերների հետ։ Եվ մենք անչափ ուրախ ենք, որ այս երեք Ընտանիքի անկյունները կբացվեն Հայաստանում՝ հավելյալ հնարավորություն ընձեռելով բոլորիս համար ունենալու երջանիկ ու լավ ընտանեկան կյանք, խնամելու մեր երեխաներին եւ միասին ստեղծելու ավելի լավ ապագա»։ Ընտանիքի անկյունը բացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ «ՄԱԿ Կանայք»-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Այս տարվա ընթացքում Ընտանիքի անկյուններ կբացվեն նաեւ Իջեւան եւ Վանաձոր քաղաքներում։