Այսօր

Սերն ու պատերազմը չեն հատվում․ Լիլիթ Բաղդասարյան

  27 Մայիս 2021  208 դիտում
Սերն ու պատերազմը չեն հատվում․ Լիլիթ Բաղդասարյան

Erit.am-ի զրուցակիցն է բանաստեղծ Լիլիթ Բաղդասարյանը, ով ստեղծագործում է շուրջ 16 տարի։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են մի շարք թերթերում և ամսագրերում, ինչպիսիք են «Գրանիշ»-ը, «Գրեթերթ»-ը, «Գրքամոլ»-ը, «Երևանյան էսքիզ»-ը, Իսպանիայի «Հայրենիք» շաբաթաթերթը, ինչպես նաև մի շարք հավաքական ժողովածուներում։

- Ինչպե՞ս գտաք պոեզիան, կամ գուցե այն գտավ Ձեզ:

- Ինձ համար պոեզիան միշտ և ամենուր է եղել: Իմ պոեզիան աշխարհն է` իմ միջով: Նկատի ունեմ դետալներով դեպի ամբողջականություն և հակառակ ուղությամբ` առանց տարածաժամանակային բաժանումների, բայց սեփական ապրումների և ընկալումների պրիզմայով: Վստահ չեմ, որ երբևէ գտել ենք իրար, նույն պատճառով վստահ եմ, որ երբեք իրար չենք կորցնի:

- Կարծում եմ՝ ստեղծագործությունները լսարանին ներկայացնելը մեծ վստահություն է պահանջում, ուր մնաց գիրք հրատարակելը։

- Արժեքավոր ստեղծագործությունները հանգիստ չեն տալիս, քանի դեռ չեն հրապարակվել: Սուբյեկտիվ զգացողություն ունեմ, որ վերջիններս մարդկությանն ավելի են պատկանում, քան գրողին: Այս դեպքում գրողը, ու առհասարակ ստեղծագործող մարդը, ավելի շատ հաղորդիչ է. կարևորը մարդկությանը փոխանցելու միջոց: Գործեր կան, որոնց ստեղծելու գործընթացից ինձ բացակա եմ զգացել. գրվել են իմ գրչով, բայց գրիչն ավելի է տիրապետել ինձ, քան ես իրեն: Նման դեպքերում գիրը չհրապարակել չի կարելի: Բայց  հրապարակելիս միշտ մերկության զգացում եմ ունենում. ընթերցողը կարող է տեսնել և ճանաչել ինձ, ինչպես անգամ ես չեմ ճանաչում:

- Գրելը շնո՞րհ է, թե՞ կենսընթացում թրծվող հմտություն։

- Կարծում եմ` «շնորհ», որ ամբողջ ընթացքում «թրծվելու» կարիք ունի: Իհարկե կա նախախնամություն գրի նկատմամբ, բայց նույնիսկ գենետիկորեն փոխանցված կարողություններն ուշադրության կարիք ունեն: Եթե չաշխատես քեզ վրա, մի օր կարող ես աթնանալ առանց վերջիններիս: Իսկ գիրը միշտ ինֆորմացիոն և էմոցիոնալ գերհոսք է ակնկալում: Մյուս կողմից` նման հոսքը միշտ չէ, որ գիր է դառնում:

- Գրել այն, ինչ ընթերցողի՞ն է հարազատ, թե՞ այն, ինչ զգում ես։

- Ընթերցողը գրականության մեջ փնտրում է իրեն, լավ գրականության մեջ գտնում ավելին, քան ինքն է: Այսինքն` բոլոր դեպքերում ընթերցողը գտնելու է իր համար հարազատ գրականությունը: Իսկ գրողը թղթի հետ անկեղծ լինելու պարտք ունի:

- Ստեղծագործելիս անհանգստանո՞ւմ եք, որ, հնարավոր է, ընթերցողը այլ կերպ ընկալի ստեղծագործությունը։

 - Ընթերցողը միշտ յուրովի է ընկալում ստեղծագործությունը, երբեմն` որսալով ավելին, քան հեղինակն ասում է: Այսինքն` այլ ընկալումը միայն նոր տեսադաշտ է դեպի սեփական ստեղծագործությունը: Հիշեցի «ամենաայլկերպ» ընկալված իմ սիրելի՜ Ֆրանց Կաֆկային. «Միևնույն բանի ճիշտ և սխալ ըմբռնումն ամբողջությամբ չեն հակասում իրար»: