Այսօր

Չեմ կարող ասել, որ Օլիմպիական խաղերից հաստատ մեդալ կլինի, բայց պահը հասունացել է. Արթուր Դավթյան

  01 Հունիս 2021  673 դիտում
Չեմ կարող ասել, որ Օլիմպիական խաղերից հաստատ մեդալ կլինի, բայց պահը հասունացել է. Արթուր Դավթյան

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի դեռևս 9 ներկայացուցիչների թվում է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ով վերջերս կայացած Եվրոպայի առաջնությունում դարձավ չեմպիոն։

Erit.am-ի հետ զրույցում մարզիկը պատմել է կարիերայի արդեն 3-րդ Օլիմպիական խաղերի նախապատրաստության, մարմնամարզությունում իր անունով նոր տարր ավելացնելու, կորոնավիրուսի հետևանքների և այլնի մասին։

 -Արթո՛ւր, Դոհայում նախատեսված Աշխարհի գավաթի հերթական փուլն անորոշ ժամանակով հետաձգվել է: Ստացվում է՝ Օլիմպիական խաղերից առաջ վերջին մրցաշարդ օրերս Ուկրաինայում կայացած միջազգային գավաթն էր: Ի՞նչ տվեց այն քեզ:

-Ուկրաինայի միջազգային մրցաշարին մասնակցել եմ մարզավիճակս պահելու համար: Այդքան էլ բարդ մրցաշար չէր՝ չնայած մասնակցում էին 16 երկրի ներկայացուցիչներ, բայց մարզավիճակում մնալու տեսանկյունից կարևոր էր։ Ինչ վերաբերում է Աշխարհի գավաթին՝ եթե նույնիսկ կայանա, ես, հավանաբար, չեմ մասնակցի, որովհետև այն կխանգարի ինձ պատրաստվել Օլիմպիական խաղերին:

 -Այժմ ինչպե՞ս ես գնահատում մարզավիճակդ. վնասվածքներն այլևս անցյալում են, այնպես չէ՞։

-Փառք Աստծո, հիմա վնասվածքներ չունեմ։ Ավելի ճիշտ՝ ցավեր կան, բայց չեն խանգարում: Հույս ունեմ, որ մինչև Օլիմպիական խաղերը վնասվածք չեմ ստանա, ինչն ամենակարևորն է:

 -Արթո՛ւր, համավարակով պայմանավորված՝ մեկամյա դադարը հնարավորություն տվեց վերականգնվել վնասվածքից, ինչը դրական է։ Իսկ ի՞նչ բացասական ազդեցություն է թողել կորոնավիրուսը քո մարզական կարիերայի վրա։

-Մարզիկի կյանքն այնքան էլ երկար չէ ու այդ մեկ տարին խանգարեց մեզ, իսկ ես արդեն երիտասարդ չեմ... Իսկապես, շատ վատ էր ամեն ինչ. չէինք մարզվում, մրցումների չէինք մասնակցում: Հիմա էլ իրականում նույն վիճակում ենք: Եվրոպայի առաջնությանն այդքան պատրաստվել էինք, բայց բոլորս մտավախությունն ունեինք, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը կարող է դրական լինել և զրկվենք նաև այդ մրցաշարից: Նույն մտավախությունը կա հիմա։ Օլիմպիական խաղերը 4 տարին մեկ անգամ են անցկացվում,  և ուղղակի աբսուրդ կլինի կորոնավիրուսի պատճառով այդ կարևորագույն իրադարձությանը չմասնակցելը: Հնարավոր է՝ պատվաստվեմ, եթե դա խաղերին առանց խնդիրների, հավելյալ թեստերի մասնակցելու երաշխիք լինի։

 -Այժմ նախաօլիմպիական վերջին փուլում եք: Մարզչի հետ արդեն հստակեցրե՞լ եք նախապատրաստական ծրագրերը:

-Վերջնական հստակեցում դեռևս չկա: Պետք է հավաքներ անցկացնենք, որից հետո պարզ կլինի՝ ինչ ծրագրով ենք մասնակցելու խաղերին: Հնարավոր է՝ բարդացնեմ հենացատկը: Հունիսի 20-ից Թբիլիսիում 21-օրյա հավաք ունենք, դրանից հետո վերջնական կորոշենք՝ նո՞ր ծրագրով մասնակցել, թե՞ անել այն, ինչն արել եմ Եվրոպայի առաջնությունում:

-Վերջնական որոշե՞լ եք, որ հանդես ես գալու նժույգթափեր և հենացատկ մրցաձևերում: 

-Այո, միանշանակ այդ 2 մրցաձևերին եմ մասնակցելու: Դա վերջնական է:

-Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Եվրոպայի առաջնությունից հետո տեղեկացրել էր, որ նժույգթափերի վրա նոր տարր ես կատարել, և այն արդեն իսկ ուղարկել եք միջազգային ֆեդերացիա, որպեսզի քո անունով կոչվի: Հնարավո՞ր է Օլիմպիական խաղերի ժամանակ տեսնենք այդ տարրը: 

-Ոչ, չեմ ուզում Օլիմպիական խաղերին նոր տարրն անել, որովհետև այն այդքան էլ բարդ չեն գնահատել, հավանաբար նրա համար, որ կատարողը հայ է... Երկար ժամանակ է այդպիսի իրավիճակ է. ժամանակին Վահագն Ստեփանյանն էլ բարդ վարժություն կատարեց, բայց այն անհասկանալիորեն ցածր գնահատեցին: Նոր տարրը կկատարեմ որևէ միջազգային մրցաշարի ժամանակ՝ զուտ, որ մարմնամարզությունում իմ ազգանունով նոր տարր լինի: Օլիմպիական խաղերին ավելի բարդ վարժություն եմ կատարելու, որպեսզի կարողանամ եզրափակիչ դուրս գալ:

 -Քո առաջին Օլիմպիական խաղերին վնասվածքը խանգարեց, Ռիո դե Ժանեյրոյում եզրափակիչ չհասար։ Ասում են՝ երրորդ փորձն ամենահաջողն է լինում։ Ակնկալե՞նք հաղթանակ:

-Չեմ կարող ասել, որ հաստատ մեդալ կլինի, բայց պահը հասունացել է: 2012-ի Օլիմպիական խաղերին տարիքով փոքր էի, և, անկեղծ ասած, եթե վնասվածք էլ չստանայի, ոչինչ չէր փոխվի, իսկ Ռիոյում 11-րդն էի՝ երկրորդ ցատկս չստացվեց: Հիմա էլ նույն ցատկն եմ անելու՝ չնայած այն բավականին բարդ է, կարծես իմ վարժությունը չլինի: Եվրոպայի առաջնությանը շատ վստահ էի, ինչի շնորհիվ ցատկս հաջող ստացվեց: Մեր մարզաձևում ընդամենը մեկ մոտեցում կա, ձեռքդ բարձրացրիր, 30 վայրկյան. կա´մ կստացվի, կա´մ ոչ: Սովորական քայլել չէ. որքան էլ լավ պատրաստվես, հնարավոր է, մրցելույթի ժամանակ ամեն ինչ ձախողվի: Կան մարզաձևեր, որոնցում կարողանում են կորցրած միավորը հետ բերել՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, իսկ մեր դեպքում ամեն ինչ անկանխատեսելի է՝ դու պայքարում ես քո և գործիքի հետ: Պետք է կարողանաս քեզ հաղթել, չէ՞ որ հակառակորդ չունես, որ իրեն հաղթես:

-Եթե մի կողմ թողնենք հայտնի միտքը, որ մարզիկների գերնպատակն Օլիմպիական խաղերն են, քեզ համար ի՞նչ նշանակություն ունեն հենց այս խաղերը։

-Ցավոք, նախորդ Օլիմպիական խաղերին չեմ կարողացել մեդալ նվաճել: Իմ գերնպատակն այս խաղերից մեդալով վերադառնալն է: Բոլոր մարզիկներն էլ ուզում են կանգնել պատվո հարթակին, բայց եթե չի ստացվում՝ միայն մասնակցությունն էլ արդեն մեծ բան է: Օլիմպիական խաղերը Եվրոպայի առաջնություն չէ, որ կարողանաս հավաքականի կազմում լինել և մասնակցել, այն ավելի լուրջ մոտեցում է պահանջում:

-Համավարակով պայմանավորված՝ խաղերն անցնելու են որոշակի սահմանափակումներով. օլիմպիականները Տոկիո կարող են մեկնել իրենց մրցելույթներից ոչ շուտ, քան հինգ օր առաջ և վերադառնալ մրցավարտից առնվազն 48 ժամվա ընթացքում: Ինչպե՞ս ես վերաբերում այս և մյուս սահմանափակումներին: Դրանք կարո՞ղ են ազդել մրցելույթների վրա:

-Մրցավայր ուշ մեկնելն այդքան էլ չի խանգարի մեզ: Մինչև մրցումների սկսելը 5 օրը բավական է, գրեթե միշտ այդ կերպ ենք մասնակցել: Ժամային գոտիների տարբերությունը կխանգարի մի փոքր, բայց դրան էլ կհարմարվենք: Ավելի շատ բացասական հանգամանք է հանդիսատեսի բացակայությունը: Մարզիկները սովոր են, որ Օլիմպիական խաղերին պետք է հանդիսատես լինի, դրոշներ ծածանվեն, աշխուժություն լինի: Անկեղծ լինեմ՝ Եվրոպայի առաջնությանն էլ տպավորություն էր, թե Հայաստանի առաջնության ես մասնակցում՝ մեզ մոտ առաջնություններին հանդիսատես չի գալիս (ծիծաղում է – խմբ.):

-Արթո՛ւր, Եվրոպայի չեմպիոն դարձար ապրիլի 24-ին և պարգևատրմանը մասնակցեցիր անմոռուկով: Նախապե՞ս էիր որոշել մեդալի դեպքում նման քայլ կատարել և չկա՞ր նկատողություն, տուգանք ստանալու մտավախություն: 

-Մեր թռիչքի օրը որոշեցի, արդեն ուշ էր և ոչ մի խանութից չէինք կարող գնել անմոռուկ: Շվեյցարիայում էլ բարդ էր գտնելը և որոշեցինք տպել թղթի վրա, հյուրանոցի ընդունարանում խնդրեցինք, մեզ օգնեցին: Սկզբում մտածում էինք ամրացնել մարզահագուստի վրա, բայց հետ ընկեր Հակոբի հետ որոշեցինք մեդալ նվաճելու դեպքում հարթակին բարձրանալիս անմոռուկով լինել: Վատն այն էր, որ միայն ես կարողացա մրցանակային տեղ զբաղեցնել։ Հաջորդ օրը՝ մարզման ժամանակ, մի կին մոտեցավ ու զգուշացրեց, որ կրկնության դեպքում իմ քայլը կդիտարկեն քաղաքական տեսանկյունից: Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի նախագահները մեր թշնամի երկրից են, պարզ էր` իրենց սրտին չէր նստել մեր քայլը: Հպարտ եմ, որ հենց այդ օրը մեր դրոշը վեր բարձրացավ և օրհներգը հնչեց:

 -Հաջողությունները տոնում են բոլորը, իսկ ինչպե՞ս ես ընդունում անհաջողությունները: Ունե՞ս դրանք արագ հաղթահարելու հատուկ դեղատոմս:

-Հատուկ ոչինչ չկա, մի քանի օր անց հարմարվում ես, ընդունում, որ անհաջողության ես մատնվել: Ամենացավոտն այն է, որ այդքան մարզումներից ու նախապատրաստական աշխատանքից հետո մի փոքր քայլի պատճառով կարող ես 1-ին տեղից իջնել 6-րդ: Հենց դա է քեզ «սպանում», իսկ ուղղելու 2-րդ հնարավորություն չունես: Ընդամենը կարող ես դասեր քաղել և հաջորդ մրցելույթին որքան հնարավոր է լավ ներկայանալ:

-Ինքդ 5 տարեկանից զբաղվում ես մարմնամարզությամբ, այս տարիներին եղե՞լ են անհաջողություններ, որ մտածես ամեն ինչ մի կողմ դնելու մասին:

-Մարմնամարզությամբ սկսել եմ զբաղվել Հայաստանում: 7 տարեկանից ընտանիքով Ռուսաստան ենք գնացել: Շատ-շատ եմ ցանկացել ֆուտբոլի գնալ ու մինչև հիմա շատ եմ սիրում: Ընդհանրապես սպորտի մեծ երկրպագու եմ: Տանը շատ անգամներ վեճ է եղել, որ չեմ ուզում մարմնամարզությամբ զբաղվել, բայց, միևնույն է, ինձ ֆուտբոլի այդպես էլ չտարան (ծիծաղում է – խմբ.): Իհարկե, հիասթափություններ լինում են, բայց երբ հասուն տարիքում մեդալ ես նվաճում, արդեն ձգտում ես ավելիին: 2010-ին, երբ Եվրոպայի պատանեկան  առաջնությունում 1-ին տեղը գրավեցի, հասկացա, որ մարմնամարզությունն իմ ապագան է, իմ աշխատանքը:

-Լինում են դեպքեր, երբ անհաջողության պատճառը մրցավարական կողմնապահ վերաբերմունքն է: Ինքդ նման իրավիճակի բախվե՞լ ես:

-Շատ անգամներ են եղել: Շատ դեպքերում մրցավարը փոքր քայլը կարող է մեծի փոխարեն հաշվել, ինչի հետևանքով մարզիկը կորցնում է միավորներ: Շատ է լինում, երբ զգում ես, որ լավ ես կատարել վարժությունը, բայցև տեսնում ես, որ ցածր են գնահատել:

-Այս տարվանից Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների մարզիկների հետ հոգեբաններ են աշխատում: Որքա՞ն ես կարևորում մրցաշարերից առաջ հոգեբանական պատրաստության գործոնը: 

-Հետաքրքիր բացահայտումներ լինում են հոգեբանի հետ աշխատելիս։ Հնարավոր է՝ մարզիկը երբեք էլ դրանց վրա ուշադրություն չդարձնի, եթե հոգեբանն իր հետ չաշխատի: Սկսում ես քեզ ավելի լավ ճանաչել, բայց իմ դեպքում, կարծում եմ, մարզաձևից է կախված. ոչ մի հոգեբան չի կարող այնպես աշխատել, որ մեկնարկից առաջ լարվածություն չստեղծվի: 30 վայրկյանում է որոշվում, թե ինչ է լինելու քեզ հետ՝ սկսած վնասվածք ստանալուց: Եթե վարժությանն առավելագույնս պատրաստվես, վստահ լինես, դա կլինի հոգեբանական ամենալավ պատրաստման ձևը:

 -Արթո՛ւր, սովորել ես ՀՖԿՍՊԻ-ում։ Որքանո՞վ եք կարևորում բարձրագույն կրթությունը մարզիկի կյանքում:

-Ինձ թվում է, որ մազիկների մեծ մասն այդքան էլ լավ չի հաճախում դասերին (ժպտում է – խմբ.): Կրթությունն ու սպորտը համատեղելն իսկապես բարդ է: Եզակի դեպքեր են լինում, երբ լավ մարզիկը նաև լավ ուսանող է լինում: Ամեն դեպքում շատ լավ կլինի, որ մազիկը բարձրագույն կրթություն ստանա:

-Ի՞նչ ես կարծում, Հայաստանում մարզիկ լինելն ընկալվում է որպես մասնագիտությո՞ւն, թե՞ ապրելակերպ:

-Ֆինանսական տեսանկյունից Հայաստանում մարզիկի վարձատրությունը քիչ է, դրա համար էլ շատերը հեռանում են երկրից: Ամեն դեպքում, քո ընտրած մարզաձևը քո ապագան է, քո աշխատանքը: Եթե միայն մարզիչ ես աշխատելու, շատ աշակերտներ պետք է ունենաս ու մեկ այլ գործ... Որոշ ժամանակ ես էլ եմ մարզիչ եղել՝ մինչև կորոնավիրուսը: Հիմա չունեմ աշակերտներ, քանի որ չեմ ուզում որևէ բան շեղի Օլիմպիական խաղերին պատրաստվելուց:

 -Այսինքն՝ հնարավո՞ր է տարիներ անց սկսես մարզչական պրոֆեսիոնալ աշխատանք:  

 -Շատ հնարավոր է, որովհետև արդեն 23 տարի այս ոլորտում եմ: Ինձ որքան հիշում եմ՝ մարզադպրոցում եմ (ծիծաղում է – խմբ.), ու դա առօրյա է դարձել: Առաջին բանը, որ անում եմ տանից դուրս գալուց, մարզադպրոց գնալն է: Հստակ չեմ կարող ասել՝ ինչպես կստացվի, բայց եթե մեր փոքր սերնդին պետք լինի իրենց կողքին կլինեմ և խորհուրդներովս կփորձեմ օգնել: Կարևոր է, որ նոր մարզադպրոց ունենանք: Մարմնամարզությունը գնալով բարդանում է, հույս ունեմ՝ ես էլ կմարզվեմ նոր մարզադպրոցում: Նույնիսկ եթե այլ ոլորտում լինեմ, միշտ գալու եմ մարզադպրոց, այն իմ երկրորդ ընտանիքն է:

Զրույցը՝ Հասմիկ Հակոբյանի

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ