Այսօր

Ջրացատկորդ-մարքեթոլոգ Վլադիմիր Հարությունյանը ջրացատկի «չկա»-ների կողքին պայքարում է երազանքի համար

  25 Մայիս 2021  496 դիտում
Ջրացատկորդ-մարքեթոլոգ Վլադիմիր Հարությունյանը ջրացատկի «չկա»-ների կողքին պայքարում է երազանքի համար

Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանն օրերս Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում 10 մետր աշտարակացատկում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, իսկ 10 մետր սինքրոն աշտարակացատկում Վարդան Բայանդուրյանի հետ գրանցել է չորրորդ արդյունքը:

Erit.am-ի հետ զրույցում երիտասարդ մարզիկը ամփոփել է ելույթները, խոսել ջրացատկի նկատմամբ մեծ սիրո և Հայաստանում մարզաձևի զարգացման հեռանկարների մասին: 

-Վլադիմի՛ր, սկսենք Եվրոպայի վերջին առաջնությունից. ինքդ ինչպե՞ս կգնահատես ելույթներդ:

-Չէի ասի, թե առաջնությանը լավ մարզավիճակով եմ մասնակցել: Ելույթներս գնահատում եմ բավարար: Որոշ ցատկեր կարող էի ավելի լավ կատարել, բայց մարզավիճակս այսքանը թույլ տվեց: Այդուհանդերձ, 10 մետր անհատական աշտարակացատկում եզրափակիչ դուրս գալը և Եվրոպայի տասը լավագույն ջրացատկորդների մեջ ընդգրկվելը վատ արդյունք չէ: Ինչ վերաբերում է սինքրոն աշտարակացատկին՝ եթե հաշվի առնենք, որ մենք Հայաստանում սինքրոն մարզվելու հնարավորություններ չունենք, ապա 4-րդ հորիզոնականը հոյակապ արդյունք է: 



-Յուրաքանչյուր մրցաշար դաս և փորձ է մարզիկի համար։ Ի՞նչ հետևություններ ես արել այս առաջնությունից։

-Հետևությունը մեկն է՝ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեմ և փորձեմ ավելիին հասնել՝ չնայած, կրկնեմ, որ Հայաստանում չկան անհրաժեշտ պայմանները՝ միջազգային մրցաշարերում ցանկալի արդյունքի հասնելու համար: 

-Եվրոպայի առաջնությունը քեզ համար այս տարվա երրորդ միջազգային մրցումն էր ավելի վաղ մասնակցել էիր Ուկրաինայի գավաթի խաղարկությանը՝ նվաճելով 2 մեդալ, և Օլիմպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի գավաթին։ Առաջիկայում ի՞նչ ծրագրեր են նախանշված։

-Անկեղծ ասած, այս պահին հստակեցում չկա: Սպասում ենք միջազգային ֆեդերացիան հրապարակի Օլիմպիական խաղերի մասնակիցների վերջնական ցանկը: Ըստ այդմ, կհասկանանք:



-
Մի փոքր հետ գնանք 2018 թվականի Եվրոպայի առաջնությունում Լև Սարգսյանի հետ 10 մետր սինքրոն աշտարակացատկում դարձաք բրոնզե մեդալակիր նման արդյունք անկախ Հայաստանի պատմության մեջ չէր գրանցվել։ Ի՞նչ տվեց այդ մեդալը քեզ և այս տարիներին ի՞նչ է փոխվել քո կյանքում:

-Այո, անկախ Հայաստանի պատմության մեջ նման բան չէր եղել: Զգացողություններն աննկարագրելի էին,  ոգևորված էինք և գիտակցում էինք, որ մեր երկրի համար իսկապես աննախադեպ արդյունքի ենք հասել: Կարելի է ասել՝ եղավ մեդալ պայմանների բացակայության պարագայում: Դրան հաջորդեցին տարատեսակ խոստումներ, որ նոր հաղթանակների համար կստեղծվեն պայմաններ, բայց մինչ օրս ոչինչ չի փոխվել:  Փորձում ենք մարզվել այնտեղ, որտեղ նախկինում մարզվել ենք և կշարունակենք մարզվել… 2018 թվականի Եվրոպայի առաջնության համեմատ՝ այժմ մարզավիճակս վատ է, իսկ դրա պատճառները տարբեր են:

-Ինքդ էլ փաստում ես, որ, ցավոք, Հայաստանում ջրային մարզաձևերով զբաղվելը դեռևս այնքան էլ գայթակղիչ չէ, իսկ դու գրեթե 20 տարի «ջրում ես»։ Ի՞նչն է քեզ գրավում և պահում։ 

-Իրականում շատ ցավոտ հարց է: Ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում այս սպորտաձևը, որովհետև չկան համապասխան պայմաններ, չկան միջոցառումներ, որոնց միջոցով հասարակությունը կծանոթանա և լավագույնս պատկերացում կկազմի մեր մարզաձևի մասին, չկա անհրաժեշտ լուսաբանում, վերջապես չկա մոտիվացիա: «Չկա»-ներն իսկապես շատ են, իսկ դրանց պայմաններում ինձ ջրացատկում պահում է երազանքս: Չեմ ցանկանում ամեն ինչ թողնել ու հանձնվել, ուզում եմ հասնել իմ երազանքին, այն է՝ մասնակցել Օլիմպիական խաղերին: Շատ եմ սիրում իմ մարզաձևը, բայցև հասկանում եմ նրանց, ովքեր բարեփոխումների հույս չունեն: 

-Իսկ ի՞նչ ցանկություններով էր տարիներ առաջ 4-ամյա Վլադիմիրն իր կյանքի առաջին ցատկը կատարում:

-Իրականում ջրացատկում շատ պատահական եմ հայտնվել: Ծնողներս ինձ ու եղբորս լողի էին տարել, բայց հաշվի առնելով մեր ֆիզիկական տվյալները՝ մարզիչները որոշեցին մեզ «փորձել» ջրացատկում: Այդպես պատահական սկսվեց սերը դեպի ջրացատկ: Առաջին ցատկն էլ է պատահական եղել. մարզիչս՝ Գևորգ Միլիտոսյանը պարզապես 2 մետր բարձրությունից ինձ ջուրը նետեց: Արդեն 2012 թվականին, երբ Եվրոպայի պատանեկան առաջնությունում զբաղեցրի 3-րդ հորիզոնականը, ինչը ևս անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ արդյունք էր, մարզաձևից ակնկալիքներս մեծացան, բայց ժամանակի ընթացքում դրանք չիրականացան՝ կրկին նույն՝ համապատասխան պայմաններ չունենալու պատճառով:

-10 մետր բարձրությունից ցատկելը թույլ նյարդեր ունեցողների համար չէ։ Ցատկ, օդում մի քանի պտույտ և «հանդիպում» ջրի հետ ինչպիսի՞ն է վայրկյանների զգացողությունը։ 

-Այո, նյարդերի ամրությունն է պետք: Առաջին և ներկայիս մարզիչների՝ Գևորգ Միլիտոսյանի և Հրաչյա Չանդիրյանի շնորհիվ վաղուց հաղթահարել եմ բոլոր վախերը: Ինչ վերաբերում է զգացողություններին՝ մեծ կենտրոնացում է պետք ցատկն իրականցնելու համար. եթե հաջողվում է՝ ազատ անկման զգացողության,  ադրենալինի բարձրացման արդյունքում այդ պահին մեկ այլ՝ բառերով չնկարագրվող և անհամեմատելի հաճույք ես զգում:

-Այդ կարճ ընթացքում մտածելու ժամանակ մնո՞ւմ է, թե՞ միայն զգացողություններ:

-Ցատկ իրականացնելիս հիմնականում փորձում եմ ոչինչ չմտածել, իսկ ցատկի ըմթացքում դու պարզապես ժամանակ չունես մտածելու, պետք է վայրկյանների ընթացքում հասցնես ճիշտ կատարել վարժությունդ: 

-Պրոֆեսիոնալ սպորտին զուգահեռ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մարքեթինգ ես սովորում: Դժվա՞ր չէ համատեղել մարզական կարիերան և ուսումը։ 

-Նաև աշխատում եմ (ժպտում է - խմբ.): Մասնագիտությունս շատ եմ սիրում և դրա միջոցով գոնե Հայաստանում ջրացատկը ճանաչողության բարձր մակարդակի հասցնելու հույս ունեմ: Բնականաբար, դժվար է համատեղել ուսումը, սպորտը և աշխատանքը, բայց ուրիշ տարբերակ չունեմ: Բոլոր դեպքերում փորձում եմ առավելագույնն անել:

-Այդուհանդերձ, Վլադիմիր Հարությունյանը ջրացատկո՞րդ է, ով սովորում է մարքեթինգ, թե՞ մարքեթոլոգ, ով զբաղվում է նաև ջրացատկով։ 

-Կասեմ՝ պարզապես ջրացատկորդ-մարքեթոլոգ. երկուսն էլ կարևոր նշանակություն ունեն իմ կյանքում:

Եվ վերջում, մի քանի բլից հարց

-Մեկ բառ, որ կասես 10 մետրից առաջին անգամ ցատկի պատրաստվող վախվորած մարդուն: 

-Մի՛ մտածիր:

 -Ավելի լավ է օդո՞ւմ, թե՞ ջրում:

-Օդում:

-Իր, որ միշտ քեզ հետ է:

-Խաչս:

-Սիրելի ֆիլմը և գիրքը:

-«Լյուցիֆեր» սերիալը, «Դա Վինչիի ծածկագիրը» գիրքը: 

-Զայրանում ես, երբ

-Երբ խոսում են առանց հասկանալու, թե ինչ:

-Կարգախոսը:

-Չհանձնվել ոչ մի պարագայում:

-Ցատկից առաջ երբեք

-Չպատկերացնել ցատկը:

Զրույցը՝ Գայանե Աբասյանի

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ