Այսօր

Այս անգամ հաջողեցի հոգեբանական ճիշտ պատրաստության շնորհիվ. Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Պողոսյան

  26 Մայիս 2021  168 դիտում
Այս անգամ հաջողեցի հոգեբանական ճիշտ պատրաստության շնորհիվ.  Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Պողոսյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը (63 կգ քաշային կարգ) օրերս Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր:

Հրաչյայի համար սա կարիերայի դեռևս ամենալուրջ հաղթանակն է: Նրա խոսքով՝ այս անգամ հաջողել է հոգեբանական ճիշտ պատրաստության շնորհիվ. «Միշտ ցանկացել եմ միջազգային խոշոր մրցաշարերում չեմպիոն դառնալ, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարել է: Կարծում եմ՝ այս անգամ հաջողեցի հոգեբանական պատրաստության շնորհիվ. Սկոպյե մեկնելուց առաջ ինքս իմ մեջ արդեն հաղթել էի, մնում էր այդ հաղթանակը ցույց տալ մրցագորգում, ինչը, բարեբախտաբար, կարողացա անել: Նախկինում նվաճածս մեդալներն էլ ծանր աշխատանքի արդյունք են եղել, սակայն սրա արժեքն իսկապես այլ է»,- Erit.am-ի հետ զրույցում ասել է Հրաչյա Պողոսյանը:

Երիտասարդ ըմբիշը նաև ընդգծել է, որ այս չեմպիոնությունն իրեն նոր հաղթանակների համար վստահություն է հաղորդել. «Կարճատև հանգստից հետո կսկսեմ պատրաստվել աշխարհի առաջնությանը: Այս հաղթանակն ինձ մեծ վստահություն է հաղորդել, կարծում եմ՝ հաջորդող մրցաշարերում առավել վստահ հանդես կգամ, չէ՞ որ արդեն համոզվել եմ՝ քրտնաջան աշխատանքը վաղ թե ուշ իր արդյունքը տալիս է»:

Եվրոպայի Մ23 առաջնությունում Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսել է որակավորման փուլից՝ առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ռախման Թավմուրզաևի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Պողոսյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ուկրաինացի Մաքսիմ Լիուի նկատմամբ, կիսաեզրափակչում պարտության է մատնել վրացի Լերի Աբուլաձեին, իսկ չեմպիոնական գոտեմարտում գերազանցել է շվեդ Նիկլաս Օհլենին՝ 4:1: 



Նշենք, որ բացի Հրաչյա Պողոսյանից՝ հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից Եվրոպայի Մ23 առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել նաև Մալխաս Ամոյանը (72 կգ), Դավիթ Օվասափյանը (130 կգ) դարձել է արծաթե, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գևորգյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)՝ բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ մրցելույթներն ավարտել էին ազատոճային ըմբիշները՝ նվաճելով երկուական արծաթե և բրոնզե մեդալ. արծաթե մեդալակիր էին դարձել Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ), բրոնզե՝ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ