Այսօր

3 գիտականորեն ապացուցված միջոց շատ ուտելու սովորությունից ազատվելու համար

  27 Մայիս 2021  139 դիտում
3 գիտականորեն ապացուցված միջոց շատ ուտելու սովորությունից ազատվելու համար

«Ինչպե՞ս ուտելիս չանցնել չափը» հարցը հուզում է ոչ միայն առողջ ապրելակերպի և գեղեցիկ կազմվածք ունենալու կանոններին հետևող անձանց, այլև գիտնականներին։ Որպես վերոնշյալ հարցի պատասխան՝ ներկայացնում ենք թեմայի շուրջ 3 հետաքրքիր գիտականորեն ապացուցված միջոց։

Լռություն

Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականները վստահ են, որ մեզ շատակերությունից կփրկի լռությունը։ Երբ սնվում ենք բարձր երաժշտության կամ հեռուստացույցի ձայնի ներքո, աղմուկը լռեցնում է ծամելու, կծելու, կուլ տալու բնական ձայները, և մենք շարունակում ենք ուտել և ուտել․․․ Ամեն ինչ փոխվում է, երբ  լսում կամ, ինչպես գիտնականները վստահեցնում են, ուղղակի մտածում ենք այդ ձայների մասին։ «Երբ դուք լռեցնում եք բնական ձայներն օրինակ հեռուստացույցի աղմուկով, ինքներդ ձեզ զրկում եք մի զգայական օրգանից, աղավաղում սնունդը զգալու գործընթացը, ինչի պատճառով էլ շատ եք ուտում»,- ասում է պրոֆեսոր Ռայան Էլդերը։

 Մաքրություն

Բացի նրանից, որ մաքրությունն էսթետիկ հաճույք է, այն նաև իր դրական ազդեցությունն ունի ավելորդ կալորիաներից խուսափելու գործում․ համոզված է պրոֆեսոր Լենի Վարտանյանը։ «Քաոսային մթնոլորտում մնալը նպաստում է շատակերությանը։ Դա ստիպում է մտածել՝ եթե ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից, ապա ինչո՞ւ ես պետք է ինձ զսպեմ»,- ասում է Վարտանյանը։ Վերջինիս հետազոտությանը մասնակցել են կանայք․ մի մասը մնացել է մաքուր խոհանոցում, մյուսը՝ թափթփված, որտեղ անդադար հնչել է հեռախոսի զանգը։ Երկու դեպքում էլ մասնակիցներին առաջարկել են ուտել բլիթներ, թխվածք և գազար։ Թափթփված խոհանոցի կանայք միջինը 65 կալորիա ավելի են օգտագործել։ 

Հայելի խոհանոցում

Սննդային վատ սովորությունների դեմ պայքարի հետաքրքիր միջոց է նաև հայելին։ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի գիտնականները 2015 թվականին իրականացրած ուսումնասիրության շրջանակում մասնակիցներին առաջարկել են մրգային աղցան և շոկոլադե թխվածք, որոնք նրանք համտեսել են հայելիով և առանց հայելի խոհանոցում։ Աղցանը բոլորին դուր է եկել, իսկ թխվածքը՝ ոչ․ ովքեր շոկոլադե թխվածքը համտեսել են հայելիով սենյակում, ասել են, որ այն այդքան էլ լավը չէ, իսկ առանց հայելի սենյակից նման կարծիք չի հնչել։ «Հայելու արտացոլանքը ոչ միայն պատկերացում է տալիս, թե ինչպիսի տեսք ունենք, այլև թույլ է տալլիս օբյեկտիվ նայել ինքներս մեզ և մեր տվյալ պահի արարքին տալ այնպիսի բնորոշում, ինչպիսին կտային մյուսները»,- ասում է հետազոտության հեղինակ Ատա Ջամին։ Այսպես, հայելին վնասակար սննդի սիրահարներին հուշում է անհամապատասխանությունն առողջ ապրելակերպի կանոններին, ինչն էլ առաջացնում է անհարմարության զգացում։ Դրանից էլ թվում է, թե օրինակ շոկոլադե թխվածքը համեղ չէ։

Այնպես որ՝ եթե ցանկանում եք զերծ մնալ շատակերությունից, սնվենք մաքուր վայրում, լռության պայմաններում կամ պարզապես հայելու դիմաց:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ