Այսօր

Չի կարելի վախենալ այն «հիմարությունից», որը եկել ու անհանգստացնում է քեզ. Գոռ Մարգարյան

  02 Հունիս 2021  457 դիտում
Չի կարելի վախենալ այն «հիմարությունից», որը եկել ու անհանգստացնում է քեզ. Գոռ Մարգարյան

Բեմադրիչ Գոռ Մարգարյանը թատերասերներին առավել հայտնի է «Մեղրի համը», «Մնաց յոթ օր», «Ամնեզիա», «Գարդենիա» և այլ ներկայացումներով: Թատերասերները հավանաբար կհիշեն նաև «Մեղրի համը» ներկայացման հաջողությունը 2014 թ. «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը, որտեղ այն հաղթող ճանաչվեց միանգամից 6 անվանակարգում: Մրցանակաբաշխությունն այս տարի էլ անտարբեր չանցավ Գոռ Մարգարյանի «12» ներկայացման կողքով: Նրան «Արտավազդ» շնորհվեց «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում: Erit.am-ի զրուցակիցը Գոռ Մարգարյանն է: Քսանից ավելի ներկայացումների ռեժիսորն օրերս հանդիսատեսի դատին հանձնեց ևս մեկը՝ Դունկան Մաքմիլանի «Թոքեր» ստեղծագործության հիման վրա ստեղծված համանուն ներկայացումը:

««Տեխնիկական» խնդիրը փոխեց իմ ճակատագիրը»

Սկզբում ուզում էի բեմում լինել, հետո հասկացա, որ կուլիսներն ինձ ավելի են գրավում:

Երբ դիմում էի Թատերական ինստիտուտ, լեզվական խնդիր ունեի: Ինձ ասացին, որ դրա պատճառով չեմ կարող դերասան դառնալ: Համառ բնավորությունս ստիպեց դիմել լոգոպեդի: Ֆանտաստիկ հաջողություն ունեցանք. 10-15 օրում ուղղեցինք լեզվական խնդիրը, որը 17 տարի ուղեկցում էր ինձ: Բայց արդեն չէի ուզում դիմել դերասանական, ընդունվեցի ռեժիսուրայի ֆակուլտետը: Այսպես կոչված՝ տեխնիկական խնդիրը փոխեց իմ ճակատագիրը:

Որևէ վայրկյան չեմ փոշմանել այդ ընտրության համար: Սիրում եմ ռեժիսորի մասնագիտությունը, մասնագիտությունն էլ՝ ինձ: Բացի այդ, ռեժիսուրայից դերասանություն և դերասանությունից ռեժիսուրա անցումը բավական հեշտ է և հաճախ հանդիպող երևույթ: Այնպես է ստացվել, որ որպես դերասան հանդես եմ եկել գործընկերներիս ներկայացումներում: Ասում են՝ լավ եմ խաղացել, բայց ես այնքան էլ համաձայն չեմ: Գոնե իմ ներկայացման («Մեղրի համը» - հեղ.) մեջ, կարծում եմ, դերս տապալեցի. 22 տարեկանում դժվար է միաժամանակ լինել և´ բեմադրիչ, և´ դերասան:

«Շարունակելն ազնիվ չէր առնվազն ինքս իմ հանդեպ». «Մեղրի համը»

Հիմա գուցե «Մեղրի համը» (հեղ.՝ Շեյլա Դիլենի) զիջում է իրենից հետո ստեղծված որոշ ներկայացումների, որոնք խաղում են երևանյան բեմերում: Բայց չեմ վախենա ասել, որ 2014-ի մրցանակաբաշխությանն այն լավագույնն էր: Այդպես համարեցին հանձնաժողովի անդամները, հանդիսատեսը, Ռուսաստանից ժամանած մասնագետները:

Ինձ համար մեծ պատիվ էր, որ Երևանում ներկայացումը նայելուց հետո Վիկտոր Ռիժակովն ինձ հրավիրեց ընթրիքի, մանավանդ որ այդ ժամանակ բավական փոքր էի հասուն ռեժիսոր լինելու համար: Պատասխանատու էր հանդիպել մի մարդու հետ, որից սովորելու շատ բան ունես, որի աշխատանքները նայում ու հիանում ես: Հանդիպման ժամանակ Ռիժակովն ասաց, որ այդ ներկայացումը նայել է բազմաթիվ երկրներում, և որ սա իր տեսած լավագույն մեկնաբանությունն է:

Ռիժակովի և մյուս գործընկերների ընտրությամբ «Մեղրի համը» ներկայացրինք նաև Բելառուսում՝ ԱՊՀ, Մերձբալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումում, որտեղ Մարիամ Ղազանչյանը՝ ներկայացման գլխավոր հերոսուհին, ճանաչվեց ֆորումի լավագույն դերասանուհի:

«Մեղրի համը» նաև Մոսկվայում ենք խաղացել: Պյոտր Ֆոմենկոյի թատրոնից հրավեր եղավ ոչ թե փառատոնի, այլ հյուրախաղերի: Հիշում եմ՝ ինչպես էի զարմացել, երբ պարոն Ղազանչյանը հարցրեց՝ ի՞նչ կասես, եթե քո ներկայացումը խաղանք Ֆոմենկոյի թատրոնում: Դա մեծ նվեր էր վերևից:

Երբ Ֆոմենկոյի հանդիսասրահն ամբողջությամբ լցվեց (անշլագ էր), նկատեցի, որ դահլիճում հայ հանդիսատես գրեթե չկա, հիմնականում ռուսներ են: Ներկայացման տևողությունը մոտ երեք ժամ է: Սպասում էի, որ ընդմիջմանը դահլիճը կիսով չափ կդատարկվի. հազիվ թե հետաքրքիր լինի օտար լեզվով ներկայացում նայելը: Բայց, ի զարմանս ինձ, մարդ չպակասեց: Երկու օրն էլ ներկայացումն ընթացավ լեփ-լեցուն դահլիճում և ավարտվեց բուռն ծափահարություններով: Այդտեղ մի քիչ մեծամտացա (ծիծաղում է - հեղ.):

Հետո որոշեցի փակել ներկայացումը: Յոթ տարի խաղացել էինք «Մեղրի համը»: Մտածեցի, որ այն իր ժամանակն արդեն ապրել է, և պետք է դադար տալ՝ թեկուզ ժամանակավոր:

Գուցե նաև դեպի ավելի հասուն երիտասարդություն անցումն էր պատճառը: Հասկացա, որ հիմա շատ հարցերի այլ կերպ եմ նայում, այլ կերպ եմ մտածում, այլ կերպ եմ տեսնում աշխարհը, հետևաբար՝ այլ կերպ եմ ստեղծագործում: Արդեն ինքս ինձ հետ «համաձայն չէի» այդ ներկայացման մեջ, որոշեցի, որ շարունակելն ազնիվ չէ առնվազն ինքս իմ հանդեպ:



«Չի կարելի վախենալ այն «հիմարությունից», որը եկել ու անհանգստացնում է քեզ»

«Մնաց 7 օր»-ը (հեղ.՝ Կարինե Խոդիկյան) կարևոր կետ է իմ կենսագրության մեջ: Կան բաներ, որ այդ ներկայացման շնորհիվ եմ գտել, հասկացել՝ թե´ որպես ռեժիսոր, թե´ որպես մարդ:

Աշխատանքային պրոցեսում երբեմն տեսարաններ էին «գալիս», որոնք ինձ հիմարություն էին թվում: Ամաչում էի մտքումս եղածը մինչև վերջ տեղափոխել բեմ:

«Մնաց 7 օր»-ը կոտրեց դա: Ներկայացման մեջ երեք դերասաններ էին, մթնոլորտը շատ ընկերական էր: Գուցե դա էր պատճառը, որ սկսեցի «բացվել» ու հասկացա, որ երբեք չի կարելի վախենալ այն «հիմարությունից», որը եկել ու անհանգստացնում է քեզ: Որովհետև դա բարդույթ է. ամեն դեպքում՝ դա պիտի տեղափոխես բեմ, ռեալիզացնես, նոր հասկանաս՝ հիմարությո՞ւն է, թե՞ ստացված տեսարան: Այդ ներկայացումն ինձ օգնեց ավելի բաց, ավելի անկաշկանդ ստեղծագործել: