Այսօր

Կենդանիներին երկրորդ կյանք տվողը

  02 Հունիս 2021  215 դիտում
Կենդանիներին երկրորդ կյանք տվողը

Եթե երբևէ այցելել եք Բնության թանգարան, անշուշտ, նկատել եք կենդանիներին ու թռչուններին կերպավորող ցուցանմուշները, դրանց գեղեցկությունն ու կատարելությունը։ Իսկ մտածե՞լ եք՝ անշունչ կենդանիներին ո՞վ է երկրորդ կյանք տվողը։ Մեր զրուցակիցը Արտյոմ Հակոբյանն է, մասնագիտությամբ՝ մաշկաքանդակագործ, էությամբ՝ բնությունը սիրող և պահպանող։

«Սա հատուկ մասնագիտություն չէ. արհեստ է, ինչպես, օրինակ, դերձակությունը կամ կոշկակարությունը,- բացատրում է Արտյոմը և հավելում,- սա կարելի է նաև արվեստ համարել, որովհետև այստեղ համադրվում են քանդակագործությունն ու նկարչությունը»։

Արհեստը զուգակցվում է նաև գիտությամբ. ըստ Արտյոմի՝ անհնար է այս աշխատանքը կյանքի կոչել առանց կենսաբանության ու քիմիայի։ Արտյոմն այս գործը «ժառանգել է» հորից։ Նախկինում հայրն էր աշխատում Հայաստանի բնության պետական թանգարանում, այսօր ինքն է հոր գործի արժանի շարունակողը․

«Այս արհեստը փոքրուց սիրել եմ։ Հայրս, որ աշխատում էր, կողքին նստում, նայում էի։ Մի օր խնդրեցի՝ վստահի ինձ, ու ինքնուրույն խրտվիլակ պատրաստեմ: Տասը տարեկան էի։ Առաջին գործս ուլիկի գլուխ էր. էնքան լավ էր ստացվել, որ կարծես երկար տարիների փորձառու վարպետի աշխատանք լիներ: Հայրս էլ էր գոհ։ Ամենասիրածս գործն է, մինչև այսօր պահել եմ»,- վերհիշելով մանկական առաջին ոգևորությունը՝ պատմում է մեր հերոսը։

Արտյոմը մոտավորապես 50 գործի հեղինակ է: Թեև մաշկաքանդակագործի՝ աշխատանքային պրոցեսի ոչ այնքան հաճելի ընթացքին, մեր հերոսն իր մասնագիտությունը գրավիչ է համարում.

«Կենդանիներին երկրորդ կյանք ես պարգևում: Իսկ ավելի հաճախ, երբ որոշ կենդանիներ ուղղակի վերացման վտանգի առաջ են, դու խրտվիլակի միջոցով այդ տեսակը սերունդներին տեսնելու հնարավորություն ես տալիս»:

Թանգարանը համագործակցում է Երևանի կենդանաբանական այգու հետ, և Արտյոմի հմուտ ձեռքերով սատկած կենդանիները «անմահանում են» թանգարանում։ Ծանոթներն ու ընկերները ևս սատկած կենդանի գտնելիս միանգամից հիշում են վարպետի հասցեն։ Իր գործի ընթացքը նկարագրելիս մեր զրուցակիցը նշում է, որ իր գիտելիքի, փորձի ու հմտության աղբյուրը եթե նախկինում հայրն ու գրքերն էին, այսօր արդեն համացանցի առատ նյութերն են, որոնցից օգտվում է։

Իր մասնագիտական կայացման գործում Արտյոմը կարևորում է ինքնակրթությունն ու յուրաքանչյուր դետալի ուսումնասիրությունը.

«Ուրիշների փորձն եմ ուսումնասիրում, տեսանյութեր եմ նայում՝ հասկանալու կենդանին շարժման մեջ ո՛ր մկանն է շարժում»։ Ուսումնասիրելուց հետո վարպետն անցնում է բուն գործին։ Սկզբում փրփրապլաստով, փայտով ու երկաթով քանդակում է կենդանու մարմինը, թղթերով և այլ նյութերով ամրացնում։ Ամենաերկարատև ընթացքը քիմիական նյութերով մորթու մշակումն է։

Բանն այն է, որ միայն խրտվիլակ պատրաստելով գործը չի ավարտվում։ Յուրաքանչյուր «կենդանի» հետագա խնամքի և հոգածության կարիք ունի։ Մաշկը պարբերաբար պետք է վերամշակել, պետք է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից ու խոնավությունից։ Նման խնդիրները կարգավորվում են թանգարանի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով։

Արտյոմը նաև հումորով պատմում է իր մասնագիտությամբ չհիացողների մասին. «Եղբորս տղան կենդանի շատ է սիրում և կենդանական ծագման ոչինչ չի ուտում, տնից ուտելիք է վերցնում և շներին կերակրում: Ինձ չի սիրում իմ մասնագիտության պատճառով (ծիծաղում է): Եթե ես չեմ փորձում փրկել հիվանդ շանը սատկելուց, դա չի նշանակում, որ ես կենդանասեր չեմ։ Պարզապես ես կողմ եմ բնական ընթացքին: Դա կյանքի և բնության օրենքն է. շղթայական ռեակցիան պետք է չկտրվի»։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ