Այսօր

Արվեստի մատուցման նորարար փոխակերպումներն առավել հետաքրքիր և գրավիչ են դարձնում 21-րդ դարի թանգարանը. Մարինե Մկրտչյան

  26 Մայիս 2021  580 դիտում
Արվեստի մատուցման նորարար փոխակերպումներն առավել հետաքրքիր և գրավիչ են դարձնում 21-րդ դարի թանգարանը. Մարինե Մկրտչյան

Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տնօրեն Մարինե Մկրտչյանը Հայաստանի թանգարանային ոլորտի երիտասարդ, բայց առավել փորձառու և հմուտ մասնագետներից է, ով իր մասնագիտական պատրաստվածության և գիտելիքների շնորհիվ աշխատանքը վերածել է ստեղծարար և նորարական գործընթացի: Նրա համար մասնագիտության ընտրությունը կամքի, նվիրումի, մեր երկրի մշակութային ժառանգությունը բացահայտելու և պահպանելու   հաստատակամ որոշում է:

«Մշակույթի ոլորտում, մասնավորապես՝ թանգարանային ոլորտում աշխատելու որոշումս կայացրել եմ դեռևս ուսումնառության տարիներին. Հայկական պետական մանկավարժական համալսարանում սովորելու տարիները  դարձել են մեր մշակութային հարուստ ժառանգությանն անմնացորդ նվիրումով պահպանելու և հանրահռչակելու, թանգարանների բացահայտման բուռն ժամանակահատված: Հետագայում արդեն Երևանի պետական համալսարանում ձեռք բերած արվեստաբանական գիտելիքներս առավել ամրապնդել են որոշմանս հաստատակամությունը»,- նշում է թանգարանի տնօրենը և հավելում, որ ուսումնառության և կայացման ուղին դյուրին չի եղել՝  այն սկսվել է մի շարք հասարակական կազմակերպություններում «հասարակ» թվացող կամավորական աշխաքանքից:

Այնուհետև, աշխատել է Երևան քաղաքի պատմության թանգարանում, ապա՝ Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանում, որի մշտական ցուցադրության հայեցակարգի, ապա՝ ցուցադրության կազմակերպման աշխատանքների իրականացման գործում հանդես է եկել որպես շարժիչ ուժ:  2011 թվականից մինչ օրս աշխատում է Ռուսական արվեստի թանգարանում, սկզբում որպես տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրեն:  

Վստահորեն կարող ենք ասել, որ Մ. Մկրտչյանի ղեկավարած թանգարանն աչքի է ընկնում տարբեր շահառու խմբերի հետ տարվող ակտիվ աշխատանքով, թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններում նոր տեխնոլոգիական լուծումներով, հետաքրքիր նախագծերով, որոնցից «Գողացված Վռուբելի վերադարձը», «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցադրությունները և «Ազգային ոճը. ավանդույթից դեպի պրոֆեսիոննալ արվեստ» գիտաժողովը՝ տեղի և միջազգային գործընկերների հետ համագործակցության, թանագարանի ոճային կերպարանափոխման և ֆոնդհայթայթման լավագույն օրինակ է: Այս միջոցառումները մասշտաբով փոքր թանագարանի նախաձեռնությունները կարողացան վերածել մայրաքաղաքային մշակութային իրադարձության:

Մարինեի մասնագիտական հմտությունները օգնել են ՀՀ մարզերի և մայրաքաղաքի թանգարաններում համակարգել մի շարք ծրագրեր և իրականացնել կարողությունների ուժեղացման խորհրդատվություն: Իհարկե, այս կարևորագույն արդյունքներին նա հասել է ոչ միայն տարիների  կուտակած փորձի, այլ նաև՝ միջազգային մասնագիտական տարբեր կառույցներում, գիտաժողովներում, աշխատարաններում և վարժանքներում ակտիվ ներգրավվածության ու անդամակցության շնորհիվ:

Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի հիմնադիր անդամներից է և կազմակերպության քարտուղարը: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մասնագիտական գիտաժողվների՝ Չինաստանում, Գերմանիայում, Վրաստանում, Իտալիայում, Հնդկաստանում, Էստոնիայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Հայաստանում կազմակերպված մի շարք միջազգային գիտաժողովների, դասընթաց-վարժանքների, քննարկումների անմիջական կազմակերպիչ և համակազմակերպիչ է, թանգարանագիտական մի շարք հոդվածների հեղինակ: Համակարգել է նաև «Հայաստանի և Արցախի թանգարանները» հրատարակության տեղեկատվության հավաքագրման, ուսումնասիրման և խմբագրման գործընթացը: